Հայաստանում կանցկացվի Մանսուրյանի անվան կոմպոզիտորների միջազգային նոր մրցույթ, որը նախաձեռնել է «Կողբ» հիմնադրամը։
Այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում մրցույթի պատասխանատու Սոնա Վերդյանը պատմում է, որ մրցույթի «հենքում և հիմքում հայ պոեզիայի վերհանումն ու վերածնունդն է»։
Մրցույթի հայտադիմումները բաց են 2022 թ․-ի հոկտեմբերի 15-ից մինչև 2023 թ․-ի ապրիլի 1-ը։ Ստեղծագործությունները պետք է գրված լինեն հայ միջնադարյան, դասական և ժամանակակից պոեզիայի հիման վրա։ Մրցույթին մասնակցելու տարիքային, ազգային սահամանափակումներ չկան։
Սոնա Վերդյանը պատմում է՝ վեց ամիս ժամանակ է տրված, որպեսզի ստեղծագործող անձինք ուսումնասիրեն հայ գրական հենքը, պոեզիան, և փորձեն ստեղծագործել․ «Եթե մասնակիցը այլազգի է, եթե կա ցանկություն ազգային արժեքին ծանոթանալու, լեզվին տիրապետելու, ուսումնասիրելու, դրա շնորհիվ ոգեշնչվելու և ստեղծագործելու, կա այդ հնարավորությունը։ Եթե ոչ, ապա ընդունելի է նաև թարգմանված՝ անգլերեն տարբերակի հիման վրա աշխատելը»։
Կոմպոզիտոր, Մանսուրյանի անվան կոմպոզիտորների միջազգային մրցույթի հանձնաժողովի նախագահ Արամ Հովհաննիսյանը հույս ունի, որ այս մրցույթը կունենա լուրջ արդյունքներ և կլինեն լուրջ արվեստագետներ, ովքեր հետաքրքրված կլինեն․ «Գործիքակազմի հետ կապված ունեցել ենք քննարկումներ։ Լինելու է կամերային գործիքակազմ՝ հաշվի առնելով նաև մրցույթի հետագա ընթացքը․ կամերային ստեղծագործությունները մեզ հնարավորություն կտան ստեղծագործությունների հետագա կյանքը ավելի սահուն և ճկուն ապահովելու։ Մեր նպատակը ոչ միայն մրցույթի շրջանակում ստեղծագործությունների կատարումն է, ալ նաև նախագծվում են մի շարք այլ պրոյեկտներ, որպեսզի հետո այդ ստեղծագործությունները լինեն ամենատարբեր բեմերում՝ և Հայաստանում, և արտասահմանում»։
Հովհաննիսյանը նշում է նաև, որ մրցույթի ժյուրիի կազմը արդեն ձևավորված է․ լինելու են հանրահայտ երաժիշտներ արտասահմանից և Հայաստանից։
Մաեստրո Տիգրան Մանսուրյանը կարևորում է նման մրցույթների անցկացումը, որովհետև հայ դասական երաժշտության ու հայ դասական պոեզիայի կապը մեր օրերում «հատուկ խնամք» է պահանջում․ «Սա մենք կարող ենք միջազգային տարածք հանել, քանի որ մեր հայրենակիցները աշխարհի տարբեր մասերում են, բայց նաև պիտի ուզեինք, որ այս մրցույթին մասնակցեին այլազգի հեղինակներ»։
Մաեստրոն կարծում է, որ մրցույթում ինքը հնարավորինս քիչ միջամտողի դերում պիտի լինի․ «Գործ ունենք մի պրոցեսի հետ, որտեղ իմ անունը ներկա է, այսքանը գիտեմ։ Ես այստեղ հիմնականում աննշան դեր ունեմ։ Եթե անունն էլ կա, ապա նվազագույն չափով»։
Մրցույթը կբավարարի միջազգային բոլոր նմանատիպ մրցույթների չափանիշերին
«Կողբ» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Արման Բարսեղյանը ընդգծում է՝ մրցույթի միջոցով նպատակ ունեն նախ նպաստել երկրի ներսում որոշակի մշակութային միջավայր ձևավորելուն, և երկրորդը՝ դրսում ներկայացնել Հայաստանի մշակույթը։
Նրա խոսքով՝ փորձել են այնպես անել, որ մրցույթը բավարարի միջազգային բոլոր նմանատիպ մրցույթների չափանիշերին․ «Մեզ համար սկզբունքային հարց էր, որ եթե մենք կազմակերպում ենք մաեստրո Մանսուրյանի անվան մրցույթ, ապա որևէ նմանատիպ կատեգորիայի մրցույթներին որևէ բանով չպետք է զիջի։ Սկսած ժյուրիի կազմից և վերջացրած նաև մրցանակներով, լիարժեք բավարարում են այս չափանիշերին։ Առաջին մրցանակային տեղի համար 3.000 դոլար է սահմանված, երկրորդ մրցանակային տեղը՝ 2000 դոլար, և երրորդը՝ 1000 դոլար»։
Մրցույթի հանձնաժողովի նախագահ Արամ Հովհաննիսյանը պատմում է, որ քայլեր են ձեռնարկվել, որպեսզի մրցույթը համապատասխանի միջազգային չափանիշերին․ «Դրանց թվում են ամենատարբեր ինֆորմացիոն շրջաբերականները, որոնք ուղարկվում են տարբեր ինստիտուտներ, հեղինակային կառույցներ, մշակութային կազմակերպություններ, ինչպես նաև մրցույթի գրանցման հետ կապված մենք աշխատանք ունենք անելու, որպեսզի պաշտոնական կայքերում, օնլայն տիրույթներում մրցույթը հասանելի լինի, որովհետև այսօրվա տեխնոլոգիաները շատ ավելի մատչելի են միջազգային ասպարեզի համար, և ափսոս կլինի, եթե մենք չօգտագործենք այդ հնարավորությունները՝ մրցույթի հանրաճանաչելիությունը առավել էֆֆեկտիվ դարձնելու համար»։
Գործընթաց, որում կարող են ներգրավել հասարակության բոլոր ոլորտի ներկայացուցիչները
Արման Բարսեղյանն էլ ասում է, որ մրցույթը ոչ թե միանգամյա գործողություն է, այլ գործընթաց՝ հավելելով, որ հունվարի 27-ին՝ մաեստրոյի ծննդյան օրը, սպասվում է Մանսուրյանի համերգը, որտեղ նրա՝ դեռևս չհնչած ստեղծագործությունները կհնչեն։
«Հունվարի 27-ի համերգում պետք է ներկայացնեմ գործեր, որ առհասարակ չեն հնչել Հայաստանում և կամ որևէ անգամ չեն կատարվել․ «Կլինեն օրհներգեր, որ հնչել են վերջերս Չեխիայում, Հայաստանում առաջին անգամ կկատարվեն, կհնչեն ժողովրդական աղոթքներ։ Նաև հնարավոր է Ներսես Շնորհալու «Հավատով խոստովանիմ» յոթ աղոթքների շարքը։ Այսպիսով՝ մենք մի երեկոյի ընթացքում ներկայացնում ենք ժողովրդական բանահյուսություն, հոգևոր պոեզիա, և սա մի տեսակ խթան է այն ուղղության, որին մեր մրցույթն է նվիրված»,-մանրամասնում է մաեստրո Տիգրան Մանսուրյանը։
Սոնա Վերդյանի կարծիքով՝ այս համերգը հնարավորություն է տալու ամբողջապես նկարագրելու այն գաղափարը, որը դրված է մրցույթի հիմքում․ «Համերգի միջոցով ստեղծագործողը կարող է կողմնորոշվել, թե ինչպիսի լայն հնարավորություններ ունի իր անձը բացահայտելու հարցում՝ հիմնվելով հայ պոեզիայի վրա՝ առանց որևէ ժամանակային սահմանափակումների։ Համերգը համարձակության նշան կլինի ստեղծագործողի համար, ով կտեսնի, որ կարող է հաջողություն լինել և կարող է ունենալ այն ճակատագիրը կամ այն ճանապարհը, որով շարժվել է պարոն Մանսուրյանը»։
Ամփոփելով՝ «Կողբ» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Արման Բարսեղյանն ասում է՝ կցանկանար, որ հանրության տարբեր ոլորտի ներկայացուցիչները մշակութային այս իրադարձությունը համարեին իրենց հասեցագրված, որպեսզի ժամանակի ընթացքում այդ միջավայրի ձևավորման գործընթացը հնարավոր լիներ ինտենսիվացնել ու ակտիվացնել։
comment.count (0)