Արդարադատության միջազգային դատարանը վերահաստատել է, որ Ադրբեջանի կողմից գերեվարված էթնիկ հայերը շարունակում են մնալ անվերականգնելի վնասի ենթարկվելու լուրջ վտանգի առջև
18:45 - 20 հոկտեմբերի, 2022

Արդարադատության միջազգային դատարանը վերահաստատել է, որ Ադրբեջանի կողմից գերեվարված էթնիկ հայերը շարունակում են մնալ անվերականգնելի վնասի ենթարկվելու լուրջ վտանգի առջև

2022 թվականի հոկտեմբերի 12-ին Արդարադատության միջազգային դատարանը կայացրել է որոշում Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին կոնվենցիայի շրջանակներում քննվող Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով իր՝ 2021 թվականի դեկտեմբերի 7-ի միջանկյալ միջոց կիրառելու մասին որոշման փոփոխության մասին Հայաստանի խնդրանքի վերաբերյալ: Այս մասին հայտնում են Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչի գրասենյակից: 
 
«2022 թվականի հոկտեմբերի 12-ի որոշման մեջ Դատարանը վերահաստատեց, որ «իրավիճակը, որը գոյություն ուներ 2021 թվականի դեկտեմբերի 7-ի որոշման արձակման ժամանակ, շարունակվում է», և որ Ադրբեջանի կողմից գերեվարված էթնիկ հայերը շարունակում են մնալ անվերականգնելի վնասի ենթարկվելու լուրջ վտանգի առջև։
 
Համապատասխանաբար, Դատարանը նաև հաստատեց, որ իր 2021 թվականի դեկտեմբերի 7-ի հրամանը պարտավորեցնում է Ադրբեջանին պաշտպանել «ցանկացած անձի, որը գերեվարվել է կամ կարող է գերեվարման ենթարկվել ցանկացած ռազմական գործողությունների ժամանակ, որոնք հանդիսանում են 2020 թվականի հակամարտության վերսկսված բռնկում»:
 
Այսպիսով, Ադրբեջանը պարտավորված է պաշտպանել բոլոր հայերին, որոնք գերեվարվել են ինչպես 2022 թվականի սեպտեմբերին Հայաստանի ինքնիշխան տարածքի վրա Ադրբեջանի զինված հարձակման, այնպես էլ ապագայում ցանկացած հնարավոր առնչվող հակամարտության ժամանակ:
 
Հայաստանը կոչ է անում Ադրբեջանին՝ խստորեն հետևել և արդյունավետ կերպով կատարել Դատարանի որոշումները, այդ թվում՝ 2022 թվականի սեպտեմբերին Ադրբեջանի հարձակման հետևանքով անհետ կորած 29 հայերի առնչությամբ։
 
Հայաստանը նաև նշում է, որ Ադրբեջանը պատասխանատվության կենթարկվի հայ ռազմագերիների և այլ կալանավորների նկատմամբ իրականացված բոլոր վայրագությունների համար՝ համաձայն Դատարանի երկու որոշումների», - նշված է հաղորդագրության մեջ։
 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել