Պուտինն ու Մակրոնը քննարկել են Զապորոժիեի ԱԷԿ-ի անվտանգության հարցերը |shantnews.am|
18:47 - 11 սեպտեմբերի, 2022

Պուտինն ու Մակրոնը քննարկել են Զապորոժիեի ԱԷԿ-ի անվտանգության հարցերը |shantnews.am|

shantnews.am: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակը, այդ թվում՝ Զապորոժիեի ատոմակայանի անվտանգության ապահովման հարցերը։ Այս մասին սեպտեմբերի 11-ին հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը։

Հեռախոսազրույցը կայացել է ֆրանսիական կողմի նախաձեռնությամբ։

«Մտքերի մանրամասն և անկեղծ փոխանակում է տեղի ունեցել Ուկրաինայում տիրող իրավիճակի շուրջ՝ կենտրոնանալով Զապորոժիեի ատոմակայանի  անվտանգության ապահովման հարցին։ Ռուսական կողմից ուշադրություն է հրավիրվել ուկրաինական կողմի ԱԷԿ-ի՝ օբյեկտների վրա հարձակումներին, ներառյալ ռադիոակտիվ թափոնների պահեստավորման օբյեկտի, որը հղի է աղետալի հետևանքներով»,- ասվում է հաղորդագրությունում։

Նշվում է, որ Պուտինը Մակրոնին տեղեկացրել է ատոմակայանի ֆիզիկական պաշտպանությունն ապահովելու համար Ռուսաստանի ձեռնարկած միջոցների մասին և մատնանշել է Կիևի իշխանությունների վրա ազդելու անհրաժեշտությունը՝ կայանի հրթիռակոծումը դադարեցնելու համար։ Զրույցի ընթացքում կողմերը փոխադարձ պատրաստակամություն են հայտնել Ատոմային էներգիայի միջազգային գործակալության մասնակցությամբ Զապորոժիեի ԱԷԿ-ի շուրջ ստեղծված իրավիճակի շուրջ չքաղաքականացված փոխգործակցության համար։

«Վլադիմիր Պուտինն ընդգծել է նաև, որ Ուկրաինայի անվտանգության ուժերը, օգտագործելով արևմտյան երկրներից մատակարարվող զենքերը, շարունակում են Դոնբասի քաղաքների քաղաքացիական ենթակառուցվածքի զանգվածային գնդակոծությունները, ինչի հետևանքով տուժում են խաղաղ բնակիչները»,- հավելել է Կրեմլի մամուլի ծառայությունը։

Պուտինն ու Մակրոնը քննարկել են նաև պարենային անվտանգությանն առնչվող հարցերը և վերահաստատել են այն դիրքորոշումը, որ արտահանվող հացահատիկը պետք է հասնի զարգացող երկրներ։ Կրեմլում ընդգծել են, որ կարևոր է, որ Եվրահանձնաժողովը խոչընդոտներ չստեղծի Աֆրիկայի, Մերձավոր Արևելքի ու Լատինական Ամերիկայի շուկաներ ռուսական գյուղատնտեսական արտադրանքի և պարարտանյութերի մատակարարման համար։

Երկու երկրների ղեկավարները պայմանավորվել են շարունակել երկխոսությունը տարբեր մակարդակներում բարձրացված բոլոր հարցերի շուրջ, այդ թվում՝ նախարարների։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել