Պահանջատիրություն․ խնդիր, որն առաջնորդում է մեզ |acnis.am|
06:45 - 29 ապրիլի, 2019

Պահանջատիրություն․ խնդիր, որն առաջնորդում է մեզ |acnis.am|

acnis.am։  Հայոց ցեղասպանության 104-րդ տարելիցի օրը՝ ապրիլի 24-ին, հայ ժողովուրդը աշխարհի տարբեր անկյուններում կրկին հարգանքի տուրք մատուցեց ավելի քան մեկեւկես միլիոն անմեղ զոհերի հիշատակին։

Ինչպես յուրաքանչյուր տարի, հերթական տարելիցը դարձավ այն ժամանակահատվածը, երբ մեր քաղաքական միտքը փորձեց ոչ միայն նորովի վերաիմաստավորել ավելի քան մեկ դար առաջ տեղի ունեցածը, այլ նաեւ ձեւակերպել խնդիրներն ու նախանշել այն քայլերը, որոնք հայության համար քաղաքական կարեւոր նշանակություն ունեն հարափոփոխ այս աշխարհում։

Այդ տեսանկյունից հետաքրքիր էր հետեւել, թե արդյոք կա՞ զարգացման դրական ընթացք Հայոց ցեղասպանության պատճառների վերհանման եւ, հատկապես, դրա հետեւանքների վերացման քաղաքական գնահատականներում։

Իհարկե, ինչպես անցյալում, այսօր եւս, քաղաքացիների մեծամասնության համար բնականորեն գերիշխում է հուզական մոտեցումը մի խնդրի նկատմամբ, որը, ցավոք սրտի, դարձել է հայ ազգի ինքնության բաղկացուցիչը։

Սակայն, ակնհայտ է, որ այժմ մեզանում ավելի շատ խոսվում է Մեծ եղեռնի նկատմամբ` որպես քաղաքական խնդրի, ավելի լուրջ վերաբերմունք ցուցաբերելու անհրաժեշտության մասին։ Առանձին փորձագետներ, ինչպես նաեւ շարքային քաղաքացիների մի ստվար հատված, թերագնահատում են Հայկական հարցի (Հայ դատի) լուծման գործում Ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացի նշանակությունը եւ առաջ քաշում այլ ուղիներով ու այլ տրամաբանությամբ շարժվելու պահանջներ։

Ողջունելի է հատկապես, որ ոճիրի պատճառներին անդրադառնալիս եւ հետեւանքների վերացման մասին խոսելիս արծարծվում են դրա հոգեբանական նախադրյալները՝ թուրքական հանրության հոգեբանական կառուցվածքի վերհանումը, մեր բարոյական ներքին որակների ու առողջացման հարցերը եւ այլն։

Այդուհանդերձ, պետք է նշել, որ ներկայում Հայոց ցեղասպանությունը` որպես քաղաքական խնդիր, անկախ նրանից, թե ինչ բովանդակություն է դրվում խնդրի լուծման տակ, շարունակում է առավելապես դիտարկվել միջազգային շահերի տիրույթում։

Լինի Ցեղասպանության միջազգային ճանաչման օրակարգ, թե պահանջատիրության ու փոխհատուցման գործընթաց՝ շատ մեկնություններում շեշտադրվում են այլ երկրների քաղաքական շահերի հետ հաշվի նստելու եւ ՀՀ պետական շահերն այլոց հետ համադրելու մտքերը։

Սակայն այդ ամենի հետ մեկտեղ այսօր հանրային քննարկման հարթակում նկատելի են գլխավորապես հայոց պահանջատիրության իրավաքաղաքական հիմքերի ու գնահատականների հետ կապված այնպիսի հարցեր, որոնք չեն պայմանավորվում միջազգային ու տարածաշրջանային շահերով։

Այդ հարցերն աղերսվում են ոչ միայն եւ ոչ այնքան 1915-ի դեպքերին, որքան ժամանակային առավել մեծ ընդգրկում ունեցող իրադարձություններին։ Խոսքը, մասնավորապես, տասնամյա ժամանակահատվածի մասին է՝ սկսած 1913թ. «Իթթիհադի» առաջնորդների իրականացրած պետական հեղաշրջումից, որն իրավական տեսանկյունից իշխանության բռնազավթում էր՝ ծանր հանցագործություն ընդդեմ հայ եւ մյուս քրիստոնյա ժողովուրդների եւ նրանց ոչնչացման նախերգանքը, վերջացրած 1923թ. Լոզանի պայմանագրով, երբ քեմալականների կողմից, ի վերջո, դադարեցվեցին «անհավատների» նկատմամբ ցեղասպանական գործողությունները։

Նշված իրադարձությունների եւ բարձրաձայնվող հարցերի իրավաքաղաքական այժմյան դրվածքը բոլորովին փոխում է Հայոց ցեղասպանության խնդրի քաղաքական բովանդակությունը։ Օսմանյան պետության կողմից մի ժողովրդի դեմ հատուկ կազմակերպված ոճրագործություն լինելուց զատ` Ցեղասպանության խնդիրը ձեռք է բերում քաղաքական ավելի մեծ բեռնվածություն։

Այն դառնում է ոչ միայն հայ ժողովրդի նկատմամբ` որպես Օսմանյան պետության պետականաստեղծ ազգերից մեկի, Երիտթուրքերի եւ Քեմալական Թուրքիայի իրականացրած ցեղասպանական տեւական ակտ, այլեւ Օսմանյան պետության, Թուրքիայի Հանրապետության եւ Բոլշեւիկյան Ռուսաստանի կողմից 1918-1920թթ. Հայաստանի Հանրապետության անօրինական բռնազավթում իրականացնելու գործողություն։

Ուստի Հայոց ցեղասպանության հարցն ուղղակիորեն առնչվում է ոչ միայն ժամանակակից Թուրքիայի ու Ռուսաստանի կողմից հայ ժողովրդին հասցված բարոյական ու նյութական (գույքային, ֆինանսական) վնասները փոխհատուցելու, այլ նաեւ Հայաստանի Հանրապետության բռնազավթած տարածքները միջազգային իրավունքի ուժով վերադարձնելու խնդիրներին։

Պետք է նկատել, որ ապրումակցում ենթադրող վերաբերմունքից բացի, հայության «զինանոցում» մինչ օրս եղել է միայն վերացական ուժի ցուցադրություն ենթադրող գործիքակազմ՝ Եղեռնին նվիրված հուշահամալիրների, այլ կառույցների ու խաչքարերի մոտ լուռ կամ տարբեր երկրների թուրքական դեսպանատների դիմաց ակտիվ բողոքի ակցիաներ, կամքի ցուցադրություն խորհրդանշող` ջահերով երթ, թուրքական դրոշ այրելու ակցիա եւ այլն։

Լինելով հանդերձ զուտ հոգեբանական ինքնագոհության հասնելու գործողություններ՝ դրանք որոշակի հետեւանքներ հանրային գիտակցության մեջ, իհարկե, թողել են։ Բայց առավելագույն քաղաքական արդյունքը միշտ թողնվում էր անորոշ ապագային՝ ֆիզիկական առավել մեծ ներգրավվածության հույսին, անտեսելով իրավական ու դիվանագիտական այն հսկայական ներուժը, որն առկա է մեզանում։

Սակայն ինչպես «թավշյա» հեղափոխությունից հետո Արցախյան խնդրում ՀՀ կառավարությունն ազատ է միջազգային քաղաքականության օրակարգում բանակցություններ սկսել իրեն հարմար էջից, այնպես էլ Հայոց ցեղասպանության հարցում ճիշտ ժամանակն է արտաքին քաղաքական օրակարգ ներմուծել Հայոց ցեղասպանության հետեւանքների վերացման խնդիրը։

Այդ գործում առաջնային նշանակություն ունի պահանջատիրության քաղաքական օրակարգ ձեւակերպելու` հայ հանրության ունակությունը։ Ապրիլի 27-ին նշվող «Քաղաքացու օրը» լավագույն պատեհությունն է` ամեն տարի ապրիլքսանչորսյան լուռ ապրումակցումից անցում կատարելու դեպի ազգային-պետական խնդիրները՝ իրավաքաղաքական ճանապարհով վերականգնելու թուրքական յաթաղանով «գլխատված» մեր արժանապատվությունը։ Այդ գործում իրավական հիմքերն առավել քան բավարար են, բացակայում է սոսկ կառավարության դատին ներկայացվող հանրային պահանջի փաթեթը


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել