Հայտնի է Թուրքիայում նախագահական ընտրությունների անցկացման օրը
 |armtimes.com|
10:19 - 23 հունվարի, 2023

Հայտնի է Թուրքիայում նախագահական ընտրությունների անցկացման օրը |armtimes.com|

armtimes.com: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ հանրապետությունում նախագահական և խորհրդարանական ընտրությունները տեղի կունենան մայիսի 14-ին։

«Ես կոչ եմ անում մեր երիտասարդության ներկայացուցիչներին, ովքեր առաջին անգամ են մասնակցելու ընտրություններին, ճիշտ ընտրություն կատարել մայիսի 14-ին կայանալիք քվեարկության ժամանակ»,- ասել է Էրդողանը Բուրսայի երիտասարդության հետ հանդիպմանը, հայտնում է TRT-ն։

Էրդողանը նաև հայտնել է, որ մարտի 10-ին հրամանագիր է ստորագրելու մայիսի 14-ին ընտրություններ անցկացնելու մասին։

«Մենք մարտի 10-ին կօգտագործենք մեզ տրված պաշտոնական լիազորությունները, որից հետո կսկսվի ընտրությունների անցկացման համար օրենքով նախատեսված 60-օրյա ժամկետը»,- ասել է Թուրքիայի նախագահը։

Թուրքիայում նախագահական ընտրություններն ի սկզբանե նախատեսված էր անցկացնել հունիսի 18-ին։

Թուրքիայի ղեկավարն ավելի վաղ խոսել էր ընտրությունները  հետաձգելու հնարավորության մասին՝ դրա համար նշելով «սեզոնային պայմանները»։ Նրա գլխավորած «Արդարություն և զարգացում» կուսակցությունը առաջարկել է հետաձգել ընտրությունները՝ կապված հունիսին համալսարանական քննությունների մեկնարկի, ուսանողական արձակուրդների, ինչպես նաև այլ պատճառների հետ:

Իշխող Ժողովրդական դաշինքը, որը ԱԶԿ-ի հետ միասին ներառում է Ազգայնական շարժում կուսակցությունը, ավելի վաղ հայտարարել էր, որ Թուրքիայի գործող նախագահը լինելու է իր միակ թեկնածուն ընտրություններում։ Ընդդիմությունը դեռ չի նշել իր թեկնածուին։

Ընտրությունները հետաձգելու որոշումը կարող է ընդունել Թուրքիայի խորհրդարանը, եթե դրա օգտին քվեարկեն 600-տեղանոց օրենսդիր ժողովի 360 պատգամավորներ։ ԱԶԿ-ն ունի 334 մանդատ և չի կարող ինքնուրույն նման որոշում իրականացնել։ Եթե ընդդիմությունը դեմ քվեարկի ընտրությունների ժամկետի հետաձգմանը, ապա համապատասխան հրամանագիրը կարող է ստորագրել Թուրքիայի նախագահը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել