Անսպասելի երրորդ երկրներ աջակցում են ադրբեջանական մեկնաբանությանը. Միրզոյանը՝ Ադրբեջանի՝ «միջանցքի ցանկության» մասին |armenpress.am|
23:21 - 20 հոկտեմբերի, 2022

Անսպասելի երրորդ երկրներ աջակցում են ադրբեջանական մեկնաբանությանը. Միրզոյանը՝ Ադրբեջանի՝ «միջանցքի ցանկության» մասին |armenpress.am|

armenpress.am: Հայաստանի տարածքով արտատարածքային կարգավիճակին կամ դրան բնորոշ առանձին կարգավորումներով միջանցքի մասին խոսք լինել չի կարող: Այս մասին դիրքորոշումը վերահաստատեց ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի հետ համատեղ ասուլիսում։

Արարատ Միրզոյանը  հիշեցրեց, որ 2020-ի նոյեբերի 9-ի եռակողմ հայտարությամբ և դրան հաջորդած մյուս եռակողմ հայտարարություններով ընդգծվել է նաև տարածաշրջանի տրանսպորտային և տնտեսական ենթակառուցվածքների ապաշրջափակման կարևորությունը: 
 
«Այս բոլոր ենթակառուցվածքների ապաշրջափակման համատեքստում այդ հայտարարություններում ընդգծվում է նաև Ադրբեջանի հիմնական մասի և Նախիջևանի միջև տրանսպորտային հաղորդակցության հաստատումը: Մենք եռակողմ աշխատանքային խմբի ֆորմատում մասնակցում ենք այդ քննարկումներին: Եվ մենք, ինչպես նախկինում բազմիցս հայտարարել ենք, պատրաստ ենք բացել ճանապարհները նաև ադրբեջանական ուղևորափոխադրումների և բեռնափոխադրումների համար՝ անշուշտ ամրագրելով և կասկածի տակ չդնելով, որ բոլոր բացվելիք և նոր կառուցվելիք ենթակառուցվածքները պետք է մնան ու գործեն այն երկրների սուվերենության ներքո, գործեն այն երկրների օրենսդրության համաձայն, որոնց տարածքով անցնում են, այդ թվում և այն ճանապարհը, որով ադրբեջանցիները կարող են Ադրբեջանից հասնել Նախիջևան»,-ասաց Միրզոյանը:
 
Ըստ նրա՝ Հայաստանը կարծում է, որ կարող են լինել ավելի արդիական լուծումներ այս հարցում, ինչպես օրինակ բեռների էլեկտրոնային հայտարարագրումն է: Սակայն հիմնական պահանջը, որ հայկական կողմն ունի այս հարցում, այն է, որ ճանապարհը պետք է մնա Հայաստանի սուվերենության ներքո և գործի ՀՀ օրենսդրության ներքո: 
 
«Ցավոք սրտի, մենք հանդիպում ենք Ադրբեջանի անզիջում վարքագծին այս հարցում: Եվ կարող եմ ասել նաև, որ տեսնում ենք այլ երրորդ երկրներ, երբեմն նույնիսկ անսպասելի երրորդ երկրներ աջակցում են այս ճանապարհի՝ ադրբեջանական մեկնաբանությանը: Բազմիցս ասել ենք, որ արտատարածքային կարգավիճակին կամ դրան բնորոշ առանձին կարգավորումներով Հայաստանի տարածքով միջանցքի մասին խոսք լինել չի կարող»,-ընդգծեց Միրզոյանը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել