Նոր պահանջների ներկայացումը կարող է ուղղված լինել միայն իրավիճակի սրմանը. Միրզոյանը՝ մայրուղին փակելու ադրբեջանական սադրանքի մասին

 |armenpress.am|
17:01 - 07 դեկտեմբերի, 2022

Նոր պահանջների ներկայացումը կարող է ուղղված լինել միայն իրավիճակի սրմանը. Միրզոյանը՝ մայրուղին փակելու ադրբեջանական սադրանքի մասին |armenpress.am|

armenpress.am: ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն անդրադարձել է օրերս Ադրբեջանի իրականացրած հերթական սադրանքին, երբ ադրբեջանցիները փակել էին Գորիս-Ստեփանակերտ մայրուղին՝ փաստացի շրջափակման մեջ թողնելով Արցախը:

Միրզոյանն այս մասին խոսեց ԱԺ-ում կառավարության անդամների հետ հարցուպատասխանին՝ անդրադառնալով ՔՊ խմբակցության պատգամավոր Արման Եղոյանի հարցին:

Միրզոյանն ընդգծեց, որ մայրուղու փակումը, Լաչինի միջանցքի փակումը նոյեմբերի 9-ի հայտարարության կոպտագույն խախտում կլիներ: Սակայն, նաև ռուս խաղաղապահ զորակազմի հրամանատարության հետ բանակցությունների արդյունքում հարցն արագորեն հարթվել է:

«Եվ ընդհանրապես կարծում եմ, որ կողմերը կարող են իրար նկատմամբ դժգոհություններ, առաջարկներ կամ պահանջներ ներկայացնել միայն այն պայմանավորվածությունների շրջանակներում, որոնք ձեռքբերված են, արձանագրված ու ընդունված բոլոր կողմերի կողմից և հանրահայտ են: Անշուշտ, պետք է արձանագրենք, որ իրավիճակը փխրուն է, հարցերը կարգավորված չեն, և ահա նոր պահանջների ներկայացումը կարող է ուղղված լինել միայն իրավիճակի սրացմանը՝ միտումնավոր, թե ոչ միտումնավոր, դա արդեն մեկնաբանությունների հարց է»,-ասաց ԱԳ նախարարը:

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 3-ին Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստներով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել էին Ստեփանակերտ-Գորիս մայրուղին: Ադրբեջանական կողմի հետ ավելի քան երեք ժամ տևած բանակցություններից հետո ի վերջո ճանապարհը բացվել էր։ 

Ավելի ուշ ադրբեջանական զանգվածային լրատվամիջոցներով ու սոցիալական ցանցերով տարածվեց Արցախում ռուսական խաղաղապահ զորակազմի ղեկավար Անդրեյ Վոլկովի հարցազրույցը, որի հիման վրա հետևություն է արվել, թե Արցախը Հայաստանի հետ կապող միջանցքում տեղադրվելու է ադրբեջանական հենակետ: 

Արցախի ազգային անվտանգության ծառայությունը հերքեց Արցախը Հայաստանի հետ կապող միջանցքում ադրբեջանական հենակետ տեղադրելու մասին լուրերը։

Արցախի անվտանգության խորհուրդն էլ հայտարարեց, որ «ՌԴ խաղաղապահների կողմից դիտարկվել է Լաչինի միջանցքի թիվ 1 հենակետում ռենտգեն-սկաների տեղադրման հնարավորությունը՝ մտնող տրանսպորտային միջոցների զննման նպատակով»։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել