Եվրոպայի և աշխարհի առաջնություններում 1-ից 3-րդ տեղը զբաղեցրած մարզիկներին տրամադրվող միանվագ գումարը կկրկնապատկվի
 |armtimes.com|
13:41 - 15 դեկտեմբերի, 2022

Եվրոպայի և աշխարհի առաջնություններում 1-ից 3-րդ տեղը զբաղեցրած մարզիկներին տրամադրվող միանվագ գումարը կկրկնապատկվի |armtimes.com|

armtimes.com: Եվրոպայի և աշխարհի առաջնություններում 1-ից 3-րդ տեղը զբաղեցրած Հայաստանի Հանրապետությունը ներկայացնող մարզիկներին և նրանց մարզիչներին տրամադրվող միանվագ գումարը կրկնապատկվելու է:

Կառավարության այսօրվա նիստի ժամանակ նախագիծը ներկայացրեց կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նորանշանակ նախարար Ժաննա Անդրեասյանը:

Նախարարը նշեց, որ աշխարհի առաջնությունում 1-ից 3-րդ տեղերը զբաղեցրած մարզիկները, համապատասխանաբար՝ 5, 3,5 և 2 մլն դրամ մրցանակների փոխարեն կստանան 10, 7 և 4 մլն դրամ: Ազգային հավաքական թիմերի գլխավոր մարզիչները և մեդալակիր մարզիկների անձնական մարզիչները 2,5, 1,75 և 1 մլն դրամի փոխարեն կստանան, համապատասխանաբար, 5, 3,5 և 2 մլն դրամ, ազգային թիմերի 2-րդ մարզիչները 1 մլն, 700 հազար և 400 հազար դրամի փոխարեն կստանան 1 մլն, 1,4 մլն և 800 հազար դրամ:

Եվրոպայի առաջնություններում 1-ից 3-րդ տեղերը զբաղեցրած մարզիկները կկրկնապատկեն իրենց մրցանակները՝ 3 մլն, 1,8 մլն և 1,2 մլն դրամի փոխարեն ստանալով 6, 3.6 և 1,4 մլն դրամ: Համապատասխանաբար կկրկնապատկվեն նաև մարզիչների գումարները: Գումարները ներառում են վճարվող հարկերն ու տուրքերը:

«2022 թվականին Եվրոպայի և աշխարհի առաջնություններում ՀՀ-ը ներկայացնող մարզիկները ցուցաբերել են աննախադեպ արդյունք, դեռևս 2022 թվականի դեկտեմբերի 6-ի դրությամբ մենք ունեինք արդեն 298 մեդալ, որից 103-ը՝ ոսկե, 69-ը՝ արծաթե և 126 բրոնզե: Ասեմ, որ այս պահի դրությամբ արդեն 300-ի սահմանագիծը հատել ենք, որովհետև այս օրերին ևս համապատասխան մրցաշարեր են գրանցվում: Մինչ այս ամենաբարձր արդյունքը գրանցել էինք 2019 թվականին, երբ մարզիկները նվաճել էին 22 մեդալ»,- ասաց Անդրեասյանը:

Նրա խոսքով՝ շուրջ 170 հոգի են ծրագրի շահառու և առաջիկայում ստորագրման կներկայացվի այս մրցանակները ստացողների ցանկը. «Տարվա լավագույն մարզիկներ մրցույթի հաղթողների վճարվող գումարը կավելանա, և յուրաքանչյուրին կտրամադրվի 5 միլիոն դրամ»:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել