Միջանցքի ապաշրջափակման հարցով ՀՀ-ն դիմել է նաև ՄԱԿ-ի արդարադատության միջազգային դատարան․ Դրմեյան
13:22 - 16 դեկտեմբերի, 2022

Միջանցքի ապաշրջափակման հարցով ՀՀ-ն դիմել է նաև ՄԱԿ-ի արդարադատության միջազգային դատարան․ Դրմեյան

Դեկտեմբերի 14-ին Մարդու իրավունքների եվրոպական դատարան դիմելուց բացի ՀՀ-ն դիմել է նաեւ ՄԱԿ-ի արդարադատության միջազգային դատարան։ «Մեդիա կենտրոն»-ում ընթացող ասուլիսի ժամանակ ասաց Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչի գրասենյակի ղեկավար Լիպարիտ Դրմեյանը։

«Դիմել ենք նամակով՝ խնդրելով Ադրբեջանին փոխանցել մեր այն դիրքոոշումը, որ Բերձորի միջանցքը պետք է ապաշրջափակվի 48 ժամվա ընթացքում, որպեսզի հնարավորություն տրվի ապահովել մարդկանց ազատ տեղաշարժի իրավունքը, դա չիրականացնելու դեպքում կներկայացվի նախականխիչ միջոց ձեռնարկելու նոր դիմում»,- ասաց Դրմեյանը՝ հավելելով, որ րոպեների ընթացքում ծանուցում են ստացել դատարանից, որ նամակը փոխանցվել է Ադրբեջանին։

Անդրադառնալով ՄԻԵԴ ուղարկված՝ միջանկյալ միջոց կիրառելու մասին դիմումին՝ Դրմեյանն ասաց, որ այն ներառում է երկու բաղադրիչ․ առաջինը միջանցքի ապաշրջափակումն ու անձանց ազատ տեղաշարժի իրավունքի ապահովումն է, երկրորդը ներառում է այն անձանց տվյալները, որոնք ունեն անհապաղ ՀՀ տեղափոխվելու անհրաժեշտություն՝ իրենց առողջական վիճակով պայմանավորված։

Դրմեյանի խոսքով՝ երեկ երեկոյան ՄԻԵԴ է ուղարկվել դիմումի լրացում, քանի որ անհապաղ բուժօգնության կարիք ունեցող անձանց թիվը Արցախում ավելացել է։ ՄԻԵԴ-ը, ըստ Դրմեյանի, դիմումի վերաբերյալ որոշումը կայացրել է հենց այս լրացումն ուղարկելուց 1-2 ժամ հետո՝ պատասխանելու համար Ադրբեջանին ժամանակ տալով մինչ երկուշաբթի։

Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչի գրասենյակի ղեկավար Լիպարիտ Դրմեյանի գնահատմամբ՝ եթե 44-օրյա պատերազմի ակտիվ փուլում միջանկյալ միջոց կիրառելու դիմումներին Ադրբեջանը շատ պասիվ էր արձագանքում կամ երբեմն չէր արձագանքում, հետպպատերազմյան շրջանում, մասնավորապես, 2021 թվականի նոյեմբերի, ապա 2022 սեպտեմբերի ագրեսիայի հետ կապված ձեռնարկված իրավական գործընթացներին շատ արագ էր արձագանքում կամ որոշակի ինֆոմացիա էր տրամադրում որոշակի կոնկրետությամբ․ «Սա ենթադրում է, որ այս պրոցեսները որոշակի ազդեցություն ունենում են, եթե զուգորդված են իրավապաշտպան այլ կառույցների զեկույցների, միջազգային հանրության, պետությունների ղեկավարների կամ քաղաքական լիդերների արձագանքով»,- ասաց Դրմեյանը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել