Գորիս-Վիեն քույր քաղաքների համագործակցությունը չի տուժի սանձազերծված ագրեսիայից․ ՀՀ ԱՆ
20:10 - 18 սեպտեմբերի, 2022

Գորիս-Վիեն քույր քաղաքների համագործակցությունը չի տուժի սանձազերծված ագրեսիայից․ ՀՀ ԱՆ

Գորիս-Վիեն քույր քաղաքների համագործակցությունը չի տուժի սանձազերծված ագրեսիայից։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱՆ-ից։
 
«Հայ-ֆրանսիական կապերի ամրապնդմանը և Սյունիքի մարզում առողջապահական ծրագրերի իրականացմանն ուղղված հանդիպումը կայացել է, սակայն այլ ձևաչափով։
 
Առողջապահության նախարարի տեղակալ Արտակ Ջումայանը Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Անն Լույոյի, Վիենի քաղաքապետ, Օվերն-Ռոն-Ալպեր շրջանի փոխնախագահ Տիերի Կովաքսի և Վիենի փոխքաղաքապետ Լևոն Սաքունցի հետ քննարկել է ոչ միայն քույր քաղաքների, այլև ֆրանսիական Օվերն-Ռոն-Ալպեր շրջանի և Սյունիքի մարզի միջև հետագա համագործակցությունը։
 
Նշվել է, որ այսուհետև առողջապահությունը, որպես սոցիալական կարևորագույն ոլորտներից մեկը, ներառված կլինի փոխգործակցության ծրագրերում։ Խոսվել է նաև Գորիսի պոլիկլինիկային ուղղված ֆինանսական աջակցության մասին։
 
Առաջիկայում կստեղծվի աշխատանքային խումբ, որը, վերհանելով խնդիրները, կմշակի ավելի երկարատև և մասշտաբային համագործակցության փաթեթ։
 
Պաշտոնյաներն այցելել են Երևանի բժշկական կենտրոններից մեկում Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի հետևանքով բուժում ստացող անձանց, մաղթել շուտափույթ ապաքինում։
 
Արտակ Ջումայանը շնորհակալություն է հայտնել դեսպան Անն Լույոյին և ֆրանսիացի գործընկերներին իրենց հանձնառության և գործադրած ջանքերի համար»,- նշված է հաղորդագրության մեջ։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել