ԱՄՆ պետքարտուղարությունն ու Ադրբեջանի ԱԳՆ-ն հաղորդագրություններ են տարածել Միրզոյան-Բլինքեն-Բայրամով հեռախոսազրույցի վերաբերյալ
09:50 - 05 հոկտեմբերի, 2022

ԱՄՆ պետքարտուղարությունն ու Ադրբեջանի ԱԳՆ-ն հաղորդագրություններ են տարածել Միրզոյան-Բլինքեն-Բայրամով հեռախոսազրույցի վերաբերյալ

ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Նեդ Փրայսը հաղորդագրություն է տարածել ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի և ՀՀ ու Ադրբեջանի արտգործնախարարներ Արարարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի եռակողմ հեռախոսազրույցի մասին։

Նշվում է, որ Բլինքենը ԱՄՆ երախտագիտությունն է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի կողմից կայուն խաղաղության համաձայնագրի ձեռքբերման ուղղությամբ ձեռնարկվող դրական քայլերի համար։ 

«Մեկ շաբաթվա ընթացքում, որը նշանավորվեց չափազանց մեծ բռնություններով, ներառյալ հայ զինծառայողների և ադրբեջանցի խաղաղ բնակիչների՝ ականների պայթյունների հետևանքով մահերը, նա ողջունել է հոկտեմբերի 2-ին նախարարների հանդիպումը՝ որպես կարևոր առաջընթաց խաղաղ գործընթացում:

Պետքարտուղարը ողջունել է ռազմագերիների ազատ արձակումը և վերահաստատել մեր հանձնառությունը՝ օգնելու Հայաստանին և Ադրբեջանին լուծել խնդիրները խաղաղ ճանապարհով, և ընդգծել, որ դիվանագիտությունը միակ ճանապարհն է»,- նշված է հաղորդագրության մեջ։

Հեռախոսազրույցի մասին հաղորդագրություն է տարածել նաև Ադրբեջանի ԱԳՆ-ն։ Նշվում է, որ Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը վերահաստատել է, որ «Ադրբեջանը հավատարիմ է տարածաշրջանում խաղաղության ու կայունության ապահովմանը և պատրաստ է խաղաղության պայմանագիր կնքել»։ Ինչ վերաբերում է Արցախին, ապա ըստ Ադրբեջանի ԱԳՆ հաղորդագրության՝ Բայրամովը նշել է, թե «հետկոնֆլիկտային շրջանում կշարունակվեն աշխատանքները՝ Ադրբեջանի Ղարաբաղի շրջանում բնակվող հայերի վերաինտեգրման ուղղությամբ»։

Հեռախոսազրույցի մասին տեղեկացրել էր նաև ՀՀ ԱԳՆ-ն՝ ի թվիս այլնի՝ նշելով, որ զրուցակիցները մտքեր են փոխանակել Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագրի մշակման ու Ստեփանակերտի և Բաքվի միջև քննարկումների մեխանիզմի ստեղծման վերաբերյալ:

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել