Հակառակորդը փորձում է կանխարգելել մեր կողմից ինժեներական աշխատանքների իրականացումը․ ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ
19:08 - 31 հոկտեմբերի, 2022

Հակառակորդը փորձում է կանխարգելել մեր կողմից ինժեներական աշխատանքների իրականացումը․ ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ

Ներկա դրությամբ իրավիճակը արևելյան, հարավարևելյան ուղղությամբ հարաբերական կայուն է։ Այս մասին խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ Էդվարդ Ասրյանը՝ խոսելով սահմանային իրադրության մասին։

Նա նշել է, որ հրադադարի ռեժիմի խախտումներ հիմնականում արձանագրվում են արելյան օպերացիոն ուղղություններով՝ Կուտական, Սոթք հատվածներում և Վայոց Ձորի մարզում՝ Ջերմուկի ուղղությամբ։ 

«Հակառակորդի կողմից հրադադարի ռեժիմի խախտումները կան և՛ նպատակային, և՛ եղանակային պայմաններում՝ մառախուղի պատճառով, նրանց կողմից նաև ձորերով անկանոն կրակահերթերի արձակում [կա]։ Ինչ վերաբերում է նպատակային կրակոցներին՝ հակառակորդը փորձում է կանխարգելել մեր կողմից ինժեներական աշխատանքների իրականացումը, քանի որ մենք նախաձեռնել ենք մեծածավալ աշխատաքների իրականացնում, ամրացնում ենք զբաղեցրած դիրքերը և բնագծերը»,- ասել է Ասրյանը։ 

Նա նշել է, որ սեպտեմբերի 16-ից անցել է մեկուկես ամիս, եւ ամբողջ մեկուկես ամսվա ԶՈՒ գործունեությունը նկարագրելը մի քանի ժամ կտեւի։

Միեւնույն ժամանակ, ԳՇ պետը տեղեկացրել է, որ դիրքային փոխհրաձգությունների արդյունքում հակառակորդի մխրճված ստորաբաժանումները հետ են քաշվել, նաև կրել են կորուստներ։ Ըստ նրա՝ հակառակորդին գերի վերցնելու համար մեր զինծառայողները պետք է ընդհուպ մոտենային նրանց՝ վտանգելով իրենց կյանքը, «բայց մենք չենք գնացել այդ քայլին»։ 

Ասրյանն ընդգծել է, որ Ջերմուկի ուղղությամբ մենք արդեն ունենք գծագրված առաջնագիծ։

Անդրադառնալով հայ-իրանական սահմանին ադրբեջանական զորքերի առկայությանը, ԳՇ պետն ասել է, որ այդ սահմանին հակառակորդն ունի անմիջական շփման գիծ, որովհետև 44-օրյա պատերազմի արդյունքում ադրբեջանական զորքերը գտնվում են Հայաստանի սահմանին, որը նաև սահմանակից է Իրանին․ 

«Այո այդ հատվածում հակառակորդն առկա է։ Ինչ վերաբերում է Մեղրի-Ջերմուկ-Կապան ճանապարհին հակառակորդի տիրելուն, մենք պլանավորում ենք մեր պաշտպանությունը այնպես, որ նման իրավիճակ չլինի»,- վստահեցրել է Ասրյանը։

ԳՇ պետը հավելել է, որ կառավարության որոշմամբ կա հանձնաժողով, որը համապատասխան աշխատանքներ է իրականացնում անհետ կորած 25 զինծառայողի վերաբերյալ տեղեկություն ստանալու համար․ «Վերջին տեղեկություններով 10 դի է վերադարձվել, կկատարվի ԴՆԹ ճանաչում և մենք կունեանք 16 անհետ կորած»,- հստակեցրել է ԳՇ պետը՝ նշելով, որ դիերը վերցնելու համար համապատասխան աշխատանքներ են ծավալվում և Կառավարության, և՛ ԱԱԾ-ի, և՛ ՊՆ-ի կողմից․ 

«Միայն կարող եմ արձանագրել, որ ադրբեջանական կողմը մարմինները վերցնելու թույլտվություն չի տալիս, որպեսզի մեր համապատասխան ստորաբաժանումները մտնեն և որոնեն դիերի գտնվելու վայրերը։ Փաստը կա, որ Կուտականի ուղղությամբ ունենք մեկ դիտարկվող դի, մենք անօդաչու թռչող սարքով դիտարկել ենք, դա գտնվում է հակառակորդի դիրքի մատույցներում։ Այդ ուղղությամբ միայն այդ դին ենք տեսնում»,- մանրամասնել է Էդվարդ Ասրյանը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել