Չավուշօղլուն հայտնել է Թուրքիայի և Սիրիայի ԱԳ նախարարների միջև բանակցությունների նախապատրաստման մասին |armenpress.am|
17:54 - 03 հունվարի, 2023

Չավուշօղլուն հայտնել է Թուրքիայի և Սիրիայի ԱԳ նախարարների միջև բանակցությունների նախապատրաստման մասին |armenpress.am|

armenpress.am: Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն հայտնել է, որ Անկարան աշխատում է Մոսկվայի հետ Անկարայի և Դամասկոսի արտգործնախարարների միջև ծրագրված բանակցությունների ամսաթվի շուրջ։

Այս մասին հայտնում է թուրքական Sabah թերթը:

«Ռուսաստանն առաջարկեց արտգործնախարարների հանդիպման ժամկետ, բայց դա մեզ հարմար  չէր: Մենք աշխատում ենք ամսաթվերի նոր առաջարկների շուրջ։ Ես ասել եմ, որ եռակողմ հանդիպումները պետք է լավ նախապատրաստվեն, նրանք պետք է սկսեն կենտրոնանալ արդյունքների վրա: Դուք նշանակեք ամսաթիվը և որոշեք, թե ինչ քայլեր են ձեռնարկվելու մինչ այդ ամսաթիվը: Մենք կիրականացնենք նախապատրաստումը։ Հանդիպումներ կանցկացվեն փորձագետների մակարդակով»,-թերթի փոխանցմամբ՝ ասել է Չավուշօղլուն:

«Անելիքներ կան հետախուզության կամ պաշտպանության նախարարների մակարդակով քննարկված հարցերը կոնկրետ քայլերի վերածելու ուղղությամբ։ Դրանք չեն լինելու մեկօրյա կամ տարբեր մակարդակներում անցկացվող մեկանգամյա հանդիպումներ: Չի կարելի ակնկալել, որ Սիրիայի վերաբերյալ բոլոր որոշումները կընդունվեն եռակողմ հանդիպման ժամանակ։ Այս ամենը քայլեր են առաջիկա ժամանակահատվածում զգայուն հարցերի շուրջ վստահության հաստատման և համագործակցության կոնկրետացման ուղղությամբ»,-հավելել է նա: 

Ռուսաստանի, Սիրիայի և Թուրքիայի պաշտպանության նախարարները Մոսկվայում եռակողմ բանակցություններ էին անցկացրել՝ քննարկելու սիրիական ճգնաժամի կարգավորման ուղիները:

Մոսկվայում ռազմական գերատեսչությունների ղեկավարների բանակցությունները Անկարայի և Դամասկոսի միջև 11 տարվա ընթացքում առաջին պաշտոնական բանակցություններն էին:

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել