Ադրբեջանի պնդմամբ՝ Բաքվի մաքսակետերից մեկում հայկական արտադրության շինարարական ապրանքներ են հայտնաբերվել
14:35 - 01 դեկտեմբերի, 2022

Ադրբեջանի պնդմամբ՝ Բաքվի մաքսակետերից մեկում հայկական արտադրության շինարարական ապրանքներ են հայտնաբերվել

Բաքվի մաքսակետերից մեկում այլ ապրանքների մեջ հայտնաբերվել են, ըստ ապրանքների վրայի գրության, հայկական արտադրության շինարարական ապրանքներ, որոնք չեն հայտարարագրել մաքսայի մարմնի կողմից։ Այս մասին հաղորդագրություն է տարածել Ադրբեջանի պետական մաքսային կոմիտեն։

«Մինչ այժմ ապօրինի ճանապարհով Ադրբեջան մտցվող ապրանքների թվում եղել են միայն հայկական արտադրության մթերքներ կամ ալկոհոլային խմիչքներ։ Իսկ այս անգամ հայտնաբերված ապրանքների մեջ էին շինարարական աշխատանքների մեջ օգտագործվող սիլիկոնե արտադրանքի համար նախատեսված 24 820 տարա և սիլիկոնե արտադրանքը փաթեթավորելու համար նախատեսված 1050 դատարկ ստվարաթղթե տուփ»,- ասված է հաղորդագրության մեջ։ 

Ըստ հաղորդագրության՝ ապրանքներն ուղարկվել են Իրանի Իսլամական Հանրապետությունում գործող ընկերության կողմից՝ Ադրբեջանում գտնվող ֆիզիկական անձի հասցեով։

Նշվում է, որ պետական մաքսային կոմիտեն և պետական ​​անվտանգության ծառայությունը համատեղ քննություն են իրականացնում։

Լուսանկարը՝ Ադրբեջանի պետական մաքսային կոմիտեի


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել