ԱՄՆ-ն Ուկրաինային է տրամադրում ևս 2 մլրդ դոլարի օգնություն, այդ թվում՝ Patriot-ներ |azatutyun.am|
10:17 - 22 դեկտեմբերի, 2022

ԱՄՆ-ն Ուկրաինային է տրամադրում ևս 2 մլրդ դոլարի օգնություն, այդ թվում՝ Patriot-ներ |azatutyun.am|

azatutyun.am: Վաշինգտոնը Կիևին է տրամադրել օգնության նոր՝ 2 միլիարդանոց փաթեթը, այդ թվում՝ գերժամանակակից և գերհզոր Patriot համակարգեր, ինչի մասին հայտարարել է նախագահ Բայդենը Ուկրաինայի նախագահի հետ հանդիպմանը։

Սա Զելենսկու առաջին արտասահմանյան այցն է փետրվարի 24-ից ի վեր։ Մինչ այդ արտասահմանյան առաջնորդների հետ Ուկրաինայի նախագահը կա՛մ Կիևում էր հանդիպում, կա՛մ շփվում էր տեսակապի միջոցով:

«Ուզում եմ, ոչ, ես համոզված եմ, որ մենք միասին հաղթելու ենք այս պատերազմում», - Վաշինգտոնում Միացյալ Նահանգների նախագահի հետ հանդիպմանը հետևած համատեղ մամուլի ասուլիսին հայտարարել է Զելենսկին։

Բայդենը, իր հերթին, ընդգծել է․ որ Ուկրաինան արդեն 300 օր հաջողությամբ դիմադրում է Ռուսաստանի սարսափելի ագրեսիային՝ ուկրաինացիների խիզախության և Արևմուտքի աջակցության շնորհիվ: Միաժամանակ, ԱՄՆ նախագահը պնդել է, թե առաջիկայում Պուտինը զորքերը դուրս չի բերի Ուկրաինայի տարածքից, և պետք է օգնել Ուկրաինային, հավելելով՝ Կիևը պետք է որոշի, թե երբ պետք է նստել բանակցային սեղանի շուրջ։

Զելենսկու հետ հանդիպմանը Բայդենը մի քանի անգամ շեշտել է, որ Վաշինգտոնը կշարունակի ռազմական օգնություն ցուցաբերել Կիևին այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ կլինի:

«Մենք պատրաստվում ենք շարունակել ուժեղացնել Ուկրաինայի ինքնապաշտպանության՝ հատկապես հակաօդային պաշտպանության կարողությունները։ Եվ դա է պատճառը, որ մենք պատրաստվում ենք Ուկրաինային տրամադրել Patriot հրթիռային համակարգեր», - ասել է ԱՄՆ նախագահը:

Միաժամանակ, Բայդենն ընդգծել է՝ Կիևին է տրամադրում ոչ թե հարձակողական, այլ՝ պաշտպանական զենք, հավելելով, որ Միացյալ Նահանգների դաշնակիցները Եվրոպայում ցանկանում են խուսափել Ռուսաստանի հետ ուղիղ առճակատումից, և դա էլ պետք է հաշվի առնել:

Սպիտակ տանը կայացած բանակցություններում ԱՄՆ նախագահը նաև ասել է, որ Ամերիկայի երկու քաղաքական կուսակցությունները՝ դեմոկրատները և հանրապետականները, աջակցում են Կիևին և, Եվրոպայում, Ճապոնիայում և այլուր դաշնակիցների հետ միասին, ցանկանում են համոզվել, որ Ուկրաինան կստանա անհրաժեշտ ֆինանսական, հումանիտար և ռազմական աջակցությունը:

Լուսանկարը՝ Reuters-ի 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել