Մինսկում կայացել են Վլադիմիր Պուտինի ու Ալեքսանդր Լուկաշենկոյի բանակցությունները
 |hetq.am|
12:19 - 20 դեկտեմբերի, 2022

Մինսկում կայացել են Վլադիմիր Պուտինի ու Ալեքսանդր Լուկաշենկոյի բանակցությունները |hetq.am|

hetq.am: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը նախօրեին այցելել է Մինսկ և հանդիպել Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ։ Երկու երկրների նախագահների ընդլայնված կազմով բանակցությունները տևել են ավելի քան 2,5 ժամ։ 

Բանակցությունների հիմնական թեման, ինչպես ավելի վաղ հայտարարվել էր, եղել է երկկողմ համագործակցությունը։ Պուտինի խոսքով՝ «քննարկումներն ընթացել են՝ հաշվի առնելով աշխարհում տիրող իրավիճակը, ընդհանուր առմամբ, և մասնավորապես մեր տարածաշրջանում»։

Հանդիպումից հետո տեղի ունեցած մամլո ասուլիսի ժամանակ ո՛չ Պուտինը, և ո՛չ էլ Լուկաշենկոն ուղիղ չեն հիշատակել Ուկրաինայում պատերազմը։ Ընդորում, ՌԴ նախագահը նշել է, որ Ռուսաստանն ու Բելառուսը պայմանավորվել են շարունակել համատեղ զորավարժությունների պրակտիկան, ինչպես նաև համատեղ պայքարել պատժամիջոցների դեմ։

«Մենք երկուսով համաագրեսորներ ենք, ամենավնասակար և թունավոր մարդիկ այս մոլորակի վրա։ Մենք միայն մի վեճ ունենք՝ ով ավելի շատ։ Վլադիմիր Վլադիմիրովիչն ասում է, որ ես։ Ես արդեն սկսել եմ մտածել, որ նա է։ Եվ միասին որոշեցինք, որ հավասար ենք»,- հայտարարել է Լուկաշենկոն՝ պատասխանելով աշխարհում Պուտինի և իր նկատմամբ առկա վերաբերմունքի մասին հարցին։

Պուտինը հանդիպումը բնորոշել է որպես «բավականին արդյունավետ»։ Ռուսաստանի նախագահը նշել է, որ երկու երկրները պայմանավորվել են նաև համատեղ զբաղվել նոր ռազմատեխնիկայի ստեղծմամբ ու մշակել միասնական գազային շուկայի ծրագիր։

Պուտինն ու Լուկաշենկոն հանդիպում են պարբերաբար, սակայն սա 2019 թվականից ի վեր Ռուսաստանի նախագահի առաջին այցն է Մինսկ։ 2022 թվականից սկզբից մինչ օրս Լուկաշենկոն Ռուսաստան է այցելել 7 անգամ, մի քանի անգամ էլ նրանք հանդիպել են միջազգային համաժողովների շրջանակներում, այդ թվում նաև Հայաստանում։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել