Ադրբեջանը Սոթքի հանքի իր հատվածի փոխարեն բրիտանական ընկերությանը «տվել է» 3 տարածք, այդ թվում՝ Կաշենի հանքը |hetq.am|
22:47 - 17 դեկտեմբերի, 2022

Ադրբեջանը Սոթքի հանքի իր հատվածի փոխարեն բրիտանական ընկերությանը «տվել է» 3 տարածք, այդ թվում՝ Կաշենի հանքը |hetq.am|

hetq.am: Դեկտեմբերի 12-ից Արցախը Հայաստանին կապող միակ՝ Ստեփանակերտ-Գորիս մայրուղին փակած ադրբեջանցիները, որոնք ներկայանում են «էկոակտիվիստ» ու պահանջում իբր թե բնապահպանական նպատակներով մոնիտորինգ իրականացնել Կաշենի հանքավայրում, ընդամենը մեծ խաղի մի պտուտակն են, սովորական խամաճիկներ Ալիեւի եւ նրա շրջապատի քաղաքական ու տնտեսական նպատակների համար:

Քաղաքական շարժառիթների մասին շատ է խոսվել այս ընթացքում՝ գլխավոր նպատակը Արցախի հայաթափումն է, իսկ ահա տնտեսական շարժառիթը Կաշենի հանքավայրն Արցախից զավթելն է, ինչի ուղղությամբ առաջին քայլը, ըստ էության, ադրբեջանցիներն արել են դեռ այս տարվա հուլիսի 5-ին:

Այդ օրը փոփոխություն է կատարվել Ադրբեջանում գործունեություն ծավալող տանական «Anglo Asian Mining Plc»-ի հետ կնքված պայմանագրում, ինչով էլ վերջինիս հանձնվել է հանքարդյունաբերական գործունեության 3 նոր տարածք (contract area): Դրանցից մեկը, որն ադրբեջանցիներն ու բրիտանական ընկերությունն անվանում են Դեմիրլի, ըստ բրիտանական կողմի հրապարակած քարտեզի, համընկնում է Արցախի Մարտակերտի շրջանի արեւելյան հատվածին: Իսկ ընդհանրապես Դեմիրլի անունով ադրբեջանցիները կոչում են Մարտակերտի շրջանի Ծաղկաշեն գյուղը, որի հարեւանությամբ էլ գտնվում է Կաշենի հանքավայրը:

Ադրբեջանն «Anglo Asian»-ին էր «հանձնել» 6 տարածք, այդ թվում՝ Արցախում

«Anglo Asian Mining»-ն իր կայքում հայտնում է, որ դեռ 1997-ի օգոստոսին Ադրբեջանի կառավարության հետ կնքած պայմանագրով ստացել էր հանքարդյունաբերությամբ զբաղվելու 6 պայմանագրային տարածք (contract area): Իրականում պայմանագիր կնքողը եղել է ոչ թե բրիտանական այս ընկերությունը, որը հիմնադրվել է 2004-ին Լոնդոնում, այլ ամերիկյան «RV Investment Group Services LLC»-ն: Իսկ նրանց կապողը սեփականատերն է՝ պարսիկ Մոհամադ Ռեզա Վազիրին (Mohammad Reza Vaziri), որի անվանական սկզբնատառերով էլ կոչվել է ամերիկյան ընկերությունը: Վերջինս հիմնադրվել էր 1996 թ. ԱՄՆ Դելավեր նահանգում, որը համարվում է «հարկային դրախտ», ինչպես օֆշորային գոտիները:

Ամերիկյան ընկերության ձեռք բերած տարածքներն էին Գեդաբեկը (հայկական պատմական Գետաբակն է), Գոշան, Օրդուբադը, Սոյուդլուն (նույն Սոթքն է), Ղզլբուլաղն ու Վեյնալին: Սրանցից վերջին երեքը Արցախյան առաջին պատերազմից հետո գտնվում էին ԼՂՀ-ի վերահսկողության ներքո. այսպես՝ Սոթքի հանքի մի մասը ՀՀ Գեղարքունիքի մարզում է, մնացածը՝ պատմական Քարվաճառում, Ղզլբուլաղի տարածքը ներառում է Արցախի Մարտակերտի շրջանի մի մասը (Սարսանգի ջրամբարից հարավ) ու որոշ հատված Ասկերանի շրջանից, սակայն դրա հիմնական ռեսուրսը Դրմբոնի հանքն է, Վեյնալին էլ (այլ աղբյուրներում՝ Վեջնալի) պատմական Կովսականում է (Զանգելան):  

Այդուհանդերձ, Ռեզա Վազիրին իր ընկերների հետ միայն 2000-ականների երկրորդ կեսին է ակտիվ հանքարդյունաբերական գործունեություն սկսել Ադրբեջանում, բայց արդեն բրիտանական «Anglo Asian Mining»-ով: Վերջինս մինչեւ 2022 թ. հուլիս «ուներ» 6 պայմանագրային տարածք, որոնցից 3-ում էր գործունեություն ծավալում՝ արդունահանում կամ հետախուզում կատարում:

Գեդաբեկի պայմանագրային տարածքում, որն ավելի քան 300 քկմ է, հետախուզություն եւ արդյունահանում կատարելու իրավունքները «Anglo Asian Mining»-ն ստացել է 2007-ին 25 տարի ժամկետով: Հանքարդյունաբերական գործունեությունն այստեղ սկսվել է 2008-ին: Հիմնական մետաղներն են ոսկին, պղինձը, արծաթը:

Գեդաբեկն, ըստ էության, բրիտանական ընկերության գործունեության գլխավոր շրջանն է:

Գեդաբեկի համալիրում մշակվում է նաեւ հարեւան Գոշայի պայմանագրային տարածքից (300 քկմ) արդյունահանված ոսկին, պղինձն ու արծաթը: Գոշան շահագործվում է 2014-ից:

Նախիջեւանի Ինքնավար Հանրապետությունում գտնվող Օրդուբադի պայմանագրային տարածքում (462 քկմ) դեռ հետախուզական աշխատանքներ են ընթանում:

Խեղաթյուրելով 2020 թ. նոյեմբերի 9-ի հայտարարության բովանդակությունը, բրիտանական ընկերությունը նշում է, թե իբր այդ համաձայնության շնորհիվ ՀՀ Սյունիքի մարզով Ադրբեջանից դեպի Նախիջեւան միջանցք է գործելու, ինչը մեծապես կօգնի «Anglo Asian Mining»-ի կողմից Օրդուբադի ռեսուրսների արդյունահանման ծրագրին: Այսինքն՝ տեսնում ենք, որ թուրք-ադրբեջանական տանդեմի (եւ նրանց հայտնի ու անհայտ աջակիցների) այդքան փափագած «Զանգեզուրի միջանցք» ծրագիրը ոչ միայն քաղաքական ու ռազմական, այլ նաեւ տնտեսական բաղադրիչ ունի, որի ապացույցներից մեկն էլ «Anglo Asian Mining»-ի յուրատեսակ խոստովանությունն է:    

Բրիտանական ընկերությունը Սոթքի հանքի փոխարեն «ստացել է» 3 նոր տարածք

2022 թ. հուլիսի 5-ին «Anglo Asian»-ը Գեդաբեկի ու Գոշայի հարեւանությամբ 2 նոր տարածք է ստացել՝ Ղարղարն ու Ղարադաղը: Սրանցից առաջինը պղնձի հանքարդյունաբերական գոտի է, երկրորդը՝ պորֆիրի, որը հրաբխածին ապար է եւ ծառայում է որպես շինանյութ, չնայած պորֆիրի որոշ տեսակներ ներառում են նաեւ գունավոր մետաղներ՝ պղինձ, մոլիբդեն, ոսկի, պալադիմում, ռենիում:

Ամբողջական հոդվածը՝ hetq.am-ում։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել