Շվեյցարիայի Համադաշնության Կանտոնների խորհուրդը կոչ է արել հումանիտար օդային կամուրջ կազմակերպել Երևանի և Ստեփանակերտի միջև
13:03 - 11 հունվարի, 2023

Շվեյցարիայի Համադաշնության Կանտոնների խորհուրդը կոչ է արել հումանիտար օդային կամուրջ կազմակերպել Երևանի և Ստեփանակերտի միջև

«Շվեյցարիայի Համադաշնության Կանտոնների խորհրդի արտաքին քաղաքականության կոմիտեն, մտահոգված Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերություններում տիրող իրավիճակով, դատապարտել է միջազգային իրավունքի խախտումները, որոնք առաջացել են 2022 թվականի դեկտեմբերի 12-ից Լաչինի միջանցքի շրջափակման հետևանքով։

Կոմիտեն կոչ է անում Շվեյցարիայի Դաշնային խորհրդին (ազգային կառավարություն) քայլեր ձեռնարկել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում, որում այն ​​նախագահում է 2023 թվականի սկզբից՝ հասնելու մի կողմից՝ շրջափակման վերացմանն ու ռազմական գործողությունների դադարեցմանը, իսկ մյուս կողմից՝ կազմակերպել հումանիտար օդային կամուրջ Երևանի և Ստեփանակերտի միջև»,- գրել է Շվեյցարիայի Կանտոնների խորհրդի անդամ Կարլո Սոմարուգան:

2022 թվականի դեկտեմբերի 12-ից Ադրբեջանը փակել է Արցախը Հայաստանին կապող Լաչինի միջանցքը, ինչի հետևանքով շրջափակման մեջ է հայտնվել Արցախի 120 000 բնակիչ, այդ թվում՝ 30 000 երեխա։ 1100 քաղաքացիական անձ, այդ թվում՝ 270 անչափահաս, չի կարողանում Հայաստանից վերադառնալ Արցախ։

Շրջափակման պատճառով Հայաստանից ամեն օր 400 տոննա սննդամթերք ու դեղորայք հնարավոր չի լինում հասցնել Արցախ, ինչի հետևանքով առկա է սննդի, դեղորայքի պակաս:

350 հիվանդ չի կարողանում բուժում ստանալ Հայաստանում: 13 երեխա գտնվում է նորածնային և վերակենդանացման բաժանմունքներում, 13 բուժառու՝ վերակենդանացման բաժանմունքում․ 6-ը ծայրահեղ ծանր վիճակում են։ Այս օրերի ընթացքում շտապ բուժօգնության կարիք ունեցող 17 հայ և 4 օտարերկրացի է միայն Կարմիր խաչի միջնորդությամբ տեղափոխվել Հայաստան, իսկ Արցախում բուժօգնության կարիք ունեցող և ծանր վիճակում գտնվող հիվանդներից մեկը մահացել է:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել