news.am: Հռոմի պապ Ֆրանցիսկոսը միացել է Կոլիզեյում այլ կրոնական առաջնորդներին, որպեսզի խաղաղության եւ «միջուկային մղձավանջի» դադարեցման կոչ անի, քանի որ ուժեղանում են մտավախությունները, որ Ուկրաինայում պատերազմը միջուկային զենքի օգտագործման կարող է հանգեցնել:
Հին հռոմեական արենայում տեղի ունեցած արարողությունը եզրափակել է ամբողջ աշխարհում խաղաղության աջակցությանը նվիրված համաժողովը: Վատիկանի հետ սերտ կապեր ունեցող կաթոլիկ բարեգործական Սանտ Էգիդիո համայնքը եռօրյա միջոցառում է կազմակերպել Իտալիայի մայրաքաղաքում։
Պապը նշել է, որ ուղիղ 60 տարի առաջ՝ ամերիկա-ռուսական կուբայական հրթիռային ճգնաժամի ժամանակ, Հռոմի պապ Հովհաննես 23-րդը կառավարության ղեկավարներին կոչ է արել փրկել աշխարհը միջուկային աղետից։
«Վաթսուն տարի անց այս խոսքերը առաջվա պես տպավորում են մեզ իրենց արդիականությամբ,- ասել է Ֆրանցիսկոսը,- Ես դրանք դարձնում եմ իմը: Այսօր աշխարհը կոպտորեն խաթարված եւ ոտնահարված է, եւ դա Եվրոպայում, այն նույն մայրցամաքում, որը անցյալ դարում երկու համաշխարհային պատերազմների սարսափներ է ապրել:
«Այսօր, ըստ էության, ծագել է ուղղակի սպառնալիք, ինչից մենք վախենում էինք եւ հույս ունեինք, որ այլեւս երբեք չենք լսի միջուկային զենքի կիրառման մասին, որը նույնիսկ Հիրոսիմայից եւ Նագասակիից հետո շարունակել են սխալմամբ արտադրել ու փորձարկել»,- ասել է Հռոմի պապը՝ նկատի ունենալով ԱՄՆ միջուկային ներուժը։
Նա ասել է, որ չնայած այսօր աշխարհի շատ մասերում տեղի ունեցող պատերազմներին, «խաղաղության կոչը հնարավոր չէ ճնշել։ «Դա ելնում է մայրերի սրտերից, այն խորապես դրոշմված է փախստականների, տեղահանված ընտանիքների, վիրավորների ու մահացողների դեմքերին»,- նշել է նա:
Արարողությունն ավարտվել է Հռոմի պապի եւ այլ կրոնական առաջնորդների կողմից խաղաղության կոչի բարձրաձայն ընթերցմամբ: Ֆրանցիսկոսը եւ ներկա կրոնական ներկայացուցիչները ստորագրել են փաստաթուղթը։ «Քանի դեռ ուշ չէ, թող ակտիվանան բանակցությունները, որոնք կարող են հանգեցնել արդար լուծումների՝ կայուն եւ ամուր խաղաղության համար»,- ասվում է կոչում։
«Խաղաղությունը սուրբ է: Մարդկությունը պետք է վերջ դնի պատերազմներին, այլապես պատերազմը վերջ կդնի մարդկությանը»,- ասվում է դրանում: Ուղերձում աշխարհին կոչ է արվում «ազատվել միջուկային մղձավանջից»՝ հանուն ապագա սերունդների։
comment.count (0)