ՌԴ-ն անում է հնարավորը Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների ամբողջական և համապարփակ կարգավորման հասնելու համար․ Պուտին
15:03 - 28 հոկտեմբերի, 2022

ՌԴ-ն անում է հնարավորը Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների ամբողջական և համապարփակ կարգավորման հասնելու համար․ Պուտին

Ռուսաստանը անում է հնարավորը Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների ամբողջական և համապարփակ կարգավորման հասնելու համար։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 28-ին, ՀԱՊԿ-ի՝ Հայաստանին օգնություն տրամադրելու հարցով նիստի ժամանակ հայտարարեց ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։ 

«Ռուսաստանը ավանդաբար միշտ ուշադրություն է դարձրել այդ ուղղությամբ կայունությանը և վաղ ժամանակներից աջակցել է մեր հայ ընկերներին՝ հայ ժողովրդի անվտանգության ապահովման գործում։ Այսօր էլ մենք անում ենք հնարավորը Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների ամբողջական և համապարփակ կարգավորման հասնելու համար։ Ե՛վ Ադրբեջանը, և՛ Հայաստանը ոչ վաղ անցյալում, ինչպես և Ռուսաստանը, բոլորս մեկ պետության մաս էինք։ Մենք շատ կապեր ունենք և՛ Երևանի, և՛ Բաքվի հետ, և դա հաշվի չառնելը պարզապես անհնար է։ Իհարկե, բոլորս էլ բավականին ծանր վիճակում ենք։ Բայց, իհարկե, մենք չենք կարող անմասն մնալ Ռուսաստանին բարեկամ պետությունների միջև առկա խնդիրներից ու հակասություններից և միշտ պատրաստ ենք նպաստել դրանց խաղաղ կարգավորմանը»,- ասաց ՌԴ նախագահը։

Վլադիմիր Պուտինը նշեց, որ դեպի խաղաղություն տանող միակ հնարավոր և իրատեսական ճանապարհը կարող է լինել Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների համատեղ հայտարարությունների բոլոր դրույթների խստիվ պահպանումը։ 

«Հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման, տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման և հումանիտար խնդիրների լուծման վերաբերյալ այս պայմանավորվածությունների հետևողական իրականացման շնորհիվ է, որ հնարավոր է հասնել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կայուն կարգավորման։ Հարցն այն է, թե ինչպես գտնել այս լուծումները, դա հեշտ չէ, բայց դրանք հնարավոր է գտնել միայն այս ճանապարհով: Ապագայում դա թույլ կտա հասնել խաղաղության պայմանագրի»,- եզրափակեց ՌԴ նախագահը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել