«Միակ ճանապարհը, որը Արցախը միացնում է Մայր Հայաստանին, պետք է բացվի ու երբեք չփակվի»․ արցախցի երիտասարդները ակցիա իրականացրին
11:45 - 19 դեկտեմբերի, 2022

«Միակ ճանապարհը, որը Արցախը միացնում է Մայր Հայաստանին, պետք է բացվի ու երբեք չփակվի»․ արցախցի երիտասարդները ակցիա իրականացրին

Երևանի Հանրապետության հրապարակում երեկ մի խումբ երիտասարդներ բողոքի ակցիա իրականացրին՝ հաջակցություն Ադրբեջանի կողմից շրջափակված Արցախի։ Նրանց միացել էին նաև Մարզերի երեխաները մարզերում (ՄԵՄ) նախաձեռնության անդամները։ 

«Խնդրում եմ անտարբեր չանցնել, բոլորս միահամուռ լինենք այս պայքարում և ցույց տանք, որ արցախահայության կողքին ենք և համատեղ ուժերով կարող ենք հասնել հաղթանակի»,-Հանրապետության հրապարակի անցորդներին դիմելով՝ ասում էր ակցիան նախաձեռնող երիտասարդներից մեկը։


Հանրապետության հրապարակից ակցիայի մասնակիցները քայլերթով շարժվեցին դեպի ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակ, որտեղ էլ շարունակեցին ակցիան։ 

Ակցիայի մասնակիցներից մեկը 11-ամյա Դավիթ Ազնաուրյանն էր, որը ապրում է Երևանում։ Դավիթը ասում է, որ բոլորի համար է պայքարում և ցանկանում է, որ Արցախի իր հասակակիցները ապրեն ազատության մեջ, ինչպես ինքը։

«Ես ուզում եմ, որ իրենք ոչ մի բանից չզրկվեն, ամեն ինչ ունենան»։ Դավիթը արցախցի ընկերներ ունի, որոնց հետ պատերազմից հետո է ծանոթացել ու մինչև այժմ պահում է կապը նրանց հետ։

Արցախցի երիտասարդներին միացել էր նաև Մանե Պողոսյանը․ նա Արագածոտնի մարզից է և այժմ սովորում է Երևանում․ «Յուրաքանչյուր հայ հիմա պիտի մասնակցի այս ակցիաներին, լինի բոլորիս կողքին, այս ակցիան հենց դրա համար է»,- վստահ է նա։ 

Նա պատմում է, որ, չնայած օրեր շարունակ Ադրբեջանը փակ է պահում Արցախի ճանապարհը, բայց մարդիկ տեղյակ չեն այդ մասին․ «Մենք քայլում ենք, մարդիկ կողքով անցնում են, ասում են՝ ինչի՞ համար եք հավաքվել, ի՞նչ է կատարվում։ Նպատակը այն է, որ վաղը, մյուս օրը, այն մյուս օրը այսքանով չլինենք, մարդիկ գիտակցեն, հասկանան, գան ու լինեն մեր կողքին, որ հնարավորինս շատ մարդ իմանա ու հնարավորինս շուտ այս հարցը լուծվի»։ 

Մանեն Արցախում շատ ընկերներ ունի, նաև Երևանում գտնվող ընկերներ ունի, որոնք այստեղից չեն կարողանում վերադառնալ տուն՝ Արցախ․ «Վերջերս նախաձեռնություն կար, հավաքվել էինք, նվերներ էինք գնում արցախցի փոքրիկների համար, որ Ամանորին ուղարկենք, բայց հիմա այդ հնարավորությունը ուղղակի չկա, մենք այդ ամեն ինչը հավաքել ենք, բայց հնարավորություն չկա, որ այդ ամենը հասնի իրենց ուրախացնենք»։

Մանեն կարծում է, որ եթե շատ մարդիկ միանան այս ակցիաներին, շատ հնարավոր է, որ միջանցքը շուտով կբացվի։ 

13-ամյա Վալերի Սայիյանի ընտանիքը տարիներ առաջ է Ստեփանակերտից տեղափոխվել Երևան․ «Ես ապրում եմ Երևանում, բայց իմ ընկերները, բարեկամները գտնվում են Ստեփանակերտում, Արցախում։ Ես Ադրբեջանին կոչ եմ անում բացել Լաչինի միջանցքը»,-ասում է Վալերին։ Տղան այժմ էլ արցախցի իր ընկերների հետ կապի մեջ է, ասում է, որ այնտեղ իր ընկերները «պինդ են մնում»։ 

Ակցիայի նախաձեռնողներից մեկը Անի Առաքելյանն է․ նրա խոսքով՝ ակցիայի գլխավոր ասելիքը մեկն է․ միակ ճանապարհը, որը Արցախը միացնում է Մայր Հայաստանին, պետք է բացվի ու երբեք չկփակվի․ «Մեր գերնպատակը ոչ թե միայն այսօր բացելն է ճանապարհը, այլ որ բացեն ու ընդհանրապես չմտածեն փակելու մասին։ Մենք դուրս ենք եկել, որպեսզի իրազեկենք ժողովրդին, մեր 120.000 հայրենակիցներ գտնվում են շրջափակման մեջ, այն ժողովրդին, որը տարված է Նոր տարվա պատրաստություններով։ Այսօր ունենք աղետալի իրավիճակ, որը հանգեցնելու է շատ վատ ու սարսափելի իրավիճակի։ Ոչ միայն Արցախի Հանրապետության ժողովրդին է սպառնում այդ վտանգը, այլ նաև ամբողջ հայությանը»։ 

Անին Հադրութից է, 22 տարի այնտեղ է ապրել․ հիմա նա Երևանում է բնակվում, բարեկամները՝ Ստեփանակերտում․ «Իրենք ինձնից ուժեղ են, արցախցին չի կարող ընկճվել, ոչ միայն արցախցին, հայը երբեք չի ընկճվում։ Այսօր խոսել եմ իրենց հետ, ասում եմ՝ ոնց եք, ասում են՝ դուք ձեզ յիշեցեք, մունք լավ ենք»։

Անին նշում է, որ ակցիաները շարունակական են լինելու․ այսօր էլ ակցիա է սպասվում կառավարության շենքի մոտ․ «Եռակողմ պայմանագրի ամենագլխավոր դերը Հայաստանի Հանրապետությունն ունի, Արցախի կողմից բանակցում է Հայաստանի Հանրապետությունը, փաստաթուղթը ստորագրվել է ՀՀ-ի կողմից, և այսօր նաև պահանջագիր ունենք ներկայացնելու կառավարությանը»,- ասում է Անին։ 

Ակցիային մասնակցող 8-ամյա Աննան ու 11-ամյա Արմանը նույնպես հադրութցի են, քույր ու եղբայր։ Նրանք այժմ ապրում են Երևանում։ Արմանը պատմում է, որ երբ Արցախի ճանապարհը փակ չէր, արցախցի իր ընկերները կարողանում էին գալ Երևան։ Նա հույս ունի, որ ճանապարհը բացվելուց հետո նորից կհանդիպի ընկերներին․ 

«Կասեմ, որ նրանք լինեն ամուր, պինդ, շուտով նրանք խաղաղ երկնքի տակ կապրեն»,-դիմելով արցախցի ընկերներին՝ ասում է Արմանը։

Մայիս Մարգարյանը միացել է ակցիային՝ առաջին հերթին արցախցի երիտասարդներին հոգեբանական աջակցություն ցույց տալու համար․ «Նաև մասնակցում եմ, որպեսզի օրինակ ծառայեմ՝ հաշվի առնելով, որ մի քիչ մեծ ֆեյսբուքյան լսարան ունեմ, և երրորդը՝ սոցիալական կապիտալս օգտագործեմ, որպեսզի ալիքը ուժեղանա»։ 

Նրա կարծիքով՝ եթե նմանատիպ ակցիաները թիրախավորված լինեն, օգուտ կտան,․ «Եթե լինեն շարունակական, լինեն լավ պլանավորված, լինեն թիրախային՝ ավելի շատ ուշադրություն բերելու համար միջազգային կառույցներին, որոշակի օգուտ կտան, հաստատ ոչինչ չանելուց լավ է»,- վստահ է Մայիս Մարգարյանը։

Դեկտեմբերի 12-ի առավոտյան ժամը 10:30-ից մի խումբ ադրբեջանցիներ՝ բնապահպանական պատճառաբանություններով փակել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղու Շուշի-Քարին տակ հատվածը՝ շրջափակման մեջ դնելով Արցախի 120.000 բնակիչների։ 1100 քաղաքացիական անձինք, այդ թվում՝ 270-ը անչափահասներ, չեն կարողանում վերադառնալ Արցախ, նրանց մի մասը ժամանակավոր մնացել է Սյունիքի մարզում։ Ընդհատված է Շուշիի շրջանի Լիսագոր, Մեծ Շեն, Հին Շեն և Եղցահող գյուղերի տրանսպորտային կապը մայրաքաղաք Ստեփանակերտի հետ։ Ադրբեջանը դեկտեմբերի 13-ից խափանել էր նաև Արցախի Հանրապետության գազամատակարարումը: Դեկտեմբերի 16-ին գազամատակարարումը վերականգնվել է։

 

Նանե Ավետիսյան


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել