Գլխավոր դատախազը վստահեցրել է՝ զինվորական հանցագործությունները,ոչ մարտական պայմաններում գրանցված մահերի քննություններն իր ուշադրության կենտրոնում են
17:33 - 29 հոկտեմբերի, 2022

Գլխավոր դատախազը վստահեցրել է՝ զինվորական հանցագործությունները,ոչ մարտական պայմաններում գրանցված մահերի քննություններն իր ուշադրության կենտրոնում են

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը հոկտեմբերի 29-ին աշխատանքային այցով մեկնել է Սյունիքի մարզ:

Ինչպես հայտնում են Գլխավոր դատախազությունից, Աննա Վարդապետյանը  խորհրդակցություն է անցկացրել մարզի դատախազությունում, որին մասնակցել են մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը, մարզի իրավապահ կառույցների ղեկավարները, դատախազներ, ինչպես նաև Գորիսի կայազորի զինվորական դատախազը:

«Երկրի պաշտպանության կարևոր սահմաններից մեկն այստեղ է. այստեղից է սկսվում նաև քրեական քաղաքականության առաջնագիծը»,- ողջունելով ներկաներին՝ նկատել է գլխավոր դատախազն ու ընդգծել, որ մարզային առաջին այցով Սյունիքում լինելը պատահական չէ:

Աննա Վարդապետյանի խոսքով՝ մարզի Դատախազությունն այն առաջնային օղակն է, որի հետ առնչվում է քաղաքացին:

 «Ես հավատում եմ, որ մեր քաղաքացին գալու է Դատախազություն՝ իր իրավունքներին պաշտպանություն ստանալու համար, գալու է, որովհետև հավատում է, որ այստեղ պատշաճ իրավական գնահատական կտրվի իր իրավունքը խախտողի արարքին»,- շեշտել է գլխավոր դատախազն ու հավելել, որ այս համատեքստում կարևորում է քրեական վարույթների քննության ժամկետների պահպանումը, որովհետև քրեական գործերով ձգձգումները կործանիչ ազդեցություն են ունենում Հայաստանի տնտեսության և մարզի կյանքի որակի վրա:

Աննա Վարդապետյանը շեշտել է, որ իր ուղիղ ուշադրության կենտրոնում են լինելու նաև մինչդատական վարույթում ութ ամսից ավելի քննվող քրեական վարույթները և հանձնարարել է սահմանել ու Գլխավոր դատախազություն ներկայացնել այդ վարույթների քննության ժամանակացույցը:

«Ինձ հետաքրքիր չեն գործերի թվերը, ինձ հետաքրքիր է գործերի որակը»,- նշել է գլխավոր դատախազն ու այս համատեքստում կարևորել նաև զինվորական քրեական վարույթների քննության արդյունավետության բարձրացումը՝ շեշտելով, որ իր անմիջական ուշադրության կենտրոնում են զինվորական հանցագործություններն ու ոչ մարտական պայմաններում գրանցված մահերի քննությունները։

Անդրադառնալով մարզային իրավապահ բոլոր օղակների փոխգործակցության արդյունավետության բարձրացմանը՝ Աննա Վարդապետյանը վստահություն է հայտնել, որ և՛ մարդկային, և՛ մասնագիտական որակներն ու ամենակարևորը՝ հայրենասիրությունը, թույլ կտան մի կողմ դնել ներանձնային հնարավոր խոչընդոտները ու միմյանց հետ աշխատել հանուն Հայաստանի Հանրապետության քաղաքացու իրավունքների ու պետական շահերի պաշտպանության:

Սյունիքի մարզպետը կարևորել է ՀՀ գլխավոր դատախազի՝ Սյունիքի մարզ կատարած այցն ու ոլորտային հրատապ խնդիրները լուծելու նպատակով ցուցաբերվող աջակցությունը: Ռոբերտ Ղուկասյանը նաև շնորհակալություն է հայտնել Դատախազությանը՝ արդյունավետ համագործակցության և մարզում կայունությունն ապահովելու հարցում ներդրած ջանքերի համար:

Սյունիքի մարզի դատախազ Մասիս Պողոսյանն իր խոսքում ներկայացրել է կատարված աշխատանքն ու առկա խնդիրները:

Խորհրդակցության ընթացքում, ի թիվս այլ հարցերի, հանգամանալից անդրադարձ է կատարվել նաև ութ ամսից ավելի քննվող քրեական վարույթների խնդիրներին ու իրավապահ մարմինների միջև համագործակցության արդյունավետության բարձրացմանը վերաբերող հարցերի մանրամասներին: 

Քննարկված բոլոր ուղղություններով ՀՀ գլխավոր դատախազը տվել է հանձնարարականներ, սահմանել ժամկետներ:

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել