Վառարանը վառելու համար օգտագործվել է արգելված միջոց՝ ավտոբենզին․ Պապիկյանն ու Քյարամյանը մանրամասներ հայտնեցին զորամասում տեղի ունեցած հրդեհից
11:22 - 19 հունվարի, 2023

Վառարանը վառելու համար օգտագործվել է արգելված միջոց՝ ավտոբենզին․ Պապիկյանն ու Քյարամյանը մանրամասներ հայտնեցին զորամասում տեղի ունեցած հրդեհից

Մեկնարկել է կառավարության նիստը։ Գործադիրի անդամները մեկ րոպե լռությամբ հարգեցին այսօր ՊՆ զորամասերից մեկում հրդեհի պատճառով զոհված զինծառայողների հիշատակը։

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը ներկայացրեց նախնական տվյալները՝ կապված զորամասի կեցավայրում հրդեհի դեպքի հետ։

«Նախնական տվյալներով, մասնավորապես Ռազմական ոստիկանության հայտնած տվյալներով հրդեհային անվտանգության կանոնների խախտման արդյունքում տեղի է ունեցել բռնկում, որի ժամանակ օգտագործվել է նաև արգելված միջոց, խոսքը վերաբերում է ավտոբենզինին, որը հնարավոր չի եղել հետագայում ուղղակի մարել»,- նշեց Պապիկյանը։

ՔԿ նախագահ Արգիշտի Քյարամյանը հաստատեց այն, և ասաց, որ դեպքի առթիվ նախաձեռնվել է վարույթ՝ Քրեական օրենսգրքի 532-րդ հոդվածի 4-րդ մասով, այն է՝ շրջապատի համար վտանգ ներակայացնող նյութերի հետ վարվելու կանոնների խախտում, որը անզգուշությամբ առաջացրել է 2 և ավելի անձի մահ։

«Դեպքի վայրում են գտնվում քննչական խմբի անդամները, ովքեր ողջ գիշեր աշխատել են, ներգրավվել են նաև փորձագետներ, և կա նախնական վարկած առ այն, որ հրդեհը տեղի է ունեցել ջեռուցման հետ կապված հարցում անվտանգության կանոնների խախտման պատճառով, դա նախնական վարկածն է, որը այս պահի դրությամբ բավականին հիմնավորվել է»,- հավելեց ՔԿ նախագահը։

Նիկոլ Փաշինյանն էլ հավելեց հետևյալը․ «Մենք պարզում ենք, որ ոչ միայն բենզին է օգտագործվել, այլ վառարանը օգտագործելու համար 5 լիտրանոց տարայով փորձ է արվել բացել, լցնել վառարանի մեջ»։ 

Հիշեցնենք, որ հունվարի 19-ի գիշերը՝ ժամը 01:30-ի սահմաններում, դեռևս չպարզված հանգամանքներում հրդեհ է բռնկվել Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում: Զոհվել է 15 զինծառայող, 3-ի վիճակը ծանր է։ 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել