Ամեն ինչ լավ ա լինելու, եւ հաստա՛տ ամեն ինչ լավ ա լինելու․ Երեւանում մնացած արցախցի երեխաները երգերով իրենց կոչը հնչեցրին
02:24 - 17 դեկտեմբերի, 2022

Ամեն ինչ լավ ա լինելու, եւ հաստա՛տ ամեն ինչ լավ ա լինելու․ Երեւանում մնացած արցախցի երեխաները երգերով իրենց կոչը հնչեցրին

Երեւանի կենտրոնում այսօր Արցախի ձայնն էր հնչում․ ադրբեջանցիների կողմից Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը փակելու պատճառով իրենց տուն չհասած երեխաները պուրակներից մեկում միջոցառում էին կազմակերպել․ երգում էին Արցախին ու հայրենիքին նվիրված երգեր։ Արցախցի 18 դպրոցահասակները, որոնք օրեր առաջ այցելել են Երեւան՝ մասնակցելու «Մանկական Եվրատեսիլ» միջոցառմանը, մի մասն են այն 270 երեխաների, որոնք բախվել են մի իրականության, երբ տուն հասնել չեն կարողանում, որովհետեւ հակառակորդի քիմքին այլ բան է հաճո։ 

18 երեխաները Մաշտոցի պողոտային հարակից զբոսայգիներից մեկում տեղադրված բեմ են բարձրանում Արցախի դրոշներով։ Մինչ ես փորձում եմ կառավարել իմ զգացմունքները, իսկ ես այս դրոշը տեսնելիս շատ զգացմունքային եմ դառնում, համերգի կազմակերպիչներից մեկը պտտվում է իմ կողմ ու առանց ավելորդ բառ ասելու ձեռքիս կապում սպիտակ, կարմիր ու մանուշակագույն թելերից հյուսված նարոտը՝ որպես մեր ժողովրդի միասնության խորհրդանիշ։

Արցախցի փոքրիկներին «Եվրատեսիլի» միջոցառմանը մասնակցելու էր բերել «Ապրելու» հիմնադրամը։ Նրանց հետ այս օրերին Երեւանում են միայն կազմակերպիչներն ու երկու ուսուցիչ։ Իսկ նրանց ծնողներն ու մյուս հարազատները մնացել են Արցախում՝ բլոկադայի մեջ։ Հիմնադրամի տնօրենը՝ Արաքսյա Գրիգորյանը, պատմում է, որ երեխաներին պատշաճ տեղավորել են հյուրանոցում, հոգում են բոլոր կարիքները ու անհամբեր սպասում ճանապարհի բացվելուն։ Գրիգորյանն ասում է, որ երեխաները Արցախի տարբեր բնակավայրերից են, տարբեր մշակութային կենտրոններից, խմբակներից, դրա համար սա ոչ թե պարզապես համերգ է, այլ կոչ։ Սա, ինչպես ես եմ հասկանում, կոչ է ուժեղ լինելու, միասնության, չընկճվելու, եւ կոչ միջազգային հանրությանը՝ աչքներն ի վերջո բացելու։ 

Արաքսյա Գրիգորյանը

Երեխաները սկսում են երգել․ նրանցից ամեն մեկի բերանից «Արցախ», «հայրենիք» ու այս տեսակ սրտամոտ բառերը հուզում են բոլորին, ամեն կողմում թաց աչքեր ու կրծքին պինդ սեղմված ձեռքեր են երեւում։

Բայց երեխաներից ուժ է գալիս։ Նրանցից մեկը՝ Արման, մինչ միջոցառումը սկսելը վստահորեն ասում է՝ հիմա ամենակարեւորն այն է, որ հավատանք՝ ամեն ինչ լավ է լինելու։ Արմանը պատմում է, որ «Եվրատեսիլի» օրը շատ ուրախ է անցել, բայց հաջորդ օրը, երբ պիտի տուն գնային ու ստիպված եղան մնալ Երեւանում, արդեն հեշտ չէր․ 

«Որ պիտի գնայինք Արցախ, ստիպված եղանք․․․ Զանգեցին, ասեցին, որ ճանապարհները փակ ա, մենք շատ տխրեցինք»,- ասում է նա։ Արմանի ծնողները Ստեփանակերտում են, ամեն օր իրար հետ խոսում են հեռախոսով․

Արման Սաֆարյանը

«Իրանք մեզ համար են մտածում, մենք էլ իրանց համար»,- ասում է Արմանը ու նկատում՝ թեեւ անսովոր չէ այս վիճակը, ադրբեջանցիներից սպասում էին նման բան, բայց, ինչպես ինքն է նշում, «մենք հայ ենք, պետք ա չվախենանք»։ 

Արմանն այստեղ ընկերացել է մյուս երեխաների հետ։ Մեզ հետ զրուցելու է կանչում ընկերոջը՝ Դավիթին, որը, պատմելով, թե ոնց զանգով իմացան՝ ճանապարհը փակ է, մեկ էլ հավատով ասում է․ «Երեւի վաղը գնանք․ երեւի չէ, հաստատ, հաստա՛տ գնալու ենք, հաստատ բացվելու ա»։ 

Դավիթը սպասում է՝ միջոցառումն ավարտեն, գնան հյուրանոց, որ զանգի ծնողներին․ «Հեսա գնամ հյուրանոց, զանգեմ, խոսեմ։ Մենք իրար փոխադարձ դուխ ենք տալիս, մի օր ես, մի օր՝ նրանք՝ ինձ։ Առաջին պահին, որ իմացա՝ կմնանք Երեւանում, ուրախացա, հետո հասկացա լրջությունը, սկսեցի անհանգստանալ, տխրել ծնողներիս համար։ Դե, նրանք Արցախում են, շատ վատ վիճակ ա, ամեն վայրկյան, Աստված չանի, կարող ա մի վատ բան լինի»,- անհանգիստ ասում է Դավիթը։ Նրա կարծիքով՝ հիմա ամենակարեւորը մարդկանց համար «դուխն» է․ «Պիտի հավատանք, Աստված մեր հետ ա, ամեն ինչ լավ ա լինելու, եւ հաստա՛տ ամեն ինչ լավ ա լինելու»,- կրկնում է նա։

Դավիթ Բեգլարյան

Արցախցի Էլգան եւս նոր ընկերների հետ Երեւանում մի օր ավելի էլ ուրախ ժամանակ անցկացնելու համար սկզբում ուրախացել է, բայց երբ գիտակցել է, թե ինչի համար են մնալու, շատ է տխրել․ «Անընդհատ ուզում էի, որ շուտ բացվի ճանապարհը։ Արցախում ինձ սպասում են իմ ծնողները, ընկերները, իրանց շատ եմ կարոտում, կարոտում եմ մեր կենտրոնը, որտեղ հաճախում եմ երգի թատրոն եւ թատերական խմբակ։ Տխուր եմ։ Հուսով եմ՝ ամեն ինչ լավ կլինի»,- պատմում է Էլգան, որին արդեն կանչում են՝ պիտի գնան հյուրանոց։ Բայց նա վերջին բանն էլ է հասցնում ասել․ «Ես միշտ լավատես եմ, որովհետեւ ամեն ինչի վերջը լավ է լինում, եթե լավ չի, ուրեմն դա դեռ վերջը չի»։

Էլգա Բաղդասարյանը

Էլգայի ընկերուհին՝ Լիան, ասում է՝ ինքն էլ է անչափ կարոտել ծնողներին ու հայրենիքը, բայց, ասում է, խմբի ղեկավարներն ամեն ինչ անում են, որպեսզի իրենք հագեցած օր ունենան ու չմտածեն տխուր բաների մասին։ Լիայի ծնողներն էլ փորձում են փակ ճանապարհի թեմայով շատ չխոսել, որպեսզի չվախենան ու չընկճվեն, թեեւ նա խոստովանում է․ «Մի քիչ վախի զգացում կա, որովհետեւ չգիտեմ, թե վերջում ինչ կլինի, բայց վստահ եմ, որ մենք ուժեղ ենք ու կկարողանանք հաղթահարել էդ ամենը»։ 

Լիա Ղազարյանը

Լավատես են երեխաները։ Հաջողի փոխարեն նրանց լավ լուր եմ մաղթում՝ զարթնեք՝ ճանապարհը բացված լինի։ 

Հայարփի Բաղդասարյան

Լուսանկարները՝ Ռոման Աբովյանի


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել