Լուրջ հիվանդություններով բանակ զորակոչվելուց 8 օր անց Արեգը մահացել է. ՄԻԵԴ-ը Հայաստանի դեմ վճիռ է կայացրել
 |hetq.am|
18:04 - 11 հոկտեմբերի, 2022

Լուրջ հիվանդություններով բանակ զորակոչվելուց 8 օր անց Արեգը մահացել է. ՄԻԵԴ-ը Հայաստանի դեմ վճիռ է կայացրել |hetq.am|

hetq.am: Հայաստանի Հանրապետությունը խախտել է ժամկետային զինծառայող Արեգ Մալխասյանի կյանքի իրավունքը` առողջական լուրջ խնդիրներով զորակոչելով ժամկետային ծառայության: Կյանքի իրավունքի խախտման փաստն արձանագրելով՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանն (ՄԻԵԴ) այսօր Հայաստանի դեմ վճիռ է կայացրել` պարտադրելով Կառավարությանը մահացած զինծառայողի ընտանիքին վճարել 35 000 եվրո ոչ նյութական վնասի, իսկ 2500 եվրո` կատարած ծախսերի համար:

Արեգ Մալխասյանը Արաբկիրի զինվորական կոմիսարիատից ժամկետային զինվորական ծառայության է զորակոչվել 2009թ. հունիսի 26-ին: Զորակոչվելուց 8 օր անց` հուլիսի 4-ին, շարքային Արեգ Մալխասյանի ինքնազգացությունը վատացել է, կորցրել է գիտակցությունը, և տեղափոխվել Արցախի Մեխակավանի զինվորական հոսպիտալ, որտեղ վերջինիս մոտ ախտորոշվել է կլինիկական մահ:

2009թ. հուլիսի 5-ին նրան տեղափոխել են Երևան: Կատարված շտապ դիագնոստիկ հետազոտությունների արդյունքում նրա մոտ ախտորոշվել է «վիճակ սիրտ-թոքային վերակենդանացումից հետո, գլխուղեղի այտուց, կոմա, երկկողմանի ասպիրացիոն թոքաբորբ, կայացած ստամոքս-աղիքային արյունահոսություն»: Հիվանդի վիճակը գնահատվել է կրիտիկական և այդ ուղղությամբ ձեռնարկվել են վերակենդանացման միջոցառումներ, որոնք արդյունք չեն տվել և նույն օրը՝ ժամը 20:25-ին, գրանցվել է նրա կենսաբանական մահը:

Ժամկետային զինծառայող Արեգ Մալխասյանի մահվան կապակցությամբ 2009թ. հուլիսի 4-ին Պաշտպանության նախարարության քննչական թիվ 2 կայազորային քննչական բաժնում ՀՀ հարուցվել է քրեական գործ` քրեական օրենսգրքի 376-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (Ծառայության նկատմամբ պետի կամ պաշտոնատար անձի անփույթ վերաբերմունքը, որը պատճառել է էական վնաս):

Քրեական գործի շրջանակներում Արեգ Մալխասյանի հայրը՝ Աշոտ Մալխասյանը, որպես վկա ցուցմունքներ է տվել այն մասին, որ իր հիվանդ որդուն անօրինական կերպով են զորակոչել բանակ: Այդ ապօրինությունը կանխելուն ուղղված իր ջանքերը անտեսվել են Արաբկիրի զինվորական կոմիսար Ա.Ուլիխանյանի ու զինկոմիսարիատի բժիշկների կողմից, և իր նկատմամբ դրսևորվել է արհամարհական վերաբերմունք:

Աշոտ Մալխասյանը հայտնել է, որ երբ որդուն 2009թ. հունիսի 26-ին զինկոմիսարիատից տեղափոխել են կենտրոնական հավաքակայան՝ իրենց միակ հույսն այն է եղել, որ այնտեղ տեսնելով բոլոր բժշկական փաստաթղթերը՝ նրան չէին զորակոչի: Սակայն, ինչպես հետո է իմացել, իրենց ներկայացրած բոլոր բժշկական փաստաթղթերն Արեգ Մալխասյանի անձնական գործից բացակայել են, և որդուն զորակոչել են:

Զինծառայողի հայրը հայտնել է, որ իրենք չեն իմացել, որ որդին սրտի հետ կապված խնդիրներ ունի, սակայն հայտնի է եղել, որ ունի ստամոքսի հետ կապված՝ բժիշկների կողմից ախտորոշված հիվանդություններ, ինչն անտեսվել է Արաբկիրի զինկոմիսարիատի բժիշկների և հատկապես՝ Արաբկիրի զինկոմ Ա. Ուլիխանյանի կողմից: Վերջինս նույնիսկ չի ցանկացել ուղեգիր տալ հետազոտություններ անցնելու համար:

Այն դեպքում, երբ Արեգի համապատասխան բժշկական փաստաթղթերը ներկայացվել էր, որ ի թիվս այլ հիվանդությունների, տղան ունի «Մելլորի-Վեյսի համախտանիշ, կայացած ստամոքս-աղիքային արյունահոսություն» հիվանդությամբ: Նրա մոտ արձանագրվել է «Կատարալ էզոֆագիտ, մակերեսային գաստրիտ, բուլբիտ, ստամոքսի անտրալ հատվածի եզակի էրոզիաներ, ստոծանու կերակրափողային անցքի ոչ մեծ սահող ակսիալ ճողվածք», ինչպես նաև «առկա է եղել կարդիոսկլերոզ, կորոնարոսկլերոզ, սակայն նա եղել է ծածկընթաց և առանց ֆունկցիոնալ փոփոխությունների»:

Աշոտ Մալխասյանն իր ցուցմունքում նշել է, որ «Մելլորի-Վեյսի» համախտանիշը և դրա հետ կապված հիվանդություններն ախտորոշած բժիշկներն իրեն և որդուն պարզաբանել էին, որ նման հիվանդները պետք է պահպանեն խիստ դիետա և ընդունեն համապատասխան դեղորայք: Ընդ որում՝ դա կարող է մարդուն ուղեկցել ողջ կյանքի ընթացքում:

Շարունակությունը՝ hetq.am-ում։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել