Փաշինյանը նախընտրական քարոզարշավի ընթացքում և՛ հայհոյախառն արտահայտություն է արել, և՛ մուրճ ցուցադրել․ Հակոբ Արշակյանը սխալվում է
16:42 - 09 դեկտեմբերի, 2022

Փաշինյանը նախընտրական քարոզարշավի ընթացքում և՛ հայհոյախառն արտահայտություն է արել, և՛ մուրճ ցուցադրել․ Հակոբ Արշակյանը սխալվում է

Ազգային ժողովում այսօր քննարկվում է Հայաստանում Ներքին գործերի նախարարություն ստեղծելու հարցը։ Ստեղծվելիք նախարարության կազմում է գործելու ոստիկանությունը։ «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքում և հարակից օրենքներում փոփոխություններ և լրացումներ նախատեսող օրենքների նախագծերի փաթեթը խորհրդարանում ներկայացրեց արդարադատության նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը։

Հարցուպատասխանի ընթացքում նախարարի տեղակալին հարց ուղղեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը։

«Արդյո՞ք հնարավոր է անաչառ, անկախությամբ օժտված և ապաքաղաքական մարմին ստեղծել՝ անկախ կազմակերպչական կառուցվածքով իր իրավական կոորդինատից, մի իրականության մեջ, որտեղ երկրի թիվ մեկ քաղաքական դեմքը կամ քաղաքական մեծամասնության առաջնորդը քարոզարշավը անց է կացնում մուրճով, սեռական հայհոյանքներով և նաև անհնազանդներին պատերին ծեփելու հորդորներով»,- նշեց ընդդիմադիր պատգամավորը։

Նա ակնարկում էր 2021-ի խորհրդարանական արտահերթ ընտրությունների նախընտրական քարոզարշավը։

Վերջինիս հարցը վրդովմունք առաջացրեց ԱԺ նիստերի դահլիճում, և նա մի քանի անգամ կրկնեց հարցը։ Արփինե Սարգսյանը որևէ կերպ չմեկնաբանեց նրա այս հայտարարությունը։ Փոխարենը դրան անդրադարձավ ԱԺ փոխխոսնակ Հակոբ Արշակյանը, որը վարում էր նիստը։

«Պիտի խնդրեմ, որպեսզի չխեղաթյուրենք իրականությունը, որպեսզի դահլիճում լարվածություն չառաջանա։ Եվ երբ որ Դուք գնահատական եք տալիս որևէ բանի, պիտի խնդրեմ՝ կա՛մ հիմնավորեք, կա՛մ ասեք՝ ում է վերաբերվում, կա՛մ տենց ակնարկներով օդի մեջ չխոսենք, ավելորդ լարվածությունից խուսափենք»,- դիմելով Լիլիթ Գալստյանին՝ ասաց Հակոբ Արշակյանը։

Ընդդիմադիր պատգամավորն էլ նշեց, որ ինքը ոչ թե գնահատականներ էր հնչեցնում, այլ խոսում էր «Նիկոլ Փաշինյանի՝ մուրճով և սեռական հայհոյանքներով քարոզարշավի մասին», իսկ այդ դեպքերը «տեսագրված են և հանրությանը շատ լավ հայտնի»։

Հակոբ Արշակյանը պնդեց, որ նման բան տեղի չի ունեցել, և Լիլիթ Գալստյանը խեղաթյուրում է իրականությունը։ Սակայն Հակոբ Արշակյանը սխալվում է։

2021-ի ամռանը, երբ նախընտրական քարոզարշավ էր, և այն ժամանակ վարչապետի պաշոնակատար Նիկոլ Փաշինյանը շրջում էր մարզերում, հունիսի 8-ին նա այցելել էր Արագածոտնի մարզ։ Բնակավայրերից մեկի մոտակայքում Փաշինյանն իջել էր մեքենայից՝ զրուցելու հավաքված բնակիչների հետ։ 

Բնակիչներից մեկը մոտեցավ նրան ու պատմեց, որ «ինչ-որ մարդու են ազատել աշխատանքից Քոչարյանին ձայն չտալու համար»։ Բնակիչը հայհոյախառն արտահայտություն արեց այդ մարդկանց հասցեին, ինչին նույն կերպ պատասխանեց Նիկոլ Փաշինյանը՝ նախօրոք օպերատորին ասելով՝ կամեռան հլը էն կողմ տար (նպատակահարմար չենք գտնում Փաշինյանի խոսքերը մեջբերել, սակայն բնակիչների հետ նրա զրույցը կարող եք լսել հղմամբ):

Ինչ վերաբերում է «մուրճով քարոզարշավին», 2021-ի հունիսի 14-ին Նիկոլ Փաշինյանն Արարատի մարզում էր։ Իր ելույթում նա խոսում էր ընտրակաշառքի դեպքերի մասին։ Այդ օրը, վերցնելով Հայաստանի դրոշի գույներով ժապավեններով փաթաթված մուրճը, նա նշեց․ «Թավիշի ժամանակները ավարտվում են, ժողովո՛ւրդ ջան։ Եվ էսօր կան, էսպես ասած, ընտրատասովչիկեր՝ տարբեր պաշտոնյաներ ՏԻՄ-երի, որոնք իրենց վատ են պահել և շարունակում են վատ պահել։ Էս գործիքը (մուրճը,- խմբ․), գիտեք չէ՞, ինչի համար ա։ Էս ժանգոտ մեխերը հանելու համար ա։ Էդ ժանգոտած մեխերին, էդ թվում՝ էս մարզի, հունիսի 21-ից անձամբ եմ զբաղվելու իրանցով։ Եվ ուրեմն, հունիսի 20-ին գնում ենք ընտրական տեղամասեր և մեր բոլորի թավշե մադատը փոխարինում ենք պողպատե մանդատով։ Եվ այդ պողպատե մանդատով Հայաստանում հաստատում ենք օրենքի և իրավունքի դիկտատուրա և պողպատե մանդատով հանում ենք բոլոր ժանգոտած մեխերին, այդ թվում՝ Արարատի մարզի, Մասիս քաղաքի»։

Այդ ընթացքում, մուրճը ձեռքին պահած, նա ցույց էր տալիս մուրճի հետևի մասով մեխերը հանելու գործողություն։

Ի դեպ, նույն մուրճը հայտնվեց նաև հաջորդ օրը՝ Սյունիքում քարոզարշավի ժամանակ։ Այդ օրը Փաշինյանը մուրճը ներկայացրեց որպես «իրենց պողպատյա մանդատի սիմվոլ»։

Այս մասին այն ժամանակ հայտարարություն էր տարածել Մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանը՝ նշելով, որ նախընտրական քարոզարշավի ընթացքում Նիկոլ Փաշինյանը պարբերաբար ցուցադրել է մուրճ, ինչը մարմնական վնասվածքի կամ բռնության հետ ասոցացվող գործիք է։ ՄԻՊ–ը կոչ էր արել զերծ մնալ նման քայլերից։

Այսպիսով, Հակոբ Արշակյանը սխալվում է, իսկ Լիլիթ Գալստյանի խոսքերը փաստարկված են․ Նիկոլ Փաշինյանը նախընտրական քարոզարշավի ընթացքում և՛ հայհոյախառն արտահայտություն է արել, և՛ մուրճ ցուցադրել՝ դա անվանելով «պողպատյա մանդատի սիմվոլ»։ 

 

Գլխավոր լուսանկարը՝ «Արմենպրեսի»

Աննա Սահակյան


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել