Թբիլիսիում մեկնարկել է Սաակաշվիլիի ազատազրկումը հետաձգելու հարցով դատավարությունը
 |azatutyun.am|
13:47 - 22 դեկտեմբերի, 2022

Թբիլիսիում մեկնարկել է Սաակաշվիլիի ազատազրկումը հետաձգելու հարցով դատավարությունը |azatutyun.am|

azatutyun.am: Վրաստանի մայրաքաղաքում մեկնարկել է նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի ազատազրկման պատժաժամկետի հնարավոր հետաձգման հարցով դատավարությունը:

«Ինտերֆաքս» լրատվական գործակալության փոխանցմամբ՝ «Վիվամեդ» մասնավոր հիվանդանոցում գտնվող նախկին նախագահն իր հիվանդասենյակից տեսակապով է մասնակցում լսումներին:

Ըստ դատարանի դահլիճից ստացվող կադրերի՝ նա ակնհայտորեն նիհարած և տկարացած տեսք ունի:

Դատավոր Գիորգի Արևաձեն մերժել է Սաակաշվիլիի առողջական վիճակը պարզելու նպատակով նոր ստուգում անցկացնելու՝ Վրաստանի արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության ներկայացրած միջնորդությունը:

Այն բողոքարկել են Սաակաշվիլիի պաշտպանները, ովքեր պնդել են, որ իրավապահները փորձում են ձգձգել դատական գործընթացը, ինչը, նրանց պնդմամբ, չափազանց վտանգավոր է վատառողջ Սաակաշվիլիի համար:

Առաջիկայում դատարանը Միխեիլ Սաակաշվիլիին կընձեռի ելույթով հանդես գալու հնարավորություն:

Սաակաշվիլին անցյալ տարվա ՏԻՄ ընտրությունների նախօրեին՝ սեպտեմբերի 29-ին է ժամանել Վրաստան և հոկտեմբերի 1-ին ձերբակալվել ու փոխադրվել է բանտ, որտեղ երկարատև հացադուլ է հայտարարել:

Դրանից հետո Սաակաշվիլիին Ռուսթավիի բանտից փոխադրել են Թբիլիսիի արվարձանում գտնվող Գլդանիի բանտի հիվանդանոց:

Այս տարվա մայիսի 12-ից նախկին նախագահը գտնվում է «Վիվավեդ» մասնավոր քաղաքացիական հիվանդանոցում:

Վրաստանում նրան մեղադրում են մի շարք հոդվածներով: Սաակաշվիլին հերքում է մեղադրանքը և պնդում, որ քաղաքական հետապնդման է ենթարկվում:

Մի շարք պետությունների նախկին և գործող բարձրաստիճան պաշտոնյաներ ու իրավապաշտպան կառույցներ Թբիլիսիին հորդորում են ազատ արձակել Վրաստանի նախկին ղեկավարին:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել