Իրավիճակի հանգուցալուծումը ՌԴ խաղաղապահ զորախմբի կողմից Լաչինի միջանցքում լիակատար վերահսկողության վերականգնումն է՝ ցանկացած կերպ․ Ռուբինյան
15:28 - 13 դեկտեմբերի, 2022

Իրավիճակի հանգուցալուծումը ՌԴ խաղաղապահ զորախմբի կողմից Լաչինի միջանցքում լիակատար վերահսկողության վերականգնումն է՝ ցանկացած կերպ․ Ռուբինյան

Ազգային ժողովի փոխնախագահ, Թուրքիայի հետ հարաբերություններում Հայաստանի հատուկ բանագնաց Ռուբեն Ռուբինյանը Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքը փակելու վերաբերյալ գրառում է կատարել, որը ներկայացնում ենք ստորև․ 
 
«Նոյեմբերի 9-ի հայտարարության 6-րդ կետում հստակ նշված է, որ.
 
Լաչինի միջանցքը գտնվում է Լեռնային Ղարաբաղում ՌԴ խաղաղապահ զորախմբի վերահսկողության ներքո։ Այսինքն միջանցքում զորախումբը ոչ թե կանգնած է Ադրբեջանի բանակի ու ԼՂ Պաշտպանության բանակի միջև՝ բախումներ թույլ չտալու համար, այլ իրականացնում է 5 կմ լայնությամբ տարածքի ուղիղ վերահսկողություն՝ ԼՂ և Հայաստանի միջև անխափան կապ ապահովելու նպատակով։
 
Համաձայն հայտարարության՝ Ոչ ԼՂ-ն, ոչ ՀՀ-ն Լաչինի միջանցքում որևէ գործառույթ չունեն, որովհետև այն չի գտնվում վերջիններիս վերահսկողության ներքո։
 
Ադրբեջանը նույնպես նույն պատճառով միջանցքում որևէ գործառույթ չունի, բայց ունի 1 պարտավորություն՝ «Ադրբեջանի Հանրապետությունը երաշխավորում է Լաչինի միջանցքով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և բեռների՝ երկու ուղղություններով տեղաշարժի անվտանգությունը»:
 
Այսինքն Ադրբեջանը պարտավորվել է որևէ կերպ վտանգի չենթարկել ՌԴ խաղաղապահ զորախմբի վերահսկողության ներքո գտնվող տարածքով ազատ տեղաշարժը։ (Օրինակ՝ չռմբակոծել ճանապարհը կամ ֆեյք բնապահպաններ այնտեղ չուղարկել այն արգելափակելու համար):
 
Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակումով Ադրբեջանն իր այս պարտավորությունն ակնհայտորեն խախտել է։
 
Արդյունքում խախտվել է նաև ՌԴ խաղաղապահ զորախմբի՝ միջանցքում վերահսկողություն իրականացնելու պարտավորությունը։
 
Իրավիճակի հանգուցալուծումը նոյեմբերի 9-ի հայտարարության 6-րդ կետի համաձայն ՌԴ խաղաղապահ զորախմբի կողմից Լաչինի միջանցքում իր լիակատար վերահսկողության վերականգնումն է՝ ցանկացած կերպ։
 
Հ.Գ. Փարիզում եմ ԵԽԽՎ քաղաքական և մոնիտորինգի կոմիտեների նիստերին մասնակցելու համար։ Ստեղծված իրավիճակը քննարկման թեմա եմ դարձնելու նաև այստեղ»,- նշված է գրառման մեջ։ 
 
Լուսանկարը՝ Ազգային ժողովի


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել