Արցախի նախագահ Հարությունյանը Փարիզում հանդես է եկել մամուլի ասուլիսով, հյուրընկալվել «France-24» հեռուստաալիքին |armenpress.am|
21:21 - 07 դեկտեմբերի, 2022

Արցախի նախագահ Հարությունյանը Փարիզում հանդես է եկել մամուլի ասուլիսով, հյուրընկալվել «France-24» հեռուստաալիքին |armenpress.am|

armenpress.am: Աշխատանքային այցով Ֆրանսիայի Հանրապետությունում գտնվող Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը դեկտեմբերի 7-ին Փարիզում հանդես է եկել մամուլի ասուլիսով, որին մասնակցել են շուրջ երկու տասնյակ ֆրանսիական առաջատար լրատվամիջոցներ: 

Ինչպես տեղեկացրին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմից, երկրի ղեկավարը ներկայացրել է Ֆրանսիա կատարած այցի նպատակները, նշել Արցախի ժողովրդի նկատմամբ Ադրբեջանի կողմից պարբերաբար և հաճախակի դարձած ագրեսիվ վարքի դրսևորումները, հետևողական կերպով հումանիտար խնդիրների ստեղծումը, թվարկել այն սպառնալիքները, որոնք լրջագույն վտանգ են ներկայացնում սեփական հայրենիքում Արցախի ժողովրդի գոյության համար: Նախագահ Հարությունյանի խոսքով՝ Ֆրանսիայի միջոցով նա ցանկանում է ուղերձ հղել եվրոպական բոլոր պետություններին, որ միջոցներ ձեռնարկեն կանխելու Ադրբեջանի վերոնշյալ սանձարձակ պահվածքը, որին աներկբա սատարում է Թուրքիան: 

Հանդիպման ընթացքում նախագահը պատասխանել է լրագրողների տարաբնույթ հարցերին, ինչպես նաև առանձին հարցազրույց է տվել «Ֆրանս պրես» պետական լրատվական գործակալությանը և հյուրընկալվել «France-24» հեռուստաալիքին:

«Մենք հասկանում ենք, որ Ադրբեջանի հետ Եվրոպան ունի նավթագազային շահեր, սակայն մեր հորդորն է հարգել մեր ժողովրդի ինքնորոշման ու գոյության իրավունքները և առկա գործիքակազմերով թույլ չտալ Ադրբեջանի ցեղասպանական ու ծավալապաշտական քաղաքականության իրականացումը: Այս իմաստով տեղին է նշել նաև վերջին երկու տարիների ընթացքում ոչ միայն Արցախի, այլև Հայաստանի Հանրապետության նկատմամբ կատարած հարձակումներն ու ՀՀ սուվերեն տարածքների բռնազավթումները»,- ասել է Արայիկ Հարությունյանը: 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել