ԿԲ-ն ամեն ինչ անելու է՝ գնաճը թիրախին վերադարձնելու համար. ԿԲ փոխնախագահի թեկնածու
 |armenpress.am|
17:56 - 20 դեկտեմբերի, 2022

ԿԲ-ն ամեն ինչ անելու է՝ գնաճը թիրախին վերադարձնելու համար. ԿԲ փոխնախագահի թեկնածու |armenpress.am|

armenpress.am: Կենտրոնական բանկի փոխնախագահի թեկնածու Արմեն Նուրբեկյանը նկատել է, որ գնաճի առաջանցիկ ցուցանիշները որոշակիորեն սկսել են նվազել և վստահեցնում է՝ ԿԲ-ն ամեն ինչ անելու է՝ գնաճը թիրախին վերադարձնելու համար:

Նուրբեկյանը նման տեսակետ հայտնեց ԱԺ-ում իր թեկնածության հարցի քննարկմանը:

«2022 թվականի փետրվարին տեղի ունեցավ մեծ շոկ, որը ստեղծեց լուրջ գնաճային ճնշումներ: Գնաճային ճնշումների առաջին աղբյուրը միջազգային ապրանքահումքային գներն էին, իսկ երկրորդը՝ Հայաստանում արտաքին պահանջարկի շեշտակի աճը, ինչը պայմանավորված է ՌԴ-ից, Բելառուսից և Ուկրաինայից միջազգային այցելուների մեծ աճով»,-ասաց Նուրբեկյանը:

ԿԲ-ն այս իրավիճակում իր հիմնական տոկոսադրույքը բարձրացրել է՝ հասցնելով 10.75 տոկոս մակարդակի: Արդյունքում, թեկնածուի խոսքով՝ այս պահի դրությամբ ունենք 8.8 տոկոս գնաճ, որը Հայաստանի հետ համեմատելի երկրների համեմատ շատ ավելի ցածր է, և 10.75 տոկոս տոկոսադրույքի մակարդակ, որը ևս Հայաստանի հետ համեմատելի երկրների համեմատ շատ ավելի ցածր է:

«Այս պահի դրությամբ գնաճի առաջանցիկ ցուցանիշները որոշակիորեն սկսել են նվազման միտումներ ցուցաբերել, բայց իհարկե, դեռևս շատ վաղ է այս հարցը լուծված համարելու համար»,-ասաց նա՝ հավելելով, որ, երբ խոսում է համեմատաբար ցածր գնաճի մասին, ի նկատի ունի միջազգային կոնտեքստն ու ստեղծված դժվար պայմաններն աշխարհում:

Նուրբեկյանը նշեց՝ հաշվի առնելով հատկապես պարենային ապրանքների բարձր գնաճը՝ գիտակցում է, որ  շատ հայրենակիցների համար այս գնաճը ստեղծում է շատ մեծ դժվարություններ: «Իմ ուղերձն այստեղ շատ հստակ է՝ ԿԲ-ն ամեն ինչ անելու է՝ գնաճը թիրախին վերադարձնելու համար»,-շեշտեց նա:

Արմեն Նուրբեկյանի թեկնածությունն առաջադրել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել