Ողջունում եմ Ալիևի՝ Արցախի հետ ուղիղ երկխոսություն սկսելու ցանկությունը, Արցախն այս գործընթացում պետք է սուբյեկտային լինի․ Ռուբեն Վարդանյան
21:36 - 17 նոյեմբերի, 2022

Ողջունում եմ Ալիևի՝ Արցախի հետ ուղիղ երկխոսություն սկսելու ցանկությունը, Արցախն այս գործընթացում պետք է սուբյեկտային լինի․ Ռուբեն Վարդանյան

Ողջունում եմ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ Արցախի հետ ուղիղ երկխոսություն սկսելու ձգտումը: Արցախն այս գործընթացում պետք է սուբյեկտ լինի: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱՀ պետնախարար Ռուբեն Վարդանյանը։ 

« Ողջունում եմ նաև միջազգային միջնորդությամբ ուղիղ բանակցությունների նոր ձևաչափի ստեղծումը: Միջազգային միջնորդների շարքում, ի թիվս Ռուսաստանի և ԱՄՆ-ի, անպայման պետք է ընդգրկված լինի Ֆրանսիան, որի սենատի՝ օրեր առաջ ընդունած բանաձևում կետ կար Լեռնային Ղարաբաղի ճանաչման մասին: Հիշեցնեմ, որ Ֆրանսիան նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկիր է։

Կուզենայի նաև առաջարկել անցնել ավելի կառուցողական տոնի և պարզաբանումներ ստանալ, թե որն է, ըստ պարոն Ալիևի, իբրև թե իմ ունեցած «հստակ օրակարգը»։ Ես բազմիցս եմ ընդգծել, որ ռուսաստանյան քաղաքացիությունից հրաժարվել եմ՝ խուսափելու համար մեղադրանքներից, թե կարող եմ Արցախում ուրիշի շահերը պաշտպանել՝ արցախցիների շահերից բացի: Կարծում եմ՝ լիովին համապատասխանում եմ պարոն Ալիևի առաջադրած բանակցողի չափանիշին՝ «ապրում է Ղարաբաղում և ցանկանում է ապրել այնտեղ»։ 

Պատերազմը միշտ պատերազմ է բերում։ Երբեմն դա տեղի է ունենում անգամ մի քանի սերունդ անց: Այսօր ագրեսիան դանդաղ գործողության ռումբ է՝ մեր երկու ժողովուրդների ապագա սերունդների համար: Դա նշանակում է, որ երկու կողմերի առաջնորդները պետք է ստանձնեն ողջ պատասխանատվությունը, և որքան էլ դժվար լինի, նստեն բանակցությունների սեղանի շուրջ ու դադարեցնեն արյունահեղությունը»,- գրել է նա։ 

Հիշեցնենք, որ այսօր՝ նոյեմբերի 17-ին, Իլհամ Ալիևը հայտարարել է. «Կարծում եմ՝ կարևոր է, որ Հայաստանը հստակ հայտարարի, թե իրականում ինչ է ուզում։ Եթե նրանք ուզում են խոսել Ղարաբաղում հայերի իրավունքների ու անվտանգության մասին, չի ստացվի։ Մենք պատրաստ ենք այս մասին խոսել Ղարաբաղի հայերի հետ, բայց ոչ Մոսկվայի կողմից ուղարկված Վարդանյանի նմանների [Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանի-խմբ․], որոնց գրպանում ռուս ժողովրդից գողացված միլիարդավոր փողեր կան։

Նրան Մոսկվայից ուղարկել են Ղարաբաղ շատ հստակ օրակարգով։ Պատրաստ ենք խոսել Ղարաբաղում ապրող եւ այնտեղ ապրել ցանկացող մարդկանց հետ։ Ի դեպ, այս գործընթացը սկսվել է։ Եթե նոր նշված որոշ երկրներից, այսինքն՝ դրսից միջամտություն չլիներ, և այդ գործընթացը կասեցնելու փորձեր չլինեին, ապա կարծում եմ, որ գործընթացը կարող էր ավելի դինամիկ լինել»։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել