Ամեն օր արթնանում եմ էն մտքով, որ կարող ա՞ էսօր բացեն, ամեն րոպե հեռախոսը ցած չեմ դնում
19:42 - 17 դեկտեմբերի, 2022

Ամեն օր արթնանում եմ էն մտքով, որ կարող ա՞ էսօր բացեն, ամեն րոպե հեռախոսը ցած չեմ դնում

- Հունց ը՞ք, Մերի։

- Լա՜վ, դո՞ւք հունց ըք։

- Լավ, ի՞նչ կա չկա, ինտերնետ օնյի՞ք։

- Հաա, օնյինք։

- Գազ էլ օնյի՞ք։

- Գա՞զ, հա՜, գազ էլ։

- Մրսում չը՞ք։

- Չէ, պլիտա օնյինք։

- Հա՜, դե լավ ա։

- Շտեղ ը՞ս։

- Ռուզանի հետ ենք։

- Բա խե՞ մինյակ դու ես խոսում, կարող ա՞ շտո տը նի տոյա։

Տաթեւը Երեւանից զանգել է ընկերուհուն՝ Մերիին, որ բնակվում է ադրբեջանցիներին երեւի ամենամոտիկ գյուղում՝ Մարտունու շրջանի Թաղավարդում, նրա որպիսությունն է հարցնում, տրամադրությունը հասկանում՝ ինչպե՞ս են, ինչ կա չկա Արցախում, որ արդեն վեց օր է՝ բլոկադայի մեջ է։ Մերին չի դժգոհում, ասում է՝ վիճակը հանգիստ է, «կրակոց, պյեն չկա»։ Տաթեւի ու Մերիի հարց ու պատասխանի արանքում կարճ դադարներ են, անշտապ զրույց է, որին միանում է Ռուզանը, որը ադրբեջանցիների կողմից Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհի փակվելու պատճառով չի կարողացել վերադառնալ տուն՝ Ստեփանակերտ, ու ժամանակավորապես մնում է Տաթեւենց հարկի տակ։ Տաթեւն էլ է Արցախից, ուսման նպատակով ժամանակավորապես Երեւանում է ապրում։

- Ինչ կա՞, Մերի,- հարցնում է Ռուզանը։

- Պյեն չկա։

- Թաղավարդ հանգիստ ա՞։

- Հա, հանգիստ ա, տեղ ի՞նչ կա, ի՞նչ ըք անում։

- Հինգի՞դամ, քինյամ ընք ցույցի, կյամ, բայց․․․ Անկապ ա, հասկանում չընք՝ ինչ ա կատարվում․․․ Ամեն վայրկյան սպասում ընք․․․

Ռուզանը դեկտեմբերի 9-ին գործնական հարցերով է Երեւան եկել, կիրակի արդեն պիտի վերադառնար Ստեփանակերտ, բայց ճանապարհը փակվել է․

«Ճիշտն ասած՝ մտածում էի, որ մի երկու-երեք ժամ կտեւի փակելը, լուրջ չընդունեցի իրականում, իրենց տեսքից էլ տենց լուրջ չընդունեցի, բայց որ մի չորս-հինգ ժամ անցավ, արդեն ընկերներիս հետ խոսելուց էլ ասեցի, որ չէ, էս հիմա չեն բացելու, հաստատ երկար կտեւի։ Բայց հիմա արդեն ամեն օր արթնանում եմ էն մտքով, որ կարող ա՞ էսօր բացեն, ամեն ժամ, ամեն րոպե, էդ հեռախոսը ցած չեմ դնում, անընդհատ նայում, սպասում եմ»,- պատմում է Ռուզանը։

Ռուզան Հովհաննիսյանը

Նրա 15-ամյա դուստրը, ծնողները, քույրն ու եղբայրը մնացել ենՍտեփանակերտում՝ բլոկադայի մեջ․

«Իմիջիայլոց,- ասում է Ռուզանը,- իմ աղջիկը շատ ուժեղ ա։ Զանգել ա, ասում եմ՝ ի՞նչ կա, ի՞նչ ես անում, ասում ա՝ ֆոտոներ եմ անում քաղաքում, նկարներն ուղարկում ա ինձ։ Թումո ա հաճախում, հեսա երկուշաբթի օրվանից նորից դասի կգնա, պատրաստվում ա քննության»,- դստեր ստեփանակերտյան առօրյայից է պատմում Ռուզանն ու ասում, որ նա ռուսական կրթություն ունի, բայց հատկապես պատերազմից հետո անչափ հետաքրքրված է ազգային երաժշտությամբ, գրականությամբ, ասել է՝ Երեւանից գնալիս մայրը հետը գրքեր տանի․

«Իրենք հա փորձում են ինձ հույս տալ, իրե՛նք են փորձում հույս տալ, ասում են՝ նորմալ ա, մենք ուժեղ ենք, էս ենք անում, էն ենք անում, հեսա տորթ ենք թխում, սենց-նենց, բայց չգիտեմ, մեկ ա, էլի․․․ Էսօր քույրիկս արդեն ասեց՝ ձեռքս էլ չի գնում, չեմ ուզում տանն ինչ-որ բան անեմ․․․ Բայց ընդհանուր էդ ոգին պարտվողական չէ, ես վստահ եմ, իմ ծանոթներն, իմ մոտիկ հարզատները էդ ձեւի չեն, միշտ էլ մտածում են, որ մենք պետք ա ապրենք էնտեղ, ծնողներս՝ թե՝ մենք մեր տունը թողնենք, ո՞ւր գնանք, էդ են մտածում, չգիտեմ։ Նույնիսկ աղջիկս, որ մինչեւ 2020-ի պատերազմն ասում էր՝ դե ստեղ ի՞նչ ապագա, պատերազմից հետո ասում ա՝ ես ստեղից ոչ մի տեղ չեմ ուզում գնամ»։

Ես հարցերով չեմ ընդհատում Ռուզանին, նա հանգիստ շարունակում է․ «Իրականում մեր բոլորի երազանքն ա լինել Հայաստանի մի մաս։ Ես ասում եմ իմ անունից, իմ մոտիկների, հարազատների։ Չգիտեմ, չէ, շատ դժվար ա։ Ճիշտ ա, եթե էնտեղ լինեի, ինձ համար ավելի հեշտ կլիներ։ Իմ մոտ սենց օրինաչափություն ա դարձել, ասենք՝ սեպտեմբերի 27-ին պատերազմը սկսեց, ես ստեղ էի, սեպտեմբերի 13-ին սկսեց, ես ստեղ էի, ճիշտ ա՝ ամեն անգամ հետ գնացի նույն օրը, բայց էս անգամ չկարողացա։ Ասում եմ՝ մի ճանապարհ չկա՞՝ գնամ հասնեմ, նույնիսկ ոտքով գնամ․․․ Իմ համար սա ամենավատն ա, որ ես չեմ կարողանում գնալ իմ ընտանիքի մոտ»։

Միջազգային կառույցների, երկրների կոչերը Ռուզանին էլ չեն հուզում, ասում է՝ ինձ մեկ է, լրիվ մեկ է, «ես ուզում եմ՝ իմ Արցախը հանգիստ ապրի, նորմալ ապրի», ու այստեղ նրա կոկորդը սկսում է դողալ․ 

«Ես ուզում եմ՝ իմ երեխեն էնտեղ նորմալ ապրի, էնտեղ մեծանա, էնտեղ սովորի, որպեսզի, չգիտեմ, այլեւս ինքը չտեսնի էն, ինչը ես եմ տեսել իմ մանկության ժամանակ։ Այսինքն՝ ինքն արդեն տեսավ, էդ իմ ամբողջ կյանքի վախն էր։ Իննսունականներին ես հենց էդ տարիքին էի, ինչ տարիքի հիմա ինքն է, մի քիչ էի փոքր։ Բայց ամբողջ կյանքում էդ վախն ինձ մոտ կար թաքնված, որ հանկարծ իմ երեխեն էդ չտեսնի։ Հիմա չգիտեմ՝ ով ա լինելու էնտեղ, ռուսն ա լինելու, միջազգային ինչ-որ կառույց ա լինելու, բայց էդ սահմանագծի պահը․․․ Ինձ թվում ա՝ թուրքի ու հայի համատեղ ապրելը մոտակա մի հարյուր տարում անհնար բան ա, որովհետեւ էդ վերքերը էնքան թարմ են, էնքան ուժեղ ա նստած մեր մոտ, որ․․․ Ես լիքը ընկերներ եմ կորցրել, նույնիսկ իննսունականներին, իմ տարիքի երեխեք, ում հետ ես ամեն օր խաղում էի բակում, իրենք իմ աչքի դեմը էդ ռմբակոծությունից զոհվել են։ Ասենք, ես ո՞նց դա մոռանամ, ես մինչեւ էսօր էդ չեմ մոռացել։ Մի հատ էլ հիմա թարմացավ․․․»։ 

Ռուզանին անհանգստացնում են վերջին օրերին ադրբեջանական կողմից տարածվող հաղորդագրությունները, թե իբր հայկական կողմը կրակ է բացել իրենց դիրքերի ուղղությամբ։ Ասում է՝ էս քսան տարի, երեսուն տարի, երբ նման ինֆորմացիա է պտտվում, ուրեմն նրանք պատրաստվում են կրակել․ «Բայց մեկ ա, էլի փորձում ես էդ հանես [մտքիցդ] ու միշտ մտածես՝ կարող ա ամեն դեպքում լավ լինի, էլի էն վերջում, էն թունելի վերջում լույսը կա՞»,- ինքն իրեն հարցնում է նա։

Տաթեւը, որը հոգեբանություն է սովորում, Ռուզանի հետ ծանոթացել է Արցախում պատերազմից տուժած ընտանիքների զավակների համար վերջինիս կազմակերպած բարոյահոգեբանական ճամբարներում կամավորության ընթացքում։ Ասում է՝ երբ Ռուզանն Արցախից գալիս է Երեւան, անպայման հանդիպում են, այդքան մտերմացել են։ Այս անգամ էլ գիտեին, որ նա Երեւանում է, ու երբ ճանապարհի փակ լինելու մասին իմացել են, միանգամից կապ են հաստատել նրա հետ։

Տաթեւ Հակոբյանը

Տաթեւը դասերի բերումով Երեւանում է ապրում, իսկ նրա համարյա բոլոր հարազատները Ստեփանակերտում են՝ շրջափակված։ Շատ հաճախ նրանց հետ կապի դուրս գալ չի ստացվում, ինտերնետի խափանումներ են լինում․

«Մի պահ մտածեցինք՝ վերջ, էլ ճանապարհ չեն տալու, որ գնանք, մենք էլ կմնանք մենակ, բայց ավելի լավ ա էնտեղ լինենք՝ իրանց հետ, առանց իրենց մեր կյանքն իմաստ չի ունենա, ես չեմ կարա ապրեմ, երբ կորցնեմ հարազատներիս։ Երբ լսեցի [ճանապարհի փակվելու մասին], ինձ թվաց վերջ, կյանքը․․․ Հենց ճանապարհը բացվի, առաջին իսկ օրը անպայման գնալու եմ Արցախ։ Շատ դժվար ա, որ չես պատկերացնում՝ իրանք ինչ վիճակում են, ու որ հեռու ես, քեզ մի քիչ վատ ես զգում, որ ոչ մի բանով չես կարող իրենց օգնել։ Քաջալերող խոսքեր չենք կարողանում ասել, որովհետեւ արցունք ա լցվում աչքերը, շատ քիչ ենք խոսում, հիմանակնում «ինչպես ես, ամեն ինչ լա՞վ ա, չե՞ս մրսում»»։

Տաթեւը հույս ունի, որ հակառակորդի այստեսակ սադրանքները շուտ կվերանան, իրավիճակը կհաթրվի, թեեւ, ասում է, բոլորն էլ գիտեին, որ նման բաներ կարող են տեղի ունենալ․ «Որովհետեւ ադրբեջանցիներն այնպիսի ազգ են, որ անընդհատ փորձում են մեզ պրովոկացիաների ենթարկել։ Ընդհանրապես չենք զարմացել։ Բայց միշտ էլ կանգուն ենք, միշտ միասնական»։ 

Այսօր Երեւանի վրա անփույթ մառախուխ է կախվել։ Ռուզանն անհանգստանում է՝ «երեխեքին հետս տանում եմ ցույցի, սառչում են»։ Ինքն ու Տաթեւը մինչեւ վերելակի դռները փակվելը հայացքով ուղեկցում են մեզ․ արդեն վեց օր է՝ «հաջող, լավ մնաք»-ի հետեւից ըղձական ապառնիով մի բան էլ է հնչում․ «ճամփեն բացվի»։

Հայարփի Բաղդասարյան


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել