Հայաստանն ու Ադրբեջանը պետք է բանակցեն այն ձևաչափով, որն առավել օգտակար է նրանց համար. Փրայս
 |1lurer.am|
13:19 - 29 հոկտեմբերի, 2022

Հայաստանն ու Ադրբեջանը պետք է բանակցեն այն ձևաչափով, որն առավել օգտակար է նրանց համար. Փրայս |1lurer.am|

1lurer.am: Հայաստանի և Ադրբեջանի նկատմամբ ԱՄՆ մտադրությունների վերաբեյալ շարունակվում է ապատեղեկատվություն տարածվել, այդ թվում՝ Մոսկվայից: Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Նեդ Փրայսը՝ պատասխանելով հարցին, թե արդյո՞ք կա Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման վաշինգտոնյան տարբերակ։ 

«Հարավային Կովկասի երեք երկրների, այդ թվում՝ Հայաստանի և Ադրբեջանի ինքնիշխանությանն ու անկախությանն ավելի շատ սատարող, քան ԱՄՆ-ն է, չկա: 1991 թվականին Խորհրդային Միությունից Հայաստանի և Ադրբեջանի անկախության վերականգնումը ճակատագրական իրադարձություն էր, որը երաշխավորեց այդ երկրներից յուրաքանչյուրին սեփական արտաքին քաղաքական շահերն ու ինքնիշխանությունը առաջ տանելու իրավունքը՝ անկախ Մոսկվայից կամ որևէ այլ երկրից»,- նշել է դիվանագետը։

Նրա խոսքով՝ Հայաստանի և Ադրբեջանի հետ ԱՄՆ համագործակցության միակ նպատակն այն է, որ վերջ տրվի բռնությանը, և երկու երկրները կանգնեն «ամուր և համապարփակ խաղաղության ճանապարհին»։

«Մենք խրախուսել և հստակ ասել ենք Հայաստանին և Ադրբեջանին, որ նրանք պետք է հանդիպեն այն ձևաչափով, որն առավել օգտակար է նրանց համար։ Մենք իսկապես հավատում ենք խնդիրների լուծման և տևական խաղաղության հասնելու ուղղակի երկխոսության օգտակարությանը»,- ընդգծել է Փրայսը։

Նա հրաժարվել է մեկնաբանել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման ուղղությամբ Ռուսաստանի միջնորդական ջանքերը:

«Ես չեմ պատրաստվում կոնկրետ մեկնաբանել Ռուսաստանի Դաշնության ջանքերը, միայն այն բանի համար, որպեսզի նորից չկրկնեմ, որ այս երկու երկրներն են որոշելու, թե ինչպիսի մոտեցում կցուցաբերեն առաջիկա բանակցություններին։

Կարծում եմ՝ աշխարհը գիտի Ռուսաստանի պատմությունը, երբ խոսքը վերաբերում է նրա հարևաններին և նրա շրջակայքին: Ռուսաստանի ներխուժումը Վրաստան 2008 թ. և շարունակվող դաժան ներխուժումը Ուկրաինա ցույց են տալիս, որ Մոսկվան քիչ է հարգում իր հարևանների ինքնիշխանությունը և դժվար թե հուսալի երկարաժամկետ գործընկեր լինի։ Մենք հավատում ենք, որ դա կտրուկ հակադրվում է Միացյալ Նահանգների քաղաքականությանը»,- նշել է պետքարտուղարության խոսնակը:

Հիշեցնենք, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Վալդայի համաժողովի ժամանակ հայտարարել էր․ «Մենք չենք պատրաստվում ոչինչ պարտադրել, չենք կարող և չենք պատրաստվում Հայաստանին ինչ-որ բան թելադրել, եթե հայ ժողովուրդն ու Հայաստանի գործող ղեկավարությունը որոշեն, որ պետք է ընտրել կոնկրետ տարբերակ։ Այսպես կոչված, Վաշինգտոնյանը, որքանով ես եմ հասկանում, նախատեսում է Ղարաբաղի նկատմամբ Ադրբեջանի ինքնիշխանության ճանաչում։ Եթե Հայաստանն այդպես է կարծում, ապա խնդրեմ»։ 

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել