Համային և հոտային առանձնահատկություններ ունեցող բրինձն ուղարկվել է լաբորատոր հետազոտության․ Արցախի տեղեկատվական շտաբ
20:02 - 22 հունվարի, 2023

Համային և հոտային առանձնահատկություններ ունեցող բրինձն ուղարկվել է լաբորատոր հետազոտության․ Արցախի տեղեկատվական շտաբ

Համային և հոտային առանձնահատկություններ ունեցող բրնձի տեսակի նմուշը ուղարկված է լաբորատոր հետազոտության․ արդյունքը հայտնի լինելուն պես՝ կհանրայնացվի։ Այս մասին հայտնում են Արցախի տեղեկատվական շտաբից՝ նշելով, որ այն ամբողջությամբ հեռացված է վաճառքի դարակներից։  

«Հայտնում ենք, որ վաճառքի կետերում առկա է միայն բրնձի՝ լուսանկարներում պատկերված տեսականին, ինչը վաճառվում է համապատասխան թույլտվության համաձայն», - նշված է հաղորդագրության մեջ։

Ավելի վաղ Արցախի պետական տեսչությունների կառավարման կոմիտեն  հայտարարություն էր տարածել՝ հայտնելով, որ հունվարի 20-ից ԱՀ պետպահուստից առևտրային օբյեկտներին մատակարարված երեք տեսակ բրնձի մեկ տեսակն ունեցել է համային և հոտային խնդիրներ:


Հիշեցնենք, որ 2022թ․ դեկտեմբերի 12-ից Ադրբեջանը փակել է Արցախը ՀՀ-ին կապող Լաչինի միջանցքը, ինչի հետևանքով շրջափակման մեջ է Արցախի 120 000 բնակիչ, այդ թվում՝ 30 000 երեխա։ 1100 քաղաքացիական անձ, այդ թվում՝ 270 անչափահաս, չի կարողանում ՀՀ-ից վերադառնալ Արցախ։ Հունվարի 17-ին 19 երեխա ռուսական խաղաղապահ զորակազմի ուղեկցությամբ Գորիս-Ստեփանակերտ ճանապարհով վերադարձել է տուն։ 

Շրջափակման պատճառով ՀՀ-ից ամեն օր 400 տոննա սննդամթերք ու դեղորայք հնարավոր չի լինում հասցնել Արցախ․ առկա է սննդի, դեղորայքի պակաս:

13 երեխա նորածնային և վերակենդանացման բաժանմունքներում է, 9 բուժառու՝ վերակենդանացման բաժանմունքում․ 5-ը ծայրահեղ ծանր վիճակում են։ Այս օրերի ընթացքում շտապ բուժօգնության կարիք ունեցող 28 հայ և 4 օտարերկրացի է միայն Կարմիր խաչի միջնորդությամբ տեղափոխվել ՀՀ, իսկ Արցախում հիվանդներից մեկը մահացել է:

Հունվարի 10-ից վթարի պատճառով Արցախում էլեկտրամատակարարումը կատարվում է հովհարային անջատումների չորսժամյա գրաֆիկով։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել