Այսօր Ստեփանակերտի բնակչության համար գազի մատակարարումը կվերականգնվի
15:14 - 26 հունվարի, 2023

Այսօր Ստեփանակերտի բնակչության համար գազի մատակարարումը կվերականգնվի

Այսօր՝ ժամը 15։00-ից, Ստեփանակերտի բնակչության համար գազի մատակարարումը կվերականգնվի: Սակայն, հաշվի առնելով  մասնակի գազամատակարարման հանգամանքը, շրջանների գազի մատակարարումը նույն ժամին կդադարեցվի: Նման որոշումը պայմանավորված է էներգետիկ համակարգի մեծ ծանրաբեռնվածությամբ։ Այս մասին հայտնում են Արցախի տեղեկատվական շտաբից։ 

Միաժամանակ տեղեկացնում ենք, որ Ստեփանակերտ քաղաքի գազալցակայանները կշարունակեն աշխատել: 

Խնդրում ենք լինել ուշադիր և պահպանել գազից օգտվելու անվտանգության կանոնները:

2022թ․ դեկտեմբերի 12-ից Ադրբեջանը փակել է Արցախը ՀՀ-ին կապող Լաչինի միջանցքը, ինչի հետևանքով շրջափակման մեջ է Արցախի 120 000 բնակիչ, այդ թվում՝ 30 000 երեխա։ 1100 քաղաքացիական անձ, այդ թվում՝ 270 անչափահաս, չի կարողանում ՀՀ-ից վերադառնալ Արցախ․ 19 երեխա Գորիս-Ստեփանակերտ ճանապարհով վերադարձել է տուն։ 

ՀՀ-ից ամեն օր 400 տոննա սննդամթերք ու դեղորայք հնարավոր չի լինում հասցնել Արցախ։

12 երեխա նորածնային և վերակենդանացման բաժանմունքներում է, 11 բուժառու՝ վերակենդանացման բաժանմունքում, 4-ը՝ ծայրահեղ ծանր վիճակում։ Այս ընթացքում շտապ բուժօգնության կարիք ունեցող 46 հայ և 4 օտարերկրացի է Կարմիր խաչի միջնորդությամբ տեղափոխվել ՀՀ։ Արցախում հիվանդներից մեկը մահացել է:

Էլեկտրաէներգիայի հովհարային անջատումներն իրականացվում են օրական 3 անգամ՝ 2 ժամ տևողությամբ։ Գործում է սննդամթերքի կտրոնային համակարգ։ 

Արցախը շրջափակման մեջ է։

Լուսանկարը՝ Դավիթ Ղահրամանյանի/ գազի բալոնների լիցքավորման հերթ Ստեփանակերտի գազալցակայաններից մեկում


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել