Դավիթ Տոնոյանը կասկածի տակ է դնում «անպիտան հրթիռների» գործով դատավորի օբյեկտիվությունը
 |azatutyun.am|
11:55 - 25 հունվարի, 2023

Դավիթ Տոնոյանը կասկածի տակ է դնում «անպիտան հրթիռների» գործով դատավորի օբյեկտիվությունը |azatutyun.am|

azatutyun.am: Պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը կասկածներ ունի՝ դատավոր Վահե Դոլմազյանը ոչ օբյեկտիվ է քննում «անպիտան հրթիռներ» անունը ստացած քրեական գործը։ Այդ պատճառով նախկին բարձրաստիճան պաշտոնյան բացարկ էր ներկայացրել դատավորին, սակայն, վերջինս մերժել է՝ անհիմն լինելու պատճառաբանությամբ։

Տոնոյանի պաշտպան Սերգեյ Հովհաննիսյանն ասաց՝ միջնորդության հիմքում մի քանի հանգամանք էր առանձնացրել նախկին նախարարը։

«Դատավորի կողմից չի դրսևորվել հատուկ ջանասիրություն, որպեսզի ապահովվի գործի պատշաճ քննության ընթացքը, որը, ինչպես ներպետական, այնպես էլ Մարդու իրավունքների եվրոպական դատարանով առաջադրված պահանջ է, բացի այդ, նաև վերքաննիչ դատարանն էր այդ հանգամանքին անդրադարձել, որ պետք է առաջին ատյանի դատարանը հատուկ ջանասիրություն ցուցաբերի այս գործի քննության հետ կապված, բացի այդ նշեց, որ առավելապես սուբյեկտիվ պատճառներով Դոլմազյանի գլխավորած դատական նիստերը ձգձգվում են», - ասաց պաշտպանը։

Ավելի քան չորսուկես միլիոն դոլար յուրացնելու համար մեղադրվող պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը հայտարարել է, որ դատական նիստերը դիտավորյալ են ձգձվում, ասաց պաշտպանը։

«Դիտավորյալ են ձգձգվում, քանի որ նպատակ կա առավել երկար ժամանակ պահել կալանքի տակ, որպեսզի կալանավորման միակ հիմքը հնարավորինս ուշ չեզոքացվի, այն է՝ վկաներին ավելի ուշ փուլում հարցաքննեն», - ասաց Սերգեյ Հովհաննիսյանը։

Դավիթ Տոնոյանն արդեն մեկ տարի չորս ամիս կալանավայրում է։ Դատարանը չի բավարարել նրա խափանման միջոցը փոխելու նախորդ երկու միջնորդությունները։

Պաշտպանական թիմը Հակակոռուպցիոն դատարանի դեկտեմբերի վերջին կայացրած որոշումը բողոքարկել է Վերաքննիչ դատարանում։

«Պարզվեց, որ մակագրվել է նույն դատավորին, ում մակագրվել էր նախորդ բողոքը, դատավոր Արմեն Հովհաննիսյանի մասին է խոսքը», - ասաց պաշտպանը։

«Անպիտան հրթիռների» գործով անցնող մյուս 5 մեղադրյալները, նրանց թվում Զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետ Արտակ Դավթյանը և զենքի մատակարար Դավիթ Գալստյանը ազատության մեջ են։

Ըստ մեղադրանքի՝ բարձրաստիճան զինվորականները բանակին զինամթերք մատակարարող Դավիթ Գալստյանից 2018-ին ձեռք են բերել ավելի քան 4 հազար 200 ժամկետանց, տեխնիկական պահանջներին չհամապատասխանելու պատճառաբանությամբ նախկինում չընդունված և Պաշտպանության նախարարությունում պահեստավորված ռազմամթերք, որը հնարավոր չի եղել կիրառել 44-օրյա պատերազմի ընթացքում։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել