«Գործարա՞ր», թե՞ միայն սեփականատեր |detector.am|
05:22 - 03 մայիսի, 2019

«Գործարա՞ր», թե՞ միայն սեփականատեր |detector.am|

detector.am։ Հունվարի 14-ին՝ Ազգային Ժողովում, ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը լրագրողի հարցին ի պատասխան, ասել է. «Ես գործարա՞ր եմ քո համար: Ես սեփականատեր եմ, որի համար ձեզ ասում եմ, որ այսօր Ծառուկյանը ոչ թե անհատ պատգամավոր է, որ եկել է, այլ կուսակցության ղեկավար, որը հանդիսանում է քաղաքական դաշտում երկրորդ քաղաքական ուժը: Թեման փակ է, անիմաստ է դրա մասին խոսել»:

Ապրիլին՝ «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրինագծի քննարկումների ժամանակ, որով սահմանվում էր ներկրվող ցեմենտի վրա պետական տուրքը բարձրացնելու դրույթը, ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հանդես եկավ մի շարք հայտարարություններով, որոնցով ուղղակիորեն լոբբինգ էր իրականացնում՝ իր բիզնես գործունեության համար ձեռնտու պայմաններ ապահովելու նպատակով:

Քննարկումների ընթացքում Գագիկ Ծառուկյանը նույնիսկ անձամբ այցելեց «Արարատցեմենտ» ՓԲԸ և փորձեց տեղում կարգավորել բիզնեսի գործունեությունից բխող կրճատումների դեմ բողոքող քաղաքացիների հետ հարաբերությունները՝ տալով հավաստիացումներ ու խոստումներ աշխատակիցներին և կարգադրություններ՝ ՓԲԸ տնօրինությանը:

Ապրիլի 29-ին «Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը՝ ի դեմս կուսակցության քարտուղար Սուրեն Սահակյանի, դիմեց դատախազություն և ներկայացրեց հետևյալ տեսանյութերը (1, 2)՝ որպես իրեղեն ապացույցներ այն բանի, որ Աժ պատգամավոր Գագիկ Ծառուկյանը, խախտելով Սահմանադրության 95-րդ հոդվածի պահանջը, զբաղվել է պատգամավորական մանդատի հետ անհամատեղելի բիզնես գործունեությամբ և կատարել քրեորեն արգելված արարք՝ քրեական օրենսգրքի 310-րդ հոդվածի (Ձեռնարկատիրական գործունեությանն ապօրինի մասնակցելու) հատկանիշներով:

Դետեկտորն արձանագրել է, որ պարոն Ծառուկյանը, հիմնավորելու համար իր գործարար չլինելը, դիմել է հետևյալ մանիպուլյատիվ հնարքներին.

ՀՀ վարչապետի՝ «Ծառուկյանը խոշոր սեփականատեր է» խոսքն իր համար բարենպաստ համատեքստում վկայակոչելը,
պետական պաշտոնի միջոցով հարստացածների նկատմամբ հանրության մեջ առկա բացասական էմոցիաներն օգտագործելը։

Մեր հիմնավորումները

Պարոն Ծառուկյանի պնդումը, որ ինքը սեփականատեր է, բայց գործարար չէ՝ խնդրահարույց է։ «Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների» մասին ՀՀ օրենքի 36-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ «ընկերության մասնակիցը մասնակցում է ընկերության հետ կապված շուրջ 15 կարևոր որոշումների ընդունման պրոցեսին»։

Օրենքի այս դրույթն ընկնում է քաղաքացիական օրենսգրքի 2-րդ հոդվածով՝ ձեռնարկատիրական գործունեությանը (գործարարությանը) տրված սահմանման ներքո։
Համաձայն իր պաշտոնական կայքում զետեղված կենսագրական տվյալների՝ Գ. Ծառուկյանը մինչ օրս շահույթ հետապնդող «Մուլտի Գրուպ» բազմաճյուղ կոնցեռն ՍՊԸ հիմնական մասնակիցն է և տնօրինում է կազմակերպության հիմնական բաժնետոմսերը։

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 2-րդ հոդվածի համաձայն՝ «գործարարություն» կամ նույնն է թե՝ ձեռնարկատիրական գործունեություն է համարվում անձի ինքնուրույն, իր ռիսկով իրականացվող գործունեությունը, որի հիմնական նպատակը գույք օգտագործելուց, ապրանքներ վաճառելուց, աշխատանքներ կատարելուց կամ ծառայություններ մատուցելուց շահույթ ստանալն է»։

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի սույն նորմի գիտագործնական մեկնաբանությունից բխում է, որ ձեռնարկատիրական գործունեությունը (գործարարությունը)` ա/ սեփական ռիսկով իրականացվող գործունեություն է,


բ/ ուղղված է պարբերաբար շահույթ հետապնդելուն։

ՀՀ օրենսդրական կարգավորման տրամաբանության շրջանակներում նույնիսկ էական չէ՝ անձը հավատարմագրային կառավարման է հանձնում իր գույքը, թե՞ ոչ։

Պատճառն այն է, որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 954-րդ հոդվածի իմաստով՝ գույքի հավատարմագրային կառավարումը ենթադրում է պայմանագրով մեկ կողմի (Կառավարման հիմնադիր) որոշակի ժամկետով գույքի հանձնում մյուս կողմի (Հավատարմագրային կառավարչի) հավատարմագրային կառավարմանը, որը պարտավորվում է այդ գույքի կառավարումն իրականացնել ի շահ կառավարման հիմնադրի կամ նրա նշած անձի (շահառուի)։

Հավատարմագրային կառավարիչն, ինքնին, այդ գույքից ստացվող եկամտուների շահառուն չէ և չի կարող լինել այդպիսին։ Նա չի գործում սեփական ռիսկով, այլ՝ բացառապես Կառավարման հիմնադրի ցուցումով։

Ավելին՝ detector.am-ում։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել