Կոչեր տարածած միջազգային կառույցներն իրենց պոտենցիալի քիչ մասն են կիրառում՝ Ադրբեջանի նկատմամբ ճնշումը մեծացնելու համար. Աբրահամյան |armenpress.am|
18:11 - 17 հունվարի, 2023

Կոչեր տարածած միջազգային կառույցներն իրենց պոտենցիալի քիչ մասն են կիրառում՝ Ադրբեջանի նկատմամբ ճնշումը մեծացնելու համար. Աբրահամյան |armenpress.am|

armenpress.am: ՀՀ ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանի գնահատմամբ՝ միջազգային կառույցները, որոնք Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակման  առաջին օրերին հայտարարություններ, կոչեր տարածեցին, այս պահին իրենց պոտենցիալի քիչ մասն են կիրառում՝ Ադրբեջանի նկատմամբ ճնշումները մեծացնելու և իրավիճակի որոշակի հանգուցալուծմանը հասնելու համար: Աբրահամյանը նման տեսակետ հայտնեց ԱԺ հայտարարությունների ժամին:

Պատգամավորը նկատեց՝ անկախ այն հանգամանքից, որ ստեղծված իրադրությունն առաջին հերթին քաղաքական ճգնաժամ է ու ենթադրում է քաղաքական հանգուցալուծում, սակայն, որպես հետևանք՝ Արցախում ստեղծված հումանիտար իրադրությունը գնալով ծայրահեղ բնույթ է ստանում: Կարմիր Խաչի միջազգային կոմիտեն հումանիտար բնույթի տարբեր խնդիրներ է փորձում լուծել՝ հատկապես դեղորայքի և ծայրահեղ ծանր վիճակում գտնվող հիվանդների Հայաստան տեղափոխման հարցում: Սակայն Աբրահամյանը նկատեց, որ ԿԽՄԿ-ի ջանքերը բավարար չեն նույնիսկ նվազագույն խնդիրներ լուծելու համար: «Միջազգային դերակատարները, կառույցները, որոնք առաջին օրերին հայտարարություններ, կոչեր տարածեցին, այս պահին իրենց հնարավորությունների քիչ մասն են կիրառում՝ Ադրբեջանի նկատմամբ ճնշումները մեծացնելու և իրավիճակի որոշակի հանգուցալուծմանը հասնելու համար»,-ասաց  պատգամավորը:

 

Նա նշեց, որ չնայած հարցը քննարկվել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում, որոշ հասցեական հայտարարություններ հնչել են, սակայն որևէ շարունակություն այդպես էլ չի եղել: Ընդդիմադիր պատգամավորը մեղադրեց նաև Հայաստանի իշխանությանը՝ միջազգային դերակատարների, կառույցների հետ հետևողական աշխատանք չտանելու մեջ: Նա անբավարար գնահատեց արտաքին աշխարհի հետ աշխատանքում Հայաստանի իշխանությունների իրականացրած ջանքերը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել