Երևանի քաղաքապետարանը շենքերի տանիքներին կառուցված ինքնակամ շինությունները քանդելու լիազորություն կստանա․ Ավինյան
 |armenpress.am|
13:34 - 22 դեկտեմբերի, 2022

Երևանի քաղաքապետարանը շենքերի տանիքներին կառուցված ինքնակամ շինությունները քանդելու լիազորություն կստանա․ Ավինյան |armenpress.am|

armenpress.am: Երևանի քաղաքապետի տեղակալ Տիգրան Ավինյանը Կառավարության նիստում անդրադարձավ Երևանի ինքնակամ շինությունների խնդրին: Նա հայտնեց, որ Կառավարությունը նոր կարգավորումներ է մտցնելու, ըստ որի՝ տեղական ինքնակառավարման մարմինները, մասնավորապես՝ Երևանի քաղաքապետարանը, հնարավորություն կստանան իրականացնել ինքնակամ շինությունների քանդման աշխատանքներ։ 

«Հայտնի փաստ է, որ առհասարակ համայնքներում և մասնավորապես Երևան քաղաքում առկա են բազմաթիվ ինքնակամ շինություններ: Երևանի քաղաքապետարանը վերջին շրջանում ավելի ակտիվ իրականացնում է քանդման և մաքրման աշխատանքներ: Նման աշխատանքներ նկատած լինեք հանրային տարածքներում, մայթերին, Օղակաձև այգում, Մերգելյանի այգում։ Վերջերս Պետգույքի հետ համատեղ լավ աշխատեցինք ու մի անճոռնի կրպակ էլ վերացրինք պատկերասրահի կամարների տակից։ Այս աշխատանքներն իրականացվում են համայնքի ղեկավարի լիազորությունների շրջանակներում։ Գաղտնիք չէ, սակայն, որ մինչ օրս օրինակներ կան, երբ քաղաքացիներն ինքնակամ շինություններ են կառուցում բազմաբնակարան շենքերի տանիքներին, մանսարդային հատվածներում։ Այսինքն, կարող ենք տեսնել շենքեր, որոնց տանիքին փոքր շենք կամ տուն է կառուցված։ Եվ այդտեղ քաղաքապետարանի, համայնքի ղեկավարների լիազորություններն ու անելիքը բավական սահմանափակ են եղել։ Այդ կառույցները հաճախ իրականացվում են առանց քաղաքաշինական և սեյսմիկ անվտանգության նորմերի պահպանման և իրականում անմիջական վտանգ են պարունակում հենց այդ կառույցն իրականացնողի և շենքի բոլոր բնակիչների համար»,- ասաց Ավինյանը:

Ավինյանը հայտնեց, որ Երևանի քաղաքապետարանը հանդես է եկել նախաձեռնությամբ՝ առաջարկելով նոր կարգավորումներ, որոնց արդյունքում շենքի կառավարման մարմինը և համայնքը հնարավորություն կստանան իրականացնել ինքնակամ շինությունների քանդման աշխատանքներ։ 

«Սա տրամաբանական է, մանավանդ, որ քաղաքապետարանն ինքն է գնահատում ու որոշում շենքերի հարկայնությունը, խտությունը»,- ասաց Ավինյանը։ 

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ հավելեց, որ եթե որևէ արտակարգ դեպք պատահի, մարդկանց առաջին արձագանքը կլինի, թե՝ «ո՞ւր էր նայում կառավարությունը, քաղաքապետարանը, ինչո՞ւ են անգործություն ցուցաբերում»։

«Պետք է հաստատվի կարգուկանոն, և սա միանգամայն ճիշտ ու կարևոր նախագիծ է»,- եզրափակեց Ավինյանը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել