««Խաղաղության» բանակցությունների ավարտի ազդարարման վերաբերյալ Երևանից ու Բաքվից հնչող հայտարարությունների ֆոնին, Ադրբեջանի նախագահը հայտարարել է, որ Հայաստանի նկատմամբ վստահությունը մոտ է զրոյին»,- գրել է «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։
«Հիշեցնելով Փաշինյանի Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում հնչեցրած` «Արցախը Հայաստան է և վե´րջ» ձևակերպումը, Ալիևը նշել է, որ ՀՀ օրվա իշխանությունում այն մարդիկ չեն, որոնց կարելի է հավատալ:
Այն, որ Ադրբեջանից հաճախ է ներկայիս իշխանության նկատմամբ անհարգալից ու արհամարական արտահայտություններ հնչել, գիտեն բոլորը, սակայն երբ դա ասվում է բանակցված ու համաձայնեցված փաստաթղթի պայմաններում, խոսում է այն մասին, որ կողմերը դեռ հեռու են խաղաղությունից:
Չի կարող կողմերի միջև 0-ական վստահության պայմաններում փոխադարձ պարտավորություններ սահմանվել, հատկապես որ չկան միջնորդներ և տեսանելի չէ դրանց պատշաճ կատարման որևէ երաշխիք»,- գրել է Աբրահամյանը։
Հիշեցնենք, որ նախ Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը, իսկ ավելի ուշ ՀՀ ԱԳՆ-ն հայտարարեցին, որ խաղաղության համաձայնագիրը պատրաստ է ստորագրման։
ԱԳՆ-ից նշեցին՝ ՀՀ-ն պատրաստ է Ադրբեջանի հետ սկսել խորհրդակցություններ Համաձայնագրի ստորագրման ժամկետների և տեղի շուրջ։
Հիշեցնենք, որ խաղաղության պայմանագրի շրջանականերում կողմերը չէին համաձայնեցրել երկու կետ. միմյանց նկատմամբ միջազգային հայցերը հետ կանչելու և սահմանին երրորդ երկրների ներկայացուցիչներ չտեղակայելու կետերը։
Բացի այդ, Ադրբեջանը պահանջում է փոխել Հայաստանի Մայր օրենքը՝ խնդրահարույց համարելով նախաբանում հղումը Անկախության հռչակագրին, որում Արցախի ու Հայաստանի միավորման մասին հիշատակում կա։
comment.count (0)