tert.am: Դավիթ Սանասարյանի մասնակցությամբ կատարվել են մի շարք քննչական գործողություններ: Այս մասին ասաց նրա պաշտպաններից Արսեն Սարդարյանը: Նա ընդգծեց, որ չի կարող ասել, թե կոնկրետ ինչ գործողություններ են արվել՝ ելնելով նախաքննության գաղտնիությունից:
«Ցավոք, արգելք կա: Մենք շատ կուզեինք, որ այս գործը ավելի հրապարկային ընթանար, և հասարակությունն ամբողջությամբ տեղեկացված լիներ, քանի որ մեր վստահորդը ակնհայտ անմեղ է և այդ գաղտնիությունը ինչ-որ տեղ ստվերում է նրա հեղինակությունը: Բայց ժամանակը գալու է, ամբողջ նյութերը հրապարակելու ենք և որևէ անձի մոտ կասկած չի մնալու, որ Դավիթ Սանասարյանը հայրենասեր, ազնիվ մարդ է և որևէ արատավոր քայլ չի կատարել: Պարոն Սանասարյանը ամենապարտաճանաչ վարույթ իրականացնող մարմինը ներկայացող անձանցից է, հարգում է ՀՀ օրենսդրությունը»,-նշեց պաշտպանը:
Նա նաև անդրադարձավ գլխավոր դատախազին ներկայացված դիմում-բողոքին, որով պահանջում են վերացնել Սանասարյանին որպես մեղադրյալ ներգրավելու և նրա պաշտոնավարությունը ժամանակավոր դադարեցնելու վերաբերյալ նախաքննական մարմնի որոշումը, և գործը ԱԱԾ քննչական դեպարտամենտից ուղարկել այլ քննչական ծառայություն: Նա ասաց, որ կարծում է՝ Գլխավոր դատախազությունը մի քանի օր կքննարկի այն, պատշաճ քննության պարագայում պետք է նաև գործի նյութերը պահանջի, որպեսզի համեմատի բողոքում բարձրաձայնված հարցի հետ և կարողանա պատճառաբանված որոշում կայացնել:
Իր հերթին ՀՀ Գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը Tert.am-հետ զրույցում նշեց, որ ստացել են Դավիթ Սանասարյանի պաշտապանների դիմում-բողքը, այժմ այն քննարկման փուլում է:
comment.count (0)