Կոսովոն Եվրամիությանն անդամակցության հայտ կներկայացնի
 |hetq.am|
12:04 - 13 դեկտեմբերի, 2022

Կոսովոն Եվրամիությանն անդամակցության հայտ կներկայացնի |hetq.am|

hetq.am: Կոսովոն մտադիր է դեկտեմբերի 15-ին Եվրամիությանն անդամակցության հայտ ներկայացնել։ Այդ մասին հայտնել է տեղական Radio Television of Kosovo հեռուստաընկերությունը՝ հղում անելով համապատասխան փաստաթղթերին։

Հեռուստաընկերությունը հայտնում է, որ դիմում-հայտը կազմվել է 2022 թվականի նոյեմբերին։ Այնտեղ նշվում է, որ ԵՄ-ին անդամակցությունը հանդիսանում է Կոսովոյի համար ռազմավարական նպատակ և դրան աջակցում է երկրի բնակչության ավելի քան 90%-ը։

«Այս քայլը ցույց է տալիս մեր քաղաքացիների ուժեղ կամքը և ծառայում որպես Կոսովոյի ինստիտուտների ամուր հանձնառության հստակ դրսևորում եվրատլանտյան ուղուն»,- նշված է փաստաթղթում։

RTK-ն նշում է, որ ԵՄ-ին Կոսովոյի անդամակցության հեռանկարները մնում են ոչ հստակ, քանի որ ԵՄ անդամ հինգ երկրներ, մասնավորապես Իսպանիան, Կիպրոսը, Հունաստանը, Սլովակիան և Ռումինիան, մինչ օրս չեն ճանաչել այդ երկրի անկախությունը։ Այդուհանդերձ, Կոսովոյի իշխանությունները վստահ են, որ երկիրը կատարել է իր բոլոր պարտականությունները, որոնք նախատեսված են 2015 թվականի հոկտեմբերի 27-ի «Կայունության և ասոցացման մասին» համաձայնագրով։ Ըստ այդ երկրի իշխանությունների՝ Կոսովոյի և Եվրամիության մերձեցման հետագա քայլերը պետք է որոշի հենց ԵՄ-ն։

Ավելի վաղ, ԵՄ-ին Կոսովոյի անդամակցության մտադրության մասին հայտարարել էր այդ երկրի առաջին փոխվարչապետ Բեսնիկ Բիսլիմին, որը պատասխանատու է Կոսովոյի եվրոպական ինտեգրման համար։ Նրա խոսքով՝ Կոսովոն ԵՄ-ին կարող է անդամակցել 2030 թվականին։ Նա նաև հավելել է, որ այդ պահին Կոսովոն արդեն իսկ կարգավորած կլինի իր վեճերը բոլոր այն երկրների հետ, որոնք հրաժարվել են ճանաչել Կոսովոյի անկախությունը։

2003 թվականին Եվրամիությունը որոշում էր ընդունել առաջարկելու Արևմտյան Բալկանների երկրներին անդամակցել Եվրամիությանը՝ այդ երկրներում քաղաքական և տնտեսական բարեփոխություններ անելու պայմանով, որոնք կհամապատասխանեին եվրոպական չափանիշները։ Այդ երկրներից առաջինը և միակը, որը 2013 թվականին միացել է ԵՄ-ին, Խորվաթիան է, իսկ Կոսովոն արևմտաբալկանյան միակ երկիրն է, որը դեռևս ԵՄ-ին անդամակցության հայտ չի ներկայացրել։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել