Սոցիալական արդարության լավագույն լուծումը հարստություն ստեղծելն է․ Գուրգեն Արսենյանը հակադարձեց Բաբկեն Թունյանին
15:02 - 06 դեկտեմբերի, 2022

Սոցիալական արդարության լավագույն լուծումը հարստություն ստեղծելն է․ Գուրգեն Արսենյանը հակադարձեց Բաբկեն Թունյանին

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը, համընդհանուր հայտարարագրման համակարգի ներդրման վերաբերյալ օրինագծի քննարկման ընթացքում ասաց, որ քննարկումներ են ունենում փորձագետների հետ։ Թունյանի խոսքով՝ փորձագետները կարծում են, որ նոր համակարգը պետք է լինի ոչ թե միայն եկամուտների հայտարարագիր, այլ պետք է լինի գույքի և եկամուտների հայտարարագիր․ «Այսինքն՝ եթե հայտարարում ենք, որ պետությունը ցանկանում է ավելի լավ ճանաչել իր քաղաքացուն, պետք է նայի ոչ միայն եկամուտները, այլև ունեցվածքը, որովհետև կարող է մարդը ունենալ, ենթադրենք, ամսական 100.000 դրամ աշխատավարձ, բայց տանը կախած ունենալ Մարտիրոս Սարյանի կտավ, որը արժի մի քանի տասնյակ հազար դոլար»։ 

Թունյանի ելույթի այս հատվածին արձագանքեց ՔՊ պատգամավոր Գուրգեն Արսենյանը։

«Առաջինը, ես ուզում եմ հորդորով դիմեմ ձեզ, որ կարևորագույն նախագիծը ներկայացնելուց մի բերեք  հասարակության տարբեր սոցիալական խմբերին իրար հակադրելու հիմնավորումը։ Այսինքն ՝հասարակության ինչ-որ խմբի, որը գույքային այլ կարգավիճակում է, հակադրել հասարակության այլ խմբի, որը գույքային ոչ այդքան բարվոք կարգավիճակում է։ Ժամանակն է, որ անցնենք այդ մասը, որովհետև պետության մեջ բոլոր խմբերը իրենց կարևորագույն դերակատարումը ունեն, և կարծում եմ, որ այս օրենքի ընդունումը շատ ճիշտ նշեցիք, որ գործիք է պետության համար»։
Արսենյանի խոսքով՝ սոցիալական արդարության գաղափարախոսությունը գրավիչ է, բայց արդյունավետ չի․ «Սոցիալական արդարության լավագույն լուծումը հարստություն ստեղծելն է, աղքատներին հարստացնել է, ոչ թե հարուստներին աղքատացնելը»։

Բաբկեն Թունյանն էլ, արձագանքելով Արսենյանին, ասաց՝ եթե սոցիալական քաղաքականություն ենք իրականացնում, ուրեմն պետք է նաև հստակ չափանիշներ լինեն․ «Ես չեմ հակադրում, այսինքն՝ երբ ասում եմ՝ որևէ մեկը իր տանը ունի, ենթադրենք, մի քանի տասնյակ հազար դոլարանոց նկար, մեկը չունի, դա չի նշանակում՝ մեկը լավ մարդ է, մյուսը՝ վատ, մեկը կարևոր է պետության համար, մյուսը կարևոր չի։ Դա նշանակում է, որ եթե պետությունը այսպես թե այնպես սոցիալական քաղաքականություն է իրականացնում ու իր առջև խնդիր է դնում աջակցություն տրամադրել այն խմբերին, որոնք դրա կարիքը ունեն, դա պիտի անի թիրախային։ Ոչ թե Քովիդի միջոցառումների ժամանակ օգնություն տրամադրեինք, օրինակ, էլեկտրաէներգիայի ծախսի փոխհատուցման տեսքով, հետո պքարզվեր, որ այդ փոխհատուցումը ստանում են նաև դոլարային միլիոնատերերը»,-նշեց Թունյանը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել