ՀՀ կենտրոնական բանկի նախագահը հիմնավորեց վերաֆինանսավորման տոկոսադրույքն անփոփոխ թողնելու որոշումը |armenpress.am|
15:58 - 06 մայիսի, 2025

ՀՀ կենտրոնական բանկի նախագահը հիմնավորեց վերաֆինանսավորման տոկոսադրույքն անփոփոխ թողնելու որոշումը |armenpress.am|

armenpress.am: Հայաստանի կենտրոնական բանկի խորհուրդը մայիսի 6-ի նիստում որոշել է անփոփոխ թողնել վերաֆինանսավորման գործող տոկոսադրույքը՝ 6.75%։ 

Այս մասին ասուլիսում հայտարարեց Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը:

Նա նշեց, որ ընթացիկ տարվա առաջին եռամսյակում 12-ամսյա գնաճը արագանալով՝ մարտին կազմել է 3.3 տոկոս: Ներկայացնելով այդ ցուցանիշը՝ Մարտին Գալստյանն անմիջապես տեղեկացրեց, որ ՀՀ Վիճակագրական կոմիտեն հրապարակել է նաև ապրիլի գնաճի տվյալը՝ 3.2 տոկոս: ԿԲ ղեկավարը, շարունակելով միտքը, նշեց, որ 12- ամսյա բնականոն գնաճը ևս որոշակի ավելացել է, սակայն մնում է թիրախից ցածր՝ 2 տոկոսի մակարդակին:

Ըստ Գալստյանի՝ 2025 թվականի երկրորդ եռամսյակում համաշխարհային շուկայում, ինչպես նաև Հայաստանի հիմնական գործընկեր երկրներում պահանջարկի հետագա դանդաղեցման, իսկ ԱՄՆ-ում՝ զուգահեռաբար նաև գնաճի արագացման ռիսկերն էականորեն ավելացել են:

«ԱՄՆ տնտեսական քաղաքականության, հատկապես, առևտրային քաղաքականության և դրա մակրոտնտեսական ազդեցությունների շուրջ բարձր անորոշությունը պահպանվում է: Այս պայմաններում միջազգային ապրանքահումքային շուկաներում ձևավորվել են գների նվազման առարկայական ռիսկեր: Մյուս կողմից՝ միջազգային առևտրային հարաբերություններում աճող լարվածությամբ, ինչպես նաև աշխարհաքաղաքական խնդիրներով պայմանավորված՝ պահպանվում են առաջարկի արժեշղթաների հնարավոր խաթարման և համաշխարհային գնաճային ռիսկերը: Ավելացել են միջնաժամկետում ԱՄՆ հարկաբյուջետային քաղաքականության կողմից ամբողջական պահանջարկի խթանման չափի, դրանից ածանցվող պարտքի մեծացման և երկարաժամկետ տոկոսադրույքների վրա հավանական ազդեցությունների վերաբերյալ անորոշությունները»,- ներկայացրեց  Գալստյանը:

Նա ընդգծեց, որ այս համատեքստում, հաշվի առնելով գործընկեր երկրներում աշխատաշուկայի դեռևս պահպանվող խիստ պայմանները և ընդհանուր բարձր գնաճային միջավայրը, հավանական է, որ առաջատար երկրների կենտրոնական բանկերն առաջիկայում հիմնականում կպահպանեն կամ աստիճանաբար կթուլացնեն դրամավարկային խիստ պայմանները:

ԿԲ ղեկավարի ներկայացմամբ՝ այս տարվա առաջին եռամսյակում Հայաստանում տնտեսական ակտիվությունը դանդաղել է՝ մեծապես կրելով որոշ կարճաժամկետ, ոչ կառուցվածքային աճի գործոնների աստիճանական չեզոքացման ազդեցությունը: 

«Ակտիվության աճին շարունակել են զգալիորեն նպաստել շինարարության և ծառայությունների ճյուղերի բարձր աճը: Միևնույն ժամանակ, տնտեսական աճի կառուցվածքային առանձնահատկություններից բխող՝ աճի կայունության, երկարաժամկետ հեռանկարի, ինչպես նաև ներքին պահանջարկի հետագա միտումների վերաբերյալ անորոշությունները մնում են բարձր: Ծառայությունների նկատմամբ արտաքին պահանջարկը շարունակում է նվազել, իսկ ընդհանուր պահանջարկի միջավայրը գնաճի տեսանկյունից գնահատվում է չեզոք: Նման իրավիճակում աշխատաշուկայի պայմանները որոշակիորեն թուլացել են՝ արտահայտվելով աշխատավարձերի, կոշտ գներով բնութագրվող ծառայությունների գնաճի և գնաճային սպասումների աստիճանական կայունացմամբ: Միաժամանակ, հարկաբյուջետային քաղաքականության կողմից միջնաժամկետ հորիզոնում առկա են գնաճային ռիսկեր»,- հայտնեց նա: 

Մարտին Գալստյանի խոսքով՝ քննարկված ռիսկերի և բարձր անորոշության պայմաններում, հաշվի առնելով գների կայունության նպատակի ապահովման իր հանձնառությունը, ԿԲ խորհուրդը դիտարկել է մի շարք սցենարներ: Ա տիպի, որոնց հիմքում ընկած անորոշությունները, այդ թվում՝ կապված աշխարհաքաղաքական և Հայաստանում հարկաբյուջետային քաղաքականության զարգացումների պայմաններում ՀՀ ռիսկի հավելավճարի և դրանից բխող մակրոտնտեսական ազդեցությունների հետ, պահանջում են շուկայական սպասումների համեմատությամբ քաղաքականության ավելի բարձր տոկոսադրույքների ուղի՝ գների կայունության նպատակի ապահովման համար։

Բ տիպի, այդ թվում՝ կապված ԱՄՆ-ի տնտեսական քաղաքականության շուրջ անորոշությունների երկարատև պահպանման, համաշխարհային տնտեսությունում վստահության նվազման հետևանքով աճի կրճատման և ՀՀ պահանջարկի թուլացման ռիսկերի ձևավորման հետ: Դա ենթադրում է շուկայի սպասումների համեմատ քաղաքականության տոկոսադրույքի ավելի արագ և մեծ չափով նվազման ուղի՝ միջնաժամկետ հորիզոնում պահանջարկը կարգավորելու և գնաճը նպատակային ցուցանիշի շուրջ կայունացնելու համար:

Արդյունքում, արձանագրելով Բ տիպի սցենարների նյութականանալու ավելի մեծ հավանականությունը, սակայն կարևորելով նաև Ա տիպի սցենարներից բխող էական մակրոտնտեսական ազդեցությունների կառավարման անհրաժեշտությունը՝ ՀՀ ԿԲ խորհուրդը որոշել է անփոփոխ թողնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը։

Խորհուրդը կշարունակի մշտադիտարկել տնտեսության զարգացման սցենարները և պատրաստ է ձեռնարկել համարժեք գործողություններ՝ միջնաժամկետ հորիզոնում գնաճի 3% նպատակի և գների կայունության ապահովման համար: 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել