Թագուհի Թովմասյանը դիմել է ՌԴ օմբուդսմենին և Վալերի Ֆադեևին, որպեսզի ռուս խաղաղապահների միջոցով ռուսական հումանիտար օգնություն ուղարկվի Արցախ
13:56 - 20 դեկտեմբերի, 2022

Թագուհի Թովմասյանը դիմել է ՌԴ օմբուդսմենին և Վալերի Ֆադեևին, որպեսզի ռուս խաղաղապահների միջոցով ռուսական հումանիտար օգնություն ուղարկվի Արցախ

ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը դեկտեմբերի 20-ին արված հերթական հայտարարությամբ անդրադարձել է Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակման հրատապ խնդրին՝ նշելով.

«Արդեն ավելի քան 9 օր է Արցախը շրջափակված է Ադրբեջանի կողմից: Շուրջ 120.000 արցախցիներ կրում են հումանիտար ճգնաժամի ծանր հետեւանքները: Արցախի Հանրապետության բուժհաստատություններում ծանր եւ ծայրահեղ ծանր վիճակում գտնվող հիվանդներին շրջափակման հետեւանքով չեն կարողանում տեղափոխել հայաստանյան բուժհաստատություններ ու տրամադրել պատշաճ բուժօգնություն: Ցավոք, ծանր վիճակում գտնվող հիվանդներից մեկը մահացել է»:

Թագուհի Թովմասյանն ահազանգել է, որ միջազգային հանրության կողմից անպատժելիության հետեւանքով առաջիկայում արդեն ականատես ենք լինելու զանգվածային անդառնալի հետեւանքների: «Բոլոր մատակարարումները, ելումուտն Արցախ պարզապես արգելափակված են: Միջազգային հումանիտար իրավունքի այսպիսի աղաղակող խախտման հեղինակ Ադրբեջանը պետք է պատժվի: Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցները, միջազգային համապատասխան իրավաքաղաքական գործիքակազմի կիրառումն ագրեսորից Արցախի 120.000 բնակչության փրկության հասնելու հրամայական են»,-նշել է հանձնաժողովի նախագահը:

Այս իրավիճակում Թագուհի Թովմասյանը հատուկ խնդրանքով դիմել է Ռուսաստանի Դաշնության օմբուդսմեն Տատյանա Մոսկալկովային եւ ՌԴ նախագահին առընթեր քաղաքացիական հասարակության զարգացման եւ մարդու իրավունքների գծով խորհրդի նախագահ Վալերի Ֆադեեւին, որպեսզի ռուս խաղաղապահների միջոցով ռուսական հումանիտար օգնություն ուղարկվի Արցախ: Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահը ներկայացրել է առաջնային անհրաժեշտության կարիքների ցանկը:

«Քաղաքակիրթ աշխարհը պարզապես իրավունք չունի անտարբեր գտնվել 120.000 վտանգված կյանքերի հանդեպ: Արցախում հումանիտար արտակարգ իրավիճակն անխուսափելի է»,-եզրափակել է ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել