Քննարկվում է հայկական կողմից հայ-ադրբեջանական սահմանին ԵԱՀԿ դիտորդներ գործուղելու թեման․ Արարատ Միրզոյան
15:54 - 18 հոկտեմբերի, 2022

Քննարկվում է հայկական կողմից հայ-ադրբեջանական սահմանին ԵԱՀԿ դիտորդներ գործուղելու թեման․ Արարատ Միրզոյան

Քննարկվում է նաեւ մեր սահմանագծին՝ հայկական կողմից հայ-ադրբեջանական սահմանին ԵԱՀԿ դիտորդներ գործուղելու թեման։ Շատ մոտ ապագայում այս մասով եւս հստակություն կունենանք։ Այս մասին հայտնեց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Նորվեգիայի իր գործընկերոջ՝ Աննիկեն Հյութֆիլդտի հետ մամուլի ասուլիսի ընթացքում:

«Ինչ վերաբերում է ՀԱՊԿ դիտորդներին, ինչպես գիտենք, մենք դիմել ենք կազմակերպությանը, որին անդամակցում ենք, եւ որոշում է կայացվել նախնական դիտորդական փաստահավաք առաքելություն ուղարկել, եկել են այդ պաշտոնյաները եւ իրենց արձանագրումների հիման վրա զեկույց են պատրաստել, զեկույցը ներկայացված է բոլոր անդամ պետություններին, քարտուղարությունը զեկույցի հիման վրա որոշման նախագիծ է շրջանառել։

Մենք բանավոր քննարկումների միջոցով փորձել ենք հասկանալ մինչ այս պահը գոնե՝ երբ կարող է տեղի ունենալ ՀԱՊԿ խորհրդի բարձրագույն մարմնի այս նիստը, որտեղ երկրների ղեկավարները կարող են քննարկել նաեւ նոր դիտորդական առաքելության գործուղումը․ այս փուլում ենք այժմ․ որոշում չկա, քննարկումներ կան, պետք է տեղի ունենա խորհրդի նիստ։ Ուզում եմ ընդգծել, որ իրավիճակի քաղաքական գնահատականը, որով հանդես կգա մեր դաշնակից պետությունները, բայց նախ եւ առաջ կարեւոր է հասկանալ՝ որքանով է կազմակերպությունը ճանաչում այն իրավիճակը, որը կա, եւ այն է՝ ագրեսիա Հայաստանի դեմ եւ ներխուժում ՀՀ սուվերեն տարածք»,- ասել է Միրզոյանը։ 

ՀՀ ԱԳ նախարարը անդրադարձել է նաև ԵՄ դիտորդական առաքելությունից ՀՀ ակնկալիքներին․

«ԵՄ դիտորդական առաքելությունից ակնկալիքները փոփոխության չեն ենթարկվել․ մենք ակնկալում ենք միջազգային մասնակցություն, դերակատարաում Հարավային Կովկասում եւ, մասնավորապես, Հայաստան-Ադրբեջան սահմանին խաղաղության հաստատման գործում, սա լայն իմաստով, իսկ եթե մասնավորեցնենք, մեր ակնկալիքներն են, որ առաքելությունը որոշակի փաստահավաք մաս ունենա, որոնք կվկայեն, որ ՀՀ պնդումները, որ տեղի է ունեցել ագրեսիա ՀՀ ինքնիշխան տարածքի վրա, եւ կա ադրբեջանական զորքերի ներթափանցում ՀՀ միջազգայնորեն ճանաչված տարածք, համապատասխանում են իրականությանը, բայց նաեւ, իհարկե, այս առաքելությանը պետք է վերագրենք հետագա նոր ագրեսիայի կանխման կարեւոր առաքելությունն եւ լայն իմաստով կայուն խաղաղության հաստատումը, հույս ունեմ՝ Եվրամիությունից եկող այս առաքելությունը դերակատարում կունենա այս հարցում։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել