Քաղաքացու օրվա տոնակատարությունների համար ծախսերը խելամտության սահմաններում պետք է լինեն. Զարուհի Բաթոյան |news.am|
16:01 - 27 ապրիլի, 2019

Քաղաքացու օրվա տոնակատարությունների համար ծախսերը խելամտության սահմաններում պետք է լինեն. Զարուհի Բաթոյան |news.am|

news.am: ՀՀ քաղաքացին արդեն իսկ այնպիսին է, ինչպիսին մենք ուզում ենք իրեն տեսնել։ Այս մասին ասաց Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը։

«Այն, որ քաղաքացին ունի բարձր քաղաքացիական գիտակցություն, մեկ տարի առաջ արդեն իսկ ապացուցել է, իսկ այս օրը մենք նշանավորում ենք այդ արթնացումը, քաղաքացուն վերագտնելու առիթը։ Հույս ունեմ, որ այս տոնը տարեցտարի լուրջ արդյունքներ կգրանցի եւ լուրջ ներդրում կունենա քաղաքացիական գիտակցության բարձրացման վրա, քանի որ առանց քաղաքացու, որը ինքը պետք է որոշի իր ճակատագիրը եւ ինքն պետք է որոշի, թե ով լինի իր իշխանությունը, մենք չենք կարող ունենալ համերաշխ հասարակություն եւ ժողովրդական պետություն»,–ասաց նա։

Հարցին՝ որպես սոցիալական ոլորտի համար պատասխանատու նախարար չի կարծում, որ 124 միլիոնը պետք է ուղղվեր սոցիալական առաջնային խնդիրների լուծմանը, նա չհամաձայնեց. «Այսօր տարեց մարդիկ, մարդիկ, որոնք տարբեր սոցիալական խնդիրներ ունեն, երիտասարդներ են, որոնք էլի իրենց դժվարություններն ունեն, բայց ուրախ են, կարեւորում են այս օրը։ Կարծում եմ, որ այդ զգացողությունները շատ կարեւոր են, իսկ քննադատողները, որոնք պնդում են, թե այս օրը կարեւոր չէ, պետք է այս մարդկանցից հարցնեն։ Իհարկե, կան բազմաթիվ սոցիալական խնդիրներ մեր երկրում, բայց դրանք մեկ օրում չեն կարող լուծվել, նույնիսկ մի քանի տարվա ընթացքում հնարավոր չէ միանգամից լուծել, լուծելու դեպքում էլ միշտ լինելու են խնդիրներ, մարդկանց կարիքները միշտ ավելանում են, մենք չենք կարող որեւէ տոնից հրաժարվել»։

Նախարարը, սակայն, համաձայն է՝ մեծ գումարներ չպետք է ուղղվեն տոնի նշմանը. «Սա չի նշանակում, թե մենք պետք է մեծ ռեսուրսներ ուղղենք տոնին։ Խելամտության սահմաններում պետք է ծախսերը լինեն»։

Զարուհի Բաթոյանը հեղափոխությունից մեկ տարի անց մարդկանց ապրելակերպի մեջ փոփոխություններ տեսնում է. «Մարդկանց ապրելակերպի մեջ փոխվել է ազատության եւ արդարության զգացումը, այսօր քաղաքացին գիտի, որ իշխանությունն իրեն չի խաբում, քաղաքացին գիտի, որ եթե որեւէ հարցով դիմի այս կամ այն գերատեսչությանը, այնտեղ հետամուտ կլինեն այս խնդրի լուծմանը»։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել