«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության նախկին պատգամավոր Վահագն Հովակիմյանի՝ ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ ընտրվելուց ավելի քան երեք ամիս անց Ազգային ժողովի ընդդիմադիր «Պատիվ ունեմ» եւ «Հայաստան» խմբակցությունները դեռ քննարկում են նրա ընտրությունը իրավական ճանապարհներով վիճարկելու հարցը։
Հովակիմյանը, հիշեցնենք, այդ պաշտոնին ընտրվել էր 2022 թ․ հոկտեմբերի 7-ին Ազգային ժողովի փակ, գաղտնի քվեարկությամբ։ Նրա թեկնածությունն ու ընտրությունը բուռն քննարկման եւ քննադատության առիթ էին դարձել՝ ի թիվս այլնի, պայմանավորված նաեւ այն հանգամանքով, որ նա մասնակցել էր իր իսկ թեկնածության քվեարկությանը՝ այդպիսով խախտելով «ՀՀ ազգային ժողովի պատգամավորի գործունեության երաշխիքների մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի պահանջները։ Ընդ որում, նրա քվեն վճռորոշ էր եղել ընտրության արդյունքների հարցում, քանի որ նա ստացել էր անհրաժեշտ նվազագույն՝ 65 ձայն։
Ընտրությունից հետո մենք գրավոր հարցմամբ դիմել էինք ԱԺ բոլոր խմբակցություններին՝ խնդրելով հայտնել, թե ինչ դիրքորոշում ունեն Հովակիմյանի սեփական քվեարկությանը մասնակցելու վերաբերյալ եւ արդյոք պատրաստվում են իրավական գործընթաց սկսել։ Հաշվի առնելով, որ նշանակումից հետո մի շարք հասարակական կազմակերպություններ հայտարարությամբ էին հանդես եկել՝ ի թիվս այլնի, խմբակցություններին հորդորելով ԱԺ պատգամավորական էթիկայի հարցերով ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու վերաբերյալ նախագիծ ներկայացնել՝ հարցրել էինք նաեւ՝ արդյո՞ք պատրաստվում են նման նախագիծ ներկայացնել։
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը անպատասխան էր թողել մեր գրավոր հարցումը, իսկ ընդդիմադիր խմբակցությունների ներկայացուցիչները նշել էին, որ քննարկում են իրավական գործընթաց սկսելու հարցը։ Մասնավորապես, «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը, մեր հարցմանն ի պատասխան, տեղեկացրել էր, որ ԿԸՀ-ի նախագահի ընտրության օրինականության հարցը պետք է վիճարկվի ՀՀ բարձր` Սահմանադրական դատարանում, ուստի իրենք աշխատանքներ են տանում համապատասխան դիմումը կազմելու ուղղությամբ, իսկ «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը հայտնել էր, որ իրավական գործընթաց նախաձեռնելու եւ համանման հարցերը գտնվում են քննարկման փուլում, արդյունավետ լուծման հանգելու պարագայում լրացուցիչ կտեղեկացնեն։
Հաշվի առնելով, որ այս պատասխաններից երկու ամիս անց ընդդիմադիր խմբակցությունները լրացուցիչ հայտարարություններով հանդես չէին եկել՝ նախորդ տարեվերջին՝ դեկտեմբերի 23-ին, մենք կրկին գրավոր հարցում ենք ուղարկել։
Մասնավորապես, «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանին խնդրել էինք հայտնել, թե երկու ամիս անց ինչ փուլում են հիշյալ դիմումի նախապատրաստական աշխատանքները, իսկ եթե խմբակցության դիրքորոշումը փոփոխվել է ՍԴ դիմելու հարցում, խնդրել ենք մանրամասնել այդ փոփոխության պատճառները։ «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանին խնդրել ենք հայտնել, թե ինչ վերջնարդյունքի հանգեցին իրենց քննարկումները․ եթե խմբակցությունն ընտրել է իրավական գործընթաց նախաձեռնելու տարբերակը, ապա ինչ գործընթացի մասին է խոսքը, եւ այս ընթացքում ինչ է արվել այդ ուղղությամբ, իսկ եթե որոշել է որեւէ գործընթաց չիրականացնել, ապա՝ ինչ պատճառաբանությամբ։
Խմբակցությունները մեր հարցմանը պատասխանել են օրենքով սահմանված ժամկետների խախտմամբ՝ համապատասխանաբար այս տարվա հունվարի 10-ին և հունվարի 18-ին։
Թագուհի Թովմասյանը հայտնել է, որ նշած հարցով ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցությունում քննարկումները մեր նշած ժամանակահատվածում շարունակվել են, կազմվել է համապատասխան դիմումի նախագիծ․ «Քանի որ համապատասխան որոշումը կոլեգիալ մարմնի՝ խմբակցության տիրույթում է, խնդրում եմ ընդունել ի գիտություն, որ ըստ անհրաժեշտության՝ խմբակցությունը հրապարակայնորեն կանդրադառնա Ձեր բարձրացրած հարցի ուղղությամբ համապատասխան գործընթացի նախաձեռնման հարցին»,- ասված է պատասխանում։
Արծվիկ Մինասյանն էլ նշել է, որ Վահագն Հովակիմյանի թեկնածության առաջադրման եւ «ընտրության» վերաբերյալ «Հայաստան» խմբակցության կողմից տրված գնահատականներն անփոփոխ են․ «Այս ընթացքում անցկացվել են մի շարք քննարկումներ (այդ թվում երկու ընդդիմադիր խմբակցությունների միջև): Բացի մեր կողմից հրապարակայնորեն հնչեցված իրավաքաղաքական գնահատականներից, քննարկվում են նաև դատական կարգով բողոքարկման հնարավորությունները: Դիտարկվում են մի քանի տարբերակներ, մասնավորապես, բողոքը պետք է ներկայացվի վարչակա՞ն թե՞ Սահմանադրական դատարան, այն անհատակա՞ն թե՞ նորմատիվ ակտի վիճարկմանը պետք է վերաբարի և համանման այլ հարցերի շուրջ: Քննարկումները շարունակվում են: Այս պահին չկա վերջնական ընտրված լուծում»,- նշել է Մինասյանը՝ հավելելով, որ արդյունքների մասին լրացուցիչ կտեղեկացնեն։
Միլենա Խաչիկյան
comment.count (0)