Հայաստանում և Վրաստանում Դանիայի դեսպանը մտահոգված է Լաչինի միջանցքի իրադրությամբ
16:02 - 18 հունվարի, 2023

Հայաստանում և Վրաստանում Դանիայի դեսպանը մտահոգված է Լաչինի միջանցքի իրադրությամբ

Եվրամիությունը մտահոգված է Լաչինի միջանցքում տարածաշրջանային զարգացումներով և կրկնում է Ադրբեջանին ուղղված իր կոչը՝ ամբողջությամբ վերականգնելու ազատ տեղաշարժը: Այս մասին իր թվիթերյան միկրոբլոգում գրել է Հայստանում և Վրաստանում Դանիայի դեսպան Անն Տոֆտ Սորենսենը:

«Եվրամիությունն ավելի ու ավելի է անհանգստանում Հայաստանի վրա մարդասիրական բացասական ազդեցության համար: Ստեղծվում է լարվածություն, որը հակասում է վստահության ամրապնդմանն ուղղված այդքան անհրաժեշտ ջանքերին»,- նշել է դեսպանը։

2022թ․ դեկտեմբերի 12-ից Ադրբեջանը փակել է Արցախը ՀՀ-ին կապող Լաչինի միջանցքը, ինչի հետևանքով շրջափակման մեջ է Արցախի 120 000 բնակիչ, այդ թվում՝ 30 000 երեխա։ 1100 քաղաքացիական անձ, այդ թվում՝ 270 անչափահաս, չի կարողանում ՀՀ-ից վերադառնալ Արցախ։

Հունվարի 17-ին 19 երեխա ռուսական խաղաղապահ զորակազմի ուղեկցությամբ Գորիս-Ստեփանակերտ ճանապարհով վերադարձել է տուն։ 

Շրջափակման պատճառով ՀՀ-ից ամեն օր 400 տոննա սննդամթերք ու դեղորայք հնարավոր չի լինում հասցնել Արցախ․ առկա է սննդի, դեղորայքի պակաս:

10 երեխա նորածնային և վերակենդանացման բաժանմունքներում է, 9 բուժառու՝ վերակենդանացման բաժանմունքում․ 4-ը ծայրահեղ ծանր վիճակում են։ Այս օրերի ընթացքում շտապ բուժօգնության կարիք ունեցող 34 հայ և 4 օտարերկրացի է միայն Կարմիր խաչի միջնորդությամբ տեղափոխվել ՀՀ, իսկ Արցախում հիվանդներից մեկը մահացել է:

Հունվարի 10-ից վթարի պատճառով Արցախում էլեկտրամատակարարումը կատարվում է հովհարային անջատումների չորսժամյա գրաֆիկով։

Ադրբեջանը հունվարի 18-ի առավոտից կրկին խափանել է Հայաստանից Արցախը սնուցող միակ գազատարի աշխատանքը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել