Ես կցանկանամ, որ այն կնքվի մինչև այս տարեվերջ․ Փաշինյանը՝ խաղաղության պայմանագրի կնքման մասին
17:33 - 26 հոկտեմբերի, 2022

Ես կցանկանամ, որ այն կնքվի մինչև այս տարեվերջ․ Փաշինյանը՝ խաղաղության պայմանագրի կնքման մասին

Ես ցանկանում եմ և կցանկանամ, որ այն կնքվի մինչև այս տարեվերջ։ Ինչքանով է դա իրատեսական․ ես այդ հարցին կպատասխանեմ հետևյալ կերպ։ Ես և Կառավարությունը բոլոր հնարավոր ջանքերը կգործադրենք, որ դա լինի իրատեսական։ Այս մասին ԱԺ հարցուպատասխանի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավոր Լուսինե Բադալյանի հարցերին, թե հնարավո՞ր է, որ մինչև տարեվերջ խաղաղության պայմանագիր կնքվի և որքանո՞վ է այդ պայմանագիրը նշանակում բարեկամություն թշնամիների հետ։ 

«Կա մի կարևոր հանգամանք, որ մենք հույս ունենք, և դա կարևոր նրբություն է, որ մինչև խաղաղության պայմանագրի ստորագրումը ավարտված լինեն դելիմիտիացիայի աշխատանքները։ Ինչքանով է դա իրատեսական։ Եթե հաշվի առնենք, որ Պրհաայում մենք պայմանավորվածություն ենք ձեռք բերել, որ դա տեղի է ունենալու 1991թվականի սահմանների հիման վրա, դա կարող է լինել իրատեսական, որովհետև այդ սամանները, ըստ էության, հայտնի են։

Շատ կարևոր է նաև հետևյալ հանգամանքը․ ինչպես նախկինում նշել ենք, պետք է միջազգայնորեն տեսանելի երկխոսություն սկսվի ԼՂ-ի և Ադրբեջանի միջև, և սա շատ կարևոր հանգամանք է, և ԼՂ հայության իրավունքների և անվտանգության և պաշտպանության որոշակի տեսանելի մեխանիզմներ պետք է լինեն։ Շատ լավ կլինի և շատ գոհ կլինեմ, եթե մենք կարողանանք դա անել։ Մեր կողմից մենք պատրաստ ենք գործադրել առավելագույն ջանքերը, որ ձեր ասածը տեղի ունենա»,- ասաց Փաշինյանը։ 

Անդրադառնալով պատգամավորի՝ «բարեկամություն թշնամիների հետ» ձևակերպմանը, Փաշինյանը ասաց․ 

«Ձեր հարցի մեջ մի երանգ կար, թշնամանք, թշնամություն և այլն։ Ես այս ամբիոնից դեռևս նախորդ տարվա սկզբին եմ այդ հարցին պատասխանել, թշնամանքը և ընդհանրապես իրավիճակը պետք է կառավարվի, որովհետև եթե դա կառավարելի չէ, դա իր հետ կարող է բերել միայն վնաս։ Ավելի բարձր հայտարարություններ, ցավոք կամ բարեբախտաբար, ես չեմ կարող անել, բայց որ ամեն ինչը պետք է կառավարվի, այդ թվում՝ թշնամանքը, դա ինձ համար փաստ է»։

Փաշինյանը անդրադարձավ նաև երկրների՝ միմյանց տարածքային ամբողջականություն ճանաչելուն․

«Ինչպես ենք մեկնաբանում տարածքային ամբողջականություն ճանաչելը։ Մենք հղում ենք անում 1992 թ․-ի փետրվարին ՀՀ գերագույն խորհրդում վավերացված փաստաթղթի վրա։ Մենք հղում ենք անում մի փաստաթղթի, որը ՀՀ օրենսդրության մաս է։ Այսինքն՝ ՀՀ օրենք է։ Եվ այդ փաստաթուղթը ընդունվել է այն ժամանակ, երբ այսօրվա մի շարք պատգամավորներ եղել են ընդունող մարմինի անդամ, պատգամավոր։

Արցախի հետ կապված ես ասել եմ մի քանի անգամ, որ ԼՂ հարցի կարգավորման Մադրիդյան սկզբունքները ճանաչելով դա ճանաչած իշխանությունը Ղարաբաղը ճանաչել է Ադրբեջանի մաս։ Ես դրա մասին բավական ծավալուն ելույթ եմ ունեցել այս ամբիոնից և կետ կետ բացատրել եմ։ Ուշադրություն հրավիրեցի այն հանգամանքի վրա, որ այդ ելույթին որևէ բովանդակային պատասխան չի եղել, բայց իմ երկրորդ հայտարարությունից հետո վերանգրեր տեսա, բայց, ճիշտն ասած, չբացեցի, որովհետև ինչպես ասում են՝ արձագանքելու ժամանակը վաղուց անցել էր»,- նշեց վարչապետը։ 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել